կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-13 01:49
Տնտեսական

Վարկերն անիմաստ վատնել են

Վարկերն անիմաստ վատնել են

Հարկավոր է հրաժարվել Համաշխարհային բանկի վարկային միջոցները տեխնիկական օժանդակության համար օգտագործելուց. անդրադառնալով Վերահսկիչ պալատի ներկայացրած ստուգումների արդյունքներին, որոնք վերաբերում են կառավարության աշխատակազմի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տարածքային կառավարման եւ էկոնոմիկայի նախարարությունների տիրույթում գտնվող խնդիրներին, այսօր կառավարության նիստի սկզբում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց, որ, ըստ ուսումնասիրությունների, նախարարությունների համապատասխան հանձնաժողովներն աշխատում են շատ ձեւական եւ բովանդակության համար բացարձակապես պատասխանատվություն չեն կրում: Խոսքը, մասնավորապես, Համաշխարհային բանկի տրամադրած վարկային ծրագրերի ոչ ճիշտ կառավարման մասին է:

«Մրցույթի հայտարարման ժամանակ ֆորմալ առումով բոլոր պրոցեդուրաները պահպանվում են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսպիսի ֆորմալ մոտեցման պարագայում մենք ձեռք ենք բերում սարքավորումներ եւ ծառայություններ անընդունելի բարձր գներով,- ընդգծեց վարչապետը:- Ֆորմալ առումով բոլորը ճիշտ են, ոչ մեկը ոչ մի չարաշահում թույլ չի տալիս, բայց Վերահսկիչ պալատը մի քանի վարժություն է արել. օրինակ` ձեռք ենք բերել սարքավորումներ` Ստանդարտների ինստիտուտի համար: Պարզվում է, որ նմանատիպ սարքավորումներ կարելի է ձեռք բերել առնվազն երկու անգամ ավելի էժան, եւ եթե մեր հանձնաժողովի նախագահները մասնագետներ են, ապա այդ մասնագետներն իրավունք չունեն այդպիսի մրցույթի արդյունքները բերել մեր հաստատմանը` այն պարզ պատճառաբանությամբ, որ այդ ծառայությունը կամ այդ ապրանքը շատ թանկ է մեզ առաջարկվում, մանավանդ, որ մենք դա ձեռք ենք բերում վարկային միջոցների հաշվին»:

Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը պետք է փոխի մոտեցումն այս հարցում. հանձնաժողովները պետք է պատասխանատվություն կրեն նաեւ մրցույթի բովանդակության համար: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի գյուղատնտեսության նախարարության համապատասխան մասնագետները պատժվեցին հենց նույն ֆորմալիզմի համար: Այժմ նմանատիպ պրոբլեմ է առկա Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի գծով:

Տ. Սարգսյանը նշեց, որ, ըստ ՎՊ-ի ուսումնասիրությունների, վարկային միջոցների հաշվին կառավարությունը ձեռք է բերում ոչ միայն սարքավորումներ, այլ նաեւ ծառայություններ. գալիս են փորձագետներ, գրում են հաշվետվություններ, տալիս են խորհուրդներ, պատրաստում են օրենքի նախագծեր, որոնք, սակայն, ապագայում չեն կիրառվում:

«Մենք այսօրվանից պետք է հրաժարվենք վարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանալուց»,- նշեց վարչապետը` բոլոր նախարարություններին հանձնարարելով վերանայել իրենց վարկային ծրագրերը Համաշխարհային բանկի հետ, եւ այնտեղ, որտեղ կան տեխնիկական օժանդակության խնդրանքներ, հանել ծրագրից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին հանձնարարվեց ծառայողական քննություն իրականացնել ՎՊ-ի բացահայտումների հիման վրա:

Լրագրողների հետ զրույցում Ա. Գրիգորյանը հաստատեց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին որոշակի ծառայությունների գնում է կատարվել`տեղեկացնելով, որ Վերահսկիչ պալատի ստուգումները վերաբերել են 2006-2009թթ.:

«ՎՊ-ի կողմից վերահսկողության արդյունքները ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ այդ թվականների ընթացքում մատուցվել են ծառայություններ, որոնք հետագայում չեն կիրառվել, այսինքն` ոչ արդյունավետ ծախսեր են տեղի ունեցել: Մեզ մոտ ապրանքի գնում չի եղել, խոսքը վերաբերում է հիմնականում ծառայությունների մատուցման գնումներին»,- նշեց Ա. Գրիգորյանը: