կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-11 23:48
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Գուցե "գյավուրների" հորինած ցեղասպանության սուտն ամեն տարի ապրիլի 24-ին հայ սպանելո՞վ պետք է նշել

ԱԶԳ. Գուցե "գյավուրների" հորինած ցեղասպանության սուտն ամեն տարի ապրիլի 24-ին հայ սպանելո՞վ պետք է նշել

«Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը 2007-ի հունվարի 19-ին սպանվեց Ստամբուլում: Դրան 2011-ի ապրիլի 24-ին հետեւեց թուրքահայ զորակոչիկ Սեւակ Շահինի սպանությունը Թուրքիայի հարավարեւելյան նահանգներից Բաթմանի Կոզլակ գավառում տեղակայված զորամասում: Դինքի սպանությունից անմիջապես հետո ձերբակալվեցին մարդասպան Օգյուն Սամասթը, նրան ուղղորդող Յասիմ Հայալն ու էրհան Թունջելը: Այնուհետեւ ձերբակալվածների թիվը հասավ 19-ի:

Դինքի սպանության գործով դատավարությունը դեռեւս շարունակվում է, կալանքն ի սկզբանե որպես խափանման միջոց է կիրառվում սպանությունն անմիջականորեն իրականացնողների նկատմամբ: Ավելին, ակնհայտ է սպանության քաղաքական բնույթը, ինչպես նաեւ դրաՙ անվտանգության ծառայությունների թողտվությամբ իրականացումը, սակայն առ այսօր բացահայտված չեն բուն կազմակերպիչները:

Պաշտոնական շրջանակներում Դինքի սպանությունն ակնարկի ձեւով վերագրում են «խորքային պետությանը», բայց երբ խոսքը վերաբերում է սպանության գործի միացմանը «խորքային պետության» ռազմական թեւը հանդիսացող «Էրգենեքոնի» գործին, նրանք իսկույն հետքայլ են կատարումՙ կարծես հաստատելու համար Թուրքիայում պետական իշխանության մարմինների սերտաճումը «խորքային պետության» հետ:

Թերեւս այդ առումով հատկանշական է Դինքի սպանության պահին Տրապիզոնի ոստիկանության քաղաքային վարչության պետ Ռեշաթ Ալթայի երեկ, այսինքնՙ միջադեպից ավելի քան 4 տարի հետո արած հայտարարությունը. «Դինքի դեմ պատրաստվող մահափորձի մասին որեւէ տեղեկություն չեմ ունեցել: Եթե իմանայի, ապա կիրականացնեի կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Կմեկուսացնեի Հայալին եւ այն կազմակերպությանը, որին նա անդամակցում էր»:

Մինչդեռ Դինքի ընտանիքը սպանության մեղսակից է համարում Տրապիզոնի ոստիկանությանը: Սեւակ Շահինի պարագայում իրավիճակն այլ էր: Այսինքն` սպանությունը ոչ թե քաղաքական երանգ ունի, այլ դժբախտ պատահար է, կատակելիս Սեւակը իբր դարձել է իր մերձավոր ընկերոջ արձակած պատահական գնդակի զոհը:

«Ազգը», ապրիլի 9-ի համարում անդրադառնալով Սեւակի սպանությանը, նշել էր. «Ապրիլի 24-ը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը: Չի բացառվում, որ թուրքահայ զինծառայողի հենց ապրիլի 24-ին կատարված առեղծվածային սպանությունն էլ թուրքական պետության յուրատեսակ ազդանշանը լինի հայերին եւ խորհրդանշի Թուրքիայի ժխտողականությունը»: Այսպիսի եզրակացության համար մեզ հիմք էին տվել թուրքական իրականությանը հատուկ հայկական դավադրության որոշումների շարունակականությունը, Հայոց ցեղասպանության պաշտոնական թեզը հանդիսացող ժխտողականության մարտնչող բնույթն ու թուրքական պետական կառույցների եւ քաղաքական կազմակերպությունների հարաճուն հայատյացությունը:

Մայիսի 5-ին հանդես գալով հայտարարությամբ` Սեւակի ընտանիքի դատապաշտպան Ջեմ Հալավուրթը մասամբ հաստատեց մեր ենթադրությունը, ասելով. «Սեւակի միջադեպը ոչ թե «դժբախտ պատահար» է, այլ ապրիլի 24-ի առնչությամբ ծրագրված սպանություն»: Նույն օրը, ի դեմս Ստամբուլի մասնաճյուղի, դատապաշտպանին միացավ Մարդու իրավունքների միությունը: Նրանց հետեւությունն էլ մայիսի 9-ի համարում հաստատում է «Ռադիկալի» հեղինակ Յըլդրըն Թուրքերը:

Նախքան թուրքերի «Ի՞նչ կատարվեց շարքային Սեւակի հետ» վերնագրով հոդվածին անդրադառնալը, հիշեցնենք, որ Հրանտ Դինքի եւ Սեւակ Շահինի սպանություններն իրականացնողները հավասարապես հարում են ուլտրա-ազգայնամոլ «Մեծ միասնություն» կուսակցությանը: Պարզապես Դինքի մարդասպանները ծառայել են «խորքային պետությանը», իսկ Սեւակինը` որպես զորակոչիկ, ծառայում էր թուրքական զինված ուժերին:

Ահա թե ինչ է գրում «Ռադիկալի» հեղինակը. «Ապրիլի 24-ին հայ երիտասարդի դժբախտ պատահարի հետեւանքով զոհ դառնալու վարկածն այն հեքիաթը չէ, որ մենք, մոռանալով Հայոց ցեղասպանության հարցում մեր պետության պաշտոնական թեզը հանդիսացող սանձարձակ ժխտողականության մասին, հավատանք դրան: Նրանք, ովքեր Սեւակի հուղարկավորությունը զինվորականության ցույցի են վերածել (նկատի ունի գնդապետի կոչում ունեցող 30 զինծառայողի ներկայությունը եկեղեցում), ծածկելով հանդերձ նրա դագաղը թուրքական դրոշով, նույնիսկ հարկ չհամարեցին նահատակ կոչել նրան: Թաղման արարողությանը կառավարության անունից մասնակցեց պետնախարար Էգեմեն Բաղըշը, կարծես, հանդիսավոր երեկոն էր զարդարում իր ելույթով: Վսեմաշուք պարոնն ասաց. «Մահմեդական, ոչ մահմեդական, թուրք, քուրդ, չերքեզ, լազ, ալավի, սուննի, մենք բոլորս միասին էլ ավելի ենք զարգացնելու մեր համատեղ գոյակցությունը»: Հետաքրքրական է, թե ինչպե՞ս է պատկերացնում զարգացնել: Գուցե ամեն տարի ապրիլի 24-ին հայ սպանելով պե՞տք է նշել մեր ազգին մասնատելու համար «գյավուրների» հորինած ցեղասպանության սուտը «Թաքսիմ» հրապարակում»: