Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ինտերնետի շուկայում առաջիկայում նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Որոշ տեղեկություններով` ռուսաստանյան երեք ընկերություններ քննարկում են GNC-Alfa հայաստանյան մագիստրալային օպերատորի ձեռքբերման հնարավորությունը։
GNC-Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, սակայն, ասում է, որ իր ունեցած տեղեկություններով` ժամանակ առ ժամանակ բաժնետերերը քննարկումներ են վարում ռազմավարական ներդրողների հետ։
«Կոմերսանտ» թերթը գրել է, որ GNC-Alfa-ն գնահատվել է 50-60 մլն դոլար, իսկ ընկերության բաժնետերերը ռուսական ՄՏՍ-ին, «Ռոստելեկոմին» և «Տրանստելեկոմին» ուղարկել են առաջարկներ։ Թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել է, որ հայկական ընկերության ձեռքբերման համար կարող է հայտ ներկայացնել նաև France Telecom-ը:
Նշենք, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խաղորդները փաստում են, որ թեև GNC-Alfa-ն հանդիսանում է Հայաստանի երեք մագիստրալ օպերատորներից մեկը, և ունի ելք դեպի Իրան և Վրաստան ու ապահովված է երեք միջազգային կապուղիներով. մեկը` հարավում, երկուսը` հյուսիսում, այդուհանդերձ ընկերության արժեքը գերագնահատված է։
Բիզնեսի ընդլայնման տեսակետից GNC-Alfa-ի ձեռքբերումն առաջին հերթին ձեռնտու է «Ռոստելեկոմին»։ Ռուսական այս ընկերությունը դեռևս անցած տարի GNC-Alfa-ի հետ համաձայնագիր էր ստորագրել ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո ծառայություններ մատուցելու մասին: Համաձայնագիրը նախատեսում է հայաստանյան հաճախորդներին «Ռոստելեկոմի» այնպիսի ծառայությունների տրամադրում, ինչպիսին են IP-տարանցումը, կորպորատիվ հաճախորդների համար ինտերնետային կապը և կապուղիների վարձակալությունը:
«Ռոստելեկոմը» ներկայումս հանդիսանում է նաև GNC-Alfa-ի թե՛ հյուսիսային, թե՛ հարավային ուղղությունների տրանզիտային պրովայդերը, այսինքն՝ Հայաստան ներկրվող ինտերնետը ձեռք է բերվում «Ռոստելեկոմից»։ Ռուսական այս ընկերությունը ձեռք բերելով՝ հայկական ընկերությունը նախևառաջ կընդլայնի իր ցանցը։ Այսօր ընկերությունը կապի ծառայություններ է մատուցում ռուսական ու միջազգային օպերատորներին և ցանցային ուղիղ միացում ունի 150 այլ ցանցերի հետ 70 երկրներում և հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցում շարժական և ամրակցված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության ծառայություններ մատակարարող 600 ընկերություններին։
Թեև «Ռոստելեկոմը» ցուցակված է բորսայում, ընկերության բաժնետոմսերի 76,62%-ը կենտրոնացած է երեք ընկերությունների ձեռքում՝ «Սվյազինվեստ» (43,37%), «Ազգային հաշվարկային դեպոզիտարի» (21,07%), «Դեպոզիտար-քլիրինգային ընկերություն» (12,18%): GNC-Alfa-ն ռուսական ՄՏՍ-ին ավելի քիչ է հետաքրքիր, քանի որ ՄՏՍ-ի հայկական դուստրը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, GNC-Alfa-ի հետ 2009թ. նոյեմբերին ստորագրել էր պայմանագիր, ըստ որի՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք է բերում օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցում։
Ըստ էության, մանրաթելերի ձեռքբերումով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բաժանորդներին մատուցում է սեփական ուժերով ներկրված ինտերնետ, և ողջ մալուխի ձեռքբերումը ՄՏՍ-ին ըստ էության որևէ բան չի տա։ Հայաստանի մեկ այլ օպերատոր՝ France Telecom-ի դուստրը «Օրանժ Արմենիան», շուկա մտավ (2009թ. նոյեմբերի 5) նախապես արդեն GNC-Alfa-ից մալուխ ձեռք բերած և բաժանորդներին նույնպես մատակարարում է սեփական ինտերնետը: Այս տեսակետից ֆրանսիական ընկերությունը հայաստանյան բիզնեսի տեսակետից նոր օպտիկամանրաթելային մալուխի ձեռքբերման խնդիր չունի։ Թեև Հայաստանի ինտերնետի շուկան բավական արագ տեմպերով է զարգանում, շուկայի գրեթե բոլոր հիմնական խաղորդները՝ երեք բջջային օպերատորները, ինտերնետ են ներկրում սեփական ուժերով, և ըստ էության ինտերնետի մեծածախ շուկան քիչ գրավիչ է։
Նաև պետք է հիշել, որ Հայաստանում 2010-ից ինտերնետի մեծածախ գինը, որի հիմքում դրված է շահութաբերության 15% մակարդակ, կարգավորվող է: Նման շահութաբերությունը, ըստ շուկայի խաղորդների՝ այնքան էլ գրավիչ չէ։ Բացի այդ՝ անցած տարի «ԱրմենՏելի», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և «Օրանժ Արմենիայի» ագրեսիվ գործողություններն ինտերնետ հասանելիության բնագավառում, ինչպես նաև Ucom-ի ընդարձակումը ամենայն հավանականությամբ հանգեցրին նրան, որ մագիստրալ մեկ այլ պրովայդերի՝ FiberNet Communications-ի սեփականատերերը որոշեցին անցած տարի դեկտեմբերին 100% բաժնեմասը վաճառել ADC Holding AS-ին։ Վերջինս հանդիսանում է Հայաստանի ինտերնետի մանրածախ շուկայում ծառայություններ մատուցող ADC ընկերության բաժնետերը։