Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միայն Թուրքիայում է, որ քաղաքացու ինքնությունն ազգային անվտանգության խնդիր է, այդ պատճառով էլ բնակչության մատենավարությունը գաղտնի էր պահվում մինչ օրս. գրում է բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականը՝ անդրադառնալով թուրք քաղաքացիների ծագումնաբանական տվյալների բացահայտմանը, որի համար ստեղծված կայքը մեծ արձագանք էր առաջացրել:
Ռոբերտ Ֆիսկի հոդվածում ուշագրավ անդրադարձ է արվում նաև «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին, ով դեռևս 2003-ին բարձրացրել էր հարց, թե թուրքական իշխանությունները գաղտնի կոդավորում են փոքրամասնություններին: «Նա սեփական խմբագրության դիմաց սպանվեց 2007 թվականին»,- միջանկյալ հիշեցնում է պարբերականը՝ շարունակելով ուշադրության արժանացել արմատների մասին տեղեկացնող թուրքական կայքէջը:
«Հայկական Սփյուռքը, որը կազմում է 11 միլիոն և ապրում է Թուրքիայից ու հենց Հայաստանից դուրս, և որի ներկայացուցիչների արմատները ձգվում են մինչև 1915 թվականի Ցեղասպանության զոհերը, առաջինն էր, որ հասկացավ դեռևս 1800-ականներից ստեղծված ռեգիստրի նշանակությունը: Մինչև չորս միլիոն թուրք քաղաքացիներ 48 ժամվա ընթացքում հայտնաբերել են իրենց ընտանիքի ծառը, ինչի հետևանքով էլ խափանվել է համակարգը: Ըստ հայ ժողովրդագրագետ Ջորջ Աղջայանի՝ ութ միլիոն թուրք համակարգում իր նախնիներին է որոնել: Դա Թուրքիայի ամբողջ բնակչության 10 տոկոսն է»,- գրում է լրագրողը:
Նրա խոսքով՝ թուրքերի մեծամասնությունը հայի, հույնի կամ հրեայի սերունդ են գոնե ծնողներից մեկի գծով, սակայն փաստն այն է, որ նրանք դեռևս այդ մասին չգիտեն:
«Մինչև սուլթան Էրդողանի՝ հեղաշրջման փորձից հետո հաստատած ինքնակալությունը, հազարավոր թուրքեր, թեև նեղ շրջանակներում, ազատ խոսում էին իրենց ազգակցական կապերի մասին: Նրանք գիտեին, որ հայերի զանգվածային սպանությունների և բռնաբարությունների ժամանակ քրիստոնյա ընտանիքներից շատերը փրկություն էին գտնում` իսլամ ընդունելով: Տասնյակհազարավոր հայուհիների ամուսնացրել են թուրքերի և քրդերի հետ: Նրանց զավակները մեծացել են որպես մուսուլման և համարել իրենց թուրք՝ երբեմն անգամ իմանալով իրենց կեսհայկական արմատների մասին: Տասնյակհազարավոր հայ որբեր մահմեդական դպրոցներ են ուղարկվել և իրենց թուրք են համարել, ստիպված են եղել խոսել թուրքերեն ու փոխել անունները»,- նշում է հեղինակը՝ ներկայացնելով նմանատիպ օրինակներ:
«Գուցե երկու մլն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դատապարտված են հավատալու, որ Ցեղասպանություն երբեք չի եղել»,- եզրափակել է Ֆիսկը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության` բնակչության և քաղաքացիության հարցերի գլխավոր վարչության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքում քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել տեղեկություններ ստանալու նախնիների մասին և կազմելու իրենց տոհմածառերը:
Մանրամասները՝ այստեղ: