կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-24 22:19
Առանց Կատեգորիա

Դատապարտված ենք ապրել թուրք-ադրբեջանական ճնշման պայմաններում

Դատապարտված ենք ապրել թուրք-ադրբեջանական ճնշման պայմաններում

Հայտնի է, որ Իրանը մշտապես բարեկամական հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, սակայն հայտնի չէ, թե Իրանի ներքաղաքական զարգացումներն ինչպես կազդեն տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի վրա: Տարածաշրջանային զարգացման խնդիրների շուրջ «Երկիր»-ի զրուցակիցներն են ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արա ՆՌԱՆՅԱՆԸ եւ «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սեւակ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ:

- Իրանը մշտապես պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ղարաբաղի հարցում: Որքանո՞վ է դա ձեռնտու Հայաստանին: Իրանի դիրքորոշումը, ըստ Ձեզ, որքանո՞վ է հավասարակշռված, եթե հաշվի առնենք իրանցի որոշ գործիչների` Ադրբեջանում արած հայտարարություններն այն մասին, թե Իրանը կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Արա Նռանյան. Իրանի գործոնը տարածաշրջանում դրական դեր է խաղում, որովհետեւ Իրանը ռեալ շահագրգիռ է, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծվի: Չմոռանանք, որ Իրանը միակ պետությունն է, որը ԼՂՀ-ի հետ ընդհանուր սահման ունի, եւ միակ պետությունն է, որն իսկապես ցանկանում է, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն` առանց օտարերկրյա միջամտության, առանց պատերազմի եւ զինված բախումների: Իրանի այս դերի գիտակցումը որեւէ ձեւով չպետք է նսեմացնի ԵԱՀԿ ՄԽ-ի նշանակությունը կարգավորման գործում: Իրանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցությունը խոր արմատներ ունի եւ կախված չէ իշխանության այս կամ այն անձի փոփոխության հետ: Անկախության շրջանում թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում իշխանություն է փոխվել, սակայն երկու երկրների հարաբերություններում որեւէ փոփոխություն, հատկապես` վատթարացման ուղղությամբ, չի նկատվել: Իհարկե, Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները նաեւ Իրանի շահերից են բխում. շրջապատված լինելով ոչ այնքան բարիդրացիական տրամադրություն ունեցող երկրներովՙ Իրանը շահագրգռված էՀայաստանի պես կայուն հարեւան ունենալ: Սեւակ Սարուխանյան. Իրանի դիրքորոշումը մեզ համար դրական է, բայց մենք պետք է հրաժարվենք միջնորդությունից: Իրանն այդ միջնորդության շնորհիվ ամեն ինչ անելու է, որ հասնի ստատուս քվոյի: Հայաստանին ձեռնտու չէ Իրանի միջնորդությունը. եթե մենք ընտրում ենք Իրանին որպես միջնորդ, ապա պաշտոնապես հրաժարվում ենք այն մոտեցումից, որ հայ-ադրբեջանական կարգավորման միակ պաշտոնական միջնորդը ԵԱՀԿ ՄԽ-ն է, այն, ինչից այսօր Ադրբեջանն ուզում է հրաժարվել` ներքաշելով այլ կողմերի: Իրանի առաջարկությունը մեր կողմից կլինի համապատասխան հիմք, որպեսզի ընդգրկվեն այլ միջնորդներ եւս, ինչը կբերի Մինսկի խմբի ձեւաչափի մենաշնորհային դիրքի ոչնչացմանը: Այդ տեսակետից, իմ կարծիքով, Հայաստանը պետք է հրաժարվի միջնորդությունից: Նաեւ պետք է իրանական կողմին անպայման տեղյակ պահի բանակցությունների ընթացքի մասին, քանի որ Իրանին այդ բանակցությունները շատ են անհանգստացնում: Իրանական կողմը պետք է միշտ տեղեկացված լինի, որ այդ բանակցությունների արդյունքում իրեն սպառնացող որեւէ վտանգ չկա: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա Ադրբեջանում Իրանի դեսպանը կհայտարարի, որ իրենք կողմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Հայաստանում Իրանի դեսպանը կհայտարարի, որ իրենք կողմ են ազգերի ինքնորոշման իրավունքին, ու այդպես շարունակ: Դա Իրանի իրական քաղաքականության հետ որեւէ ընդհանրություն չունի: Նա արեւելյան պետություն է, խոսքերն այնքան էլ կարեւոր չեն, կարեւորը գործն է, իսկ այսօր Իրանը ոչ մի բան չի անում, որպեսզի վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա: Իրանը մոտակա տարիներին ամեն ինչ անելու է ֆորմալ առումով լավ մակարդակի վրա պահելու իրանա՟ադրբեջանական հարաբերությունները, որպեսզի հակաիրանական քայլեր այնտեղ չլինեն, բայց, դրա հետ մեկտեղ, ստվերային մակարդակով Իրանն էլ ավելի է մխրճվելու Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների մեջ` հիմնական ջանքերն ուղղելով նրան, որ Ադրբեջանում ձեւավորվի իսլամական կրոնական ընդդիմություն:

- Այսօր Հայաստանը փաստացի դուրս է մնացել տարածաշրջանային կոմունիկացիոն հզոր նախագծերից: Կարո՞ղ ենք ակնկալել, որ մի օր Հայաստանը կընդգրկվի այդ նախագծերում:

Ա. Ն.- Հայաստանին տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման ենթարկելու ծրագիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականություն է, որը սկիզբ է առնում դեռեւս խորհրդային տարիներից, երբ, 88թ. ղարաբաղյան շարժումից հետո, Ադրբեջանն սկսեց օգտագործել տրանսպորտային շրջափակման իր լծակը` Հայաստանի եւ ԼՂ-ի վրա ճնշում գործադրելու համար: Անկախության ձեռքբերումից հետո այդ քաղաքականությանն ավելացվեցին նոր գործիքներ` Թուրքիայի կողմից հայտարարված շրջափակումը եւ տրանսպորտային ուղիների արգելափակումը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ Վրաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելու հանգամանքը: Ադրբեջանը եւ Թուրքիան ի սկզբանե տրամադրված են եղել տրասնպորտային, էներգետիկ ուղիներն անցկացնել` շրջանցելով ՀՀ-ը, եւ դա դիտել են որպես Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման կարեւորագույն գործիք: Նրանք չեն էլ թաքցրել, որ այդ միջոցով ակնկալում են Հայաստանից քաղաքական զիջումներ կորզել, եւ ցավալի է, որ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք նման ճնշումների ենթարկվում են եւ, կարծես թե, դեմ չեն այդ զիջումներին գնալ: Միամտություն կլինի կարծել, որ այդ երկու երկրները, որոնք վարում են բացահայտ հակահայկական քաղաքականություն, կկատարեն այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը: Մենք պետք է պատրաստ լինենք ապրել, աշխատել եւ զարգանալ թուրք-ադրբեջանական ճնշման պայմաններում: Ինչ վերաբերում է Իրանին, ապա հասկանալի է, որ նա սահմանափակ հնարավորություններ ունի ազդելու այս երկու թուրքական երկրների գործողությունների վրա, սակայն փաստ է, որ Իրանն ի սկզբանե վարել է շատ հավասարակշռված քաղաքականություն եւ երբեք չի կատարել այնպիսի քայլեր, որոնք կվտանգեն Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակը: Կարծում եմ, որ Իրանի հետ հետագա համագործակցությունը նոր եզրեր կարող է բացել: Ավտոմայրուղի, գազատար, նավթամուղ եւ երկաթգիծ. եթե մենք կարողանանք այս չորս ծրագրերն էլ ավարտին հասցնել, ապա ոչ միայն կկարողանանք ճեղքել թուրք-ադրբեջանական շրջափակումը, այլ նաեւ շահագրգիռ կողմ կունենանք` ի դեմս Վրաստանի:

Ս. Ս.- Իրավիճակը սկզբունքորեն չի փոխվել նրանից, ինչպիսին եղել է 94-95թթ., երբ Ադրբեջանում ստորագրվեց «դարի» պայմանագիրը, երբ սկսվեցին բանակցություններ հիմնական կոմունիկացիոն նախագծերի շուրջ: Ակնհայտ էր, որ Հայաստանն այնտեղ չի լինելու: Հայաստանում, ցավոք, տարածված է այն կարծիքը, թե Ղարաբաղի հարցի լուծումից հետո Հայաստանը կդառնա այդ նախագծերի մասնակից. դա թյուր կարծիք է։ Նման բան տեղի չի ունենա, քանի որ բոլոր ենթակառուցվածքային նախագծերն արդեն գծված են, հսկայական միլիարդներՙ ներդրված, եւ սպասել, որ Հայաստանը մի օր ներքին կամ արտաքին փոփոխությունների պատճառով կդառնա Բաքու-Ջեյհանի, Ղարս-Ախալքալակ-Թբիլիսիի մասնակից եւ այլն, նման բան չի լինի: Ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանային գործընթացներից որոշակիորեն դուրս: Խոշորագույն տնտեսական նախագծերի զարգացման տեսանյունից Հայաստանն անմիջականորեն կապված է Իրանի, ներդրումային առումով` Ռուսաստանի հետ: Բնականաբար, որեւէ ընդհանրություն չունենք Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռամիասնության հետ: Եվ այդ իրավիճակը չի փոխվելուՙ անցնի 20, թե 30 տարի. Հայաստանը լինելու է պետություն` կապված Իրանի եւ Ռուսաստանի հետ: Մենք պետք է տարածաշրջանային զարգացման խնդիրները` տրանսպորտային եւ էներգետիկ, բխեցնենք այն սկզբունքից, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական սահմանները փակ կլինեն դեռեւս 50 տարի: Բոլոր նախագծերը, որ մշակվում են, պետք է ուղղված լինեն այդ իրականությանը. միջոցներ, ճանապարհներ Իրանի, Վրաստանի հետ:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ