կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 11:42
Հասարակություն

Պարեկ դառնալու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը․ Նիկոլ Փաշինյան

Պարեկ դառնալու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ ամսից Շիրակի և Լոռու մարզերում կգործարկվի պարեկային ոստիկանական ծառայությունը, սա մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է։ Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն գիտեք, որ հուլիսից Երևանում գործում է պարեկային ոստիկանությունը, և պետք է ընդգծել, որ պարեկային ոստիկանության գործունեության արդյունքները գոհացուցիչ են։ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, և մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ, չնայած առկա տեխնիկական թերություններին, այդ բարեփոխումն իրեն արդարացրել է։

«Հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն է ներդրվելու Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։ Ես հիմա ուզում եմ այս ամբիոնից տեղեկացնել, որ պարեկային ոստիկանություն ծառայության անցնելու համար նախկինում ոստիկանությունում աշխատած լինելը պարտադիր չէ։ Ավելացնեմ, որ պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը, թեև ամենևին չեմ թերագնահատում կրթական հատվածը։ Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է այդ հավակնությունը ցուցաբերել։ Մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում և դրանից հետ անցնում են աշխատանքի»,– ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց, որ կանայք ավելի ակտիվ մասնակցեն պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու գործընթացին։