կարևոր
3868 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-16 11:37
Քաղաքական

Ջերմուկն էլ կարող էր գրավել, ասել` վերցրել ենք, որ վերացնենք հայ-ադրբեջանական ժողովուրդների միջեւ դարավոր թշնամանքը․ «Հրապարակ»

Ջերմուկն էլ կարող էր գրավել, ասել` վերցրել ենք, որ վերացնենք հայ-ադրբեջանական ժողովուրդների միջեւ դարավոր թշնամանքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախը տանք, հանգիստ ապրենք» թեզն առաջ տանող ՔՊ-ականներին Ալիեւը շարունակում է հեռահար պատասխանել` չթաքցնելով անսահման ցինիզմը։ Հայաստանի թուլակամ իշխանությունների խեղճուկրակ, ամեն ինչ զիջելու պատրաստ  պահվածքից լկտիացած Ադրբեջանի ղեկավարը կրկին պահանջում է Զանգեզուրի միջանցքը, անկլավները, նույնիսկ Երեւանն ու Ջերմուկն է ադրբեջանական տարածք համարում` խոստանալով վերականգնել պատմական արդարությունը։ Նիկոլ Փաշինյանը միքանիօրյա լռությունից հետո՝ հանգստյան օրերին արձագանքեց Բաքվից հնչող սպառնալիքներին՝ որակելով դրանք  լրջագույն հարված խաղաղության գործընթացին։ Շատերը Փաշինյանի լեքսիկոնում կոշտացում նկատեցին եւ նոր պատերազմի գույժ։

Փաշինյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից 4 անկլավների հարցի բարձրացմանը զուգահեռ, Հայաստանն էլ 32 գյուղերի հարցն է բարձրացնում, հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» տերմինը չկա։ «Զանգեզուր» բառը, իհարկե, եռակողմ հայտարարության մեջ գրված չէ, սակայն Փաշինյանն իր ձեռքով է ստորագրել հաղորդակցությունները բացելու պարտավորությունը, ընդ որում՝ վերահսկողությունը հանձնելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը։ Իսկ հիմա հայտարարում է, թե Հայաստանից ու Ադրբեջանից դուրս կան ուժեր, որոնք խանգարում են խաղաղությանը: Ի դեպ, երեկ այս թեմայով խոսեց նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` վստահեցնելով, որ ոչ մի կտրուկ բան տեղի չի ունեցել։ «Բանակցությունները, փոխանակումը շարունակվում են, եւ դրական առումով կարելի է ասել, որ զարգացում կա, իսկ վարչապետի արձագանքն ավելի շատ կարելի է զարմանք որակել, որովհետեւ հաճախ այդ հռետորաբանությունը դուրս է այն խոսակցություններից, այն փոխանակված փաստաթղթերից, թեզերից, որոնք որ տեղ են գտել: Հետընթաց չկա. զարմանք եւ տարակուսանք կա այն հռետորաբանության վերաբերյալ, որի մասին վարչապետն իր արձագանքը տվեց»,- Փաշինյանի թողած տպավորությունը մեղմեց ԱԺ նախագահը: Նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զարգացման, առաջընթացի մասին է խոսում այն փաստը, որ Ալիեւը հրապարակային չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը թվերով, փոխարենը տարածքային նոր նկրտումներ է դրսեւորում՝ Երեւանը, Ջերմուկը, ողջ Հայաստանը համարելով ադրբեջանական պատմական տարածք։ «Այն, ինչ անում է հարեւան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում: Մենք այսօր կարող ենք խոսել հայելային հռետորաբանության մասին: Այսինքն՝ Ալիեւը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որոնք մենք 30 տարիներին ստեղծել ենք»։

Դիտարկմանը, թե հայկական կողմն ասել է՝ Բաքուն Հայաստա՞ն է, ինչպես Ալիեւն է պնդում, որ «Էրիվանն Ադրբեջան է», Սիմոնյանն արձագանքեց. «Վա՜յ, մենք ասել ենք՝ Նախիջեւանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք էլ ասում էին՝ Սեւանում են թեյ խմելու: Մի խոսքով՝ այդ բառապաշարի մեջ ենք մտել։ Ադրբեջանն ամեն ինչ հայելային է անում: Բայց գործընթաց կա, որ պայմանագիրը կողմերին հավասարաչափ է վերաբերում»: Ըստ էության, իրենց իշխանության դեմ ինքնախոստովանական ցուցմունք տվեց ԱԺ նախագահը՝ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանն է «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության հեղինակը, իսկ ինքն ու իր կուսակիցներն էլ ասում էին` Աղդամը մեր հայրենիքն է։

ԱԺ նախագահը գրեթե փակագծեր բացեց, թե որ երրորդ պետությունն է խոչընդոտում խաղաղության հաստատմանը՝ ակնարկելով Ռուսաստանին․ «Խաղաղության պայմանագրի մասով այն կողմերի համար, որոնք ուզում են Ադրբեջանի վրա լծակ ունենան, Հայաստանի վրա լծակ ունենան, իհարկե, կուզենան առնվազն «լավ միջնորդ» լինել, որ իրենց լծակները երկու երկրների վրա ապահովեն: Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ կարող են եւ պետք է իրենց հարցերը լուծեն, որպեսզի ուրիշների մեծ խաղերի մեջ չլինեն մանրադրամ»:

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ասացինք․ «Արցախը հանձնեցիք, բայց լավ չեք ապրում, ձեր ակնկալած Հայաստանի «կադաստրի վկայականն» էլ չեք ստանում»: Հիշեցրինք նաեւ իշխանականների հայտարարությունները` երբ Արցախը բլոկադայի մեջ էր, ասում էին` չենք միջամտում, քանի որ Ալիեւն այն բացելու դիմաց Զանգեզուրի միջանցքն է ուզում։ «Նախ, մենք Արցախը չենք հանձնել, այն կորցրել ենք, եւ այդ կորուստը ողջ հայ ժողովրդի կորուստն է, յուրաքանչյուրս մեղավոր ենք դրանում, մեկս՝ մի քիչ շատ, մեկը` քիչ»,- ասաց Աղազարյանը: Հարց տվեցինք՝ ձեր մեղքը պարզ է, ո՞րն է իմ մեղքը։ «Որ իմ նման անպետք պատգամավոր ունես»,- անկեղծացավ ՔՊ-ականը: «Ինչ վերաբերում է, որ մենք սպասում էինք, որ Արցախի հարցի լուծումից հետո Ադրբեջանը կդադարեցնի նկրտումները, այդպես չէ։ Ամբողջ աշխարհն էր ասում, որ Արցախն Ադրբեջանի տարածքային մաս է կազմում, մենք չենք հանձնողը, Արցախի հարցը պահում էին օրակարգում, որպեսզի լուծեին Զանգեզուրի կամ այլ հարցերը, որը մենք դիմակայեցինք եւ դիմակայում ենք, ու վստահեցնում եմ՝ դիմակայելու ենք, ու այդ բանը տեղի չի ունենա»,- ասաց ՔՊ-ականը։
Նա նաեւ վստահեցրեց՝ Ադրբեջանը պատերազմով էլ չի կարող վերցնել Զանգեզուրի միջանցքը կամ ՀՀ սուվերեն այլ տարածք․ «Գրավելը միայն զենքով չէ, պետք է դա կարողանաս մատուցել նաեւ աշխարհին»: Բայց մոտ 3 տարի է՝ ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զինուժ է կանգնած՝ Սեւ լճի տարածք, Վարդենիս, Ջերմուկ՝ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 200 քառ․ կմ տարածք։ «Սեւ լիճը վերցրել ա, ասում է՝ մենք ստեղ կարող ա իրանց հողի մեջ ենք, կարող ա իրանց հողի մեջ չենք, սահմանների ճշգրտում կանենք, կերեւա՝ ինչն ինչոց է։ Մարդը շատ քաղաքակիրթ ձեւով բացատրություն է տալիս, ճիշտ է` այն մեր տարածքային ամբողջականությունն է, բայց բացատրություն է տալիս։ Այո, իրավացի եք, Ջերմուկն էլ կարող էր գրավել ու ասել, որ մենք սա արել ենք, որ վերացնենք հայ-ադրբեջանական ժողովուրդների միջեւ դարավոր թշնամանքը, մենք բարեկամներ ենք, եղբայրներ, պիտի միասին ապրենք։ Հիմա էլ, եթե ուժը պատեր, կասեր՝ Բայդեն ջան, մի երեք օրով գնամ մտնեմ Երեւան, էն Հովիկին, Նիկոլին հանեմ, նոր իշխանություն բերեմ, որպեսզի հայ էքստրեմիստները թշնամանք չսերմանեն։ Այս խոսքերը միշտ ասվել է՝ գնամ սրանց կոտորեմ, սենց անեմ, բայց մինչեւ գործողություն անելը պետք է գցեն-բռնեն»։

«Ինչ վերաբերում է կադաստրի թղթին, Ալիեւը չպետք է տա, մենք պետք է դա ձեռք բերենք, բայց ես չեմ բացառում, որ Ալիեւը նոր ոտնձգություններ թույլ տա, եթե բոլորս գնանք` Լոս Անջելեսից սիրենք մեր հայրենիքը, չեմ կարող ասել, թե 20 տարի հետո ինչ տեղի կունենա: Սակայն վստահեցնում եմ, որ այսօր ուժերը հավասար են, իհարկե, ռազմական առումով մենք փոքր-ինչ զիջում ենք, բայց քաղաքական առումով մենք առավել ենք կամ հավասար։ Որովհետեւ աշխարհն ասում էր՝ Արցախն Ադրբեջանի մաս է, իսկ հիմա ասում է՝ Զանգեզուրը մեր տարածքն է»: Աշխարհը ձայն չի հանում Սեւ լճի, Ջերմուկի մասով, վաղը կարող է ասել, որ Զանգեզուրն էլ է Ադրբեջանինը։ «Դե հա, ես չեմ բացառում, ․․․որպեսզի այդ սցենարից հեռու մնանք, պետք է անընդհատ զինվենք»: