կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 12:18
Քաղաքական

Մեր երկիրը չի կարող վատնել որևէ կենսունակ ռեսուրս. Թանդիլյանը՝ ընդդիմադիր ուժերի հետ աշխատանքի մասին

Երեկ «Լուսավոր Հայաստանի» խորհրդի նիստի քննարկման առարկաները տարբեր էին: Այդ թվում էր նաև համավարակի դեմ պայքարը որպես առաջնահերթություն, և այն ճանապարհային քարտեզը, որով պատրաստվում ենք քաղաքական պատասխանատվության ենթարկել բոլոր այն պատասխանատուներին, ովքեր ձախողել են համավարակի դեմ պայքարը, որի արդյունքում ունենք այն պատկերը և մարդկային կորուստները, որոնք այսօր արձանագրում ենք: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, նշելով, որ ինչքան էլ սա կառավարության գործողությունների կամ անգործության արդյունք է, նրանք պիտի այսօր կարողանան հաղթահարել համավարկը, որից հետո հնարավոր կլինի քննարկել այլ առաջնահերթությունները:

«Այնքան սերմանվեց անլրջություն, որ հիմա չենք կարողանում քաղաքացիներին համոզել ու բացատրել, որ սա լրջագույն խնդիր է՝ պետք է կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն և անդադար չհարցնել՝ արդյոք դա օգնում է: Եթե անգամ չի օգնում, ապա նվազեցնում է, այդ հարցի մասին պետք է մտածել՝կիրառելով, քանի որ այսօր այդ լուծումն է, որ տրված է: Քանի որ մինչև կպարզեին, թե կորոնավիրուսն ում շունն է, այն եկավ հասավ բոլորիս: Մեր հայրենակիցներին խնդրում եմ՝ լուրջ վերաբերվել այս իրավիճակին»,-նշեց պատգամավորը:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ ՀՅԴ-ն արտակարգ նիստի պահանջ է ներկայացրել, իսկ ԲՀԿ-ն էլ քաղխորհրդի նիստ է հրավիրել, Մանե Թանդիլյանը պատասխանեց. « «Լուսավոր Հայաստանի» համար «Բարգավաճ Հայաստանի» հնչեցրած որևէ թեզ չկա, որի մասին մենք չենք խոսել: Երբ մեզ վրա ԱԺ-ում հարձակում տեղի ունեցավ և քաղաքական մշակույթը տապալվեց, մենք հայատարարել ենք, որ «Լուսավոր Հայաստանը» այն ուժն է լինելու, որը հաջորդ իշխանությունն է լինելու, հետևաբար, կոնսոլիդացիայի կենտրոն տեսնում ենք նաև «Լուսավոր Հայաստանը»:

Իսկ ինչ վերաբերվում է արտախորհրդարանական ուժերին, ապա մեզ համար սևեր-սպիտակներ չկան, մենք դա պարբերաբար ասել ենք: Կան մարդիկ ու ուժեր, որոնք կարող են, ունակ են, և մեր երկիրը չի կարող շռայլել որևէ լավ,կենսունակ ռեսուրս: Մենք կարող ենք ու պատրաստ ենք լինել այդ կոնսոլիդացիայի կենտրոնը»:

Մանրամասները՝ տեսանյութում.