Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սյունիքի մարզում գովազդի մեկ րոպեի համար վճարվող ամենաբարձր գինը Կապանի «Սոսի» հեռուստաընկերությունում է: Հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպմանը հեռուսատընկերության տնօրեն Վահե Սարգսյանը նշեց, որ սակայն դա առանձնապես եղանակ չի փոխում հեռուստաընկերության ֆինանսական ապահովվածության հարցում, քանի որ առհասարակ մարզային հեռուստաընկերությունները գովազդային միջոցներով գոյատեւել չեն կարող: Եվ այս պատճառով էլ «Սոսին» աշխատում է հովանավորչության շնորհիվ` Քաջարանի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից տրվող միջոցներով.
«Հնարավոր կլինի աշխատել, եթե գովազդային բլոկի լրիվ վաճառք իրականացվի, բայց մենք գտել ենք, որ ավելի լավ է հովանավոր ունենալ, քան կախում ունենալ առանձին-առանձին մարդկանցից»,- Վ. Սարգսյանը հավելեց, թե կոմբինատը պատկանում է գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը, դրա տերերը հայաստանցի չեն եւ ներքաղաքական անցուդարձին չեն մասնակցում, ինչը թույլ է տալիս որոշակիորեն հավասարակշռված լրատվություն հաղորդել:
Հովանավորչությունը հեռուստաընկերությանը թույլ է տալիս չունենալ կոմերցիոն բաժին եւ զբաղվել արտադրանքի վաճառքով. եթե ընկերությունը դառնա կոմերցիոն, ապա ավելի անկախ կլինի, սակայն ֆինանսապես անապահով:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կարողանում են ազատորեն լուսաբանել մարզում եղած բնապահպանական խնդիրները, եթե հեռուստաընկերության հիմնական գովազդատուն կոմբինատն է, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ, ի տարբերություն մարզի մյուս հանքարդյունաբերական ընկերությունների, Քաջարանի կոմբինատը վճարում է պետական հարկերը, ապահովագրում է իր աշխատակիցներին, չունի խնդիրներ պետության հետ` շրջակա միջավայրը աղտոտելու հետ կապված:
«Երկիր»-ի այն հարցին, թե արդյո՞ք ազատ լինելու իմիտացիա չեն ստեղծում, քանի որ այնուամենայնիվ բիզնեսն ու քաղաքականությունը միմյանցից բաժանել չես կարող, եւ թե արդյո՞ք չկան թեմաներ, որոնց վրա տաբու է դրված, Վահե Սարգսյանը պատասխանեց, թե չկան, նաեւ իրենց վրա ճնշում չեն զգում: Ընկերությունը հիմնականում լրատվական հաղորդումներ է թողարկում (օրական ութ անգամ), թեեւ կան նաեւ ժամանցային եւ այլ հաղորդումներ:
Անդրադառնալով գրաքննության խնդրին եւ դրա արդյունքում նույնիսկ լրատվամիջոցի փակվելու հարցին, տնօրենը պատասխանեց. «Գրաքննության չենք հանդիպել, սակայն կա այն գիտակցումը, որ կարող ես այս երկրում ենթարկվել գրաքննության: Մի բան պարզ է. եթե իմանամ, որ մի բառ ասելուց հետո իմ կայանը փակվելու է, չեմ ասի, քանի որ դրանով ոչ միայն օգուտ չեմ տա, այլեւ կվնասեմ: Իսկ այդ նույն ինֆորմացիան կփորձեմ հասանելի դարձնել մեկ այլ ձեւով»:
«Սոսին» ներկայումս 100 հազար լսարան ունի եւ հնարավորություն կա նաեւ լսարանի թիվը մեծացնել եւս 50 հազարով:
Հարցին, թե որքա՞ն գումար են ստանում կոմբինատից, տնօրենը պատասխանեց, որ անցյալ տարվա տվյալներով ամեն ամիս 2.5 միլիոն դրամ են ստացել, իսկ ամբոջղական բյուջեն կազմել է 3.2-3.5 միլիոն դրամ:
Մոտ քսան աշխատակից ունեցող մարզային այս հեռուստաընկերության ամենամեծ խնդիրը ներկայումս կադրերի պակասն է. այստեղ չկան համապատասխան մասնագիտական ուսհաստատություններ, իսկ քաղաքում կրթվածները հետ չեն վերադառնում: Կադրերին հենց իրենք ընտրում են, պատրաստում, հետո աշխատանքի ընդունում: Վ. Սարգսյանը նշում է, որ իրենց մոտ թրծված կադրերից ներկայումս աշխատում են մայրաքաղաքի հայտնի հեռուստաընկերություններում:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կապան