կարևոր
3535 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-07 11:25
Քաղաքական

Փաշինյանի հորինած միջոցառումը տեղի կունենա ամանորից երկու օր առաջ․ «Հրապարակ»

Փաշինյանի հորինած միջոցառումը տեղի կունենա ամանորից երկու օր առաջ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի հորինած միջոցառումը՝ «Մեր ժամանակների հերոսը», որն ի սկզբանե պլանավորված էր իրականացնել սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը, Գառնու տաճարում, եւ հետաձգվել էր սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հաձակումների հետեւանքով, որոշվել է կազմակերպել դեկտեմբերի 29-ին։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հիշեցնենք, որ այս միջոցառման համար վարչապետի աշխատակազմը 155 մլն դրամ էր նախատեսել, որը մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, բաժանվել էր 3 ընկերությունների միջեւ․ «Սթեյջ սթայլ» ՍՊԸ-ին՝ 33 մլն 750 հազար դրամ, 40 մլն 410 հազար դրամ՝ «Բրիջդ» ՍՊԸ-ին, եւ 80 մլն 183 հազար դրամ էլ՝ «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ին։

Մենք հարցում էինք արել, որ վարչապետի աշխատակազմից ճշտենք, թե կազմակերպիչ ընկերություններին 155 մլն-ի որ մասն են վճարել, չնայած միջոցառումը չի կայացել։ ՊՈԱԿ-ից հետեւյալ պատասխանն են տվել․ «Կազմակերպիչ ընկերություններից մեկի կողմից մատուցված ծառայությունների եւ մատակարարված ապրանքների դիմաց վճարվել է շուրջ 21.5 մլն դրամ, որոնք օգտագործվելու են դեկտեմբերի 29-ին նախատեսված մրցանակաբաշխության ընթացքում:

Հաշվի առնելով Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով մրցանակաբաշխության չեղարկումը՝ կազմակերպիչ ընկերություններից երկուսի հետ կնքված պայմանագրերը, փոխադարձ համաձայնությամբ, լուծարվել են, նրանց կողմից ծառայություններ ու ապրանքներ չեն մատուցվել, վճարումներ չեն կատարվել:

Երրորդ ընկերության հետ կնքված պայմանագիրը եւս լուծարվել է, իսկ ընկերությանը վճարված կանխավճարի եւ վերջինիս կողմից փաստացի մատուցված ծառայությունների ու ապրանքների արժեքի տարբերությունը վերադարձվել է պետությանը»։

Փաստորեն ստացվում է, որ միջոցառումը, որի համար ի սկզբանե 155 մլն դրամ էր նախատեսված, անում են 21.5 մլն դրամով, քանի որ ընկերություններից մեկից արդեն իսկ ապրանքներ ու ծառայություններ են ձեռք բերել։ Կա՛մ նախնական հաշվարկներն են սխալ արվել՝ ուռճացված ծախսեր ցուցադրելով, կա՛մ կազմակերպիչներին են «քցել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։