կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-10 22:13
Առանց Կատեգորիա

Հեղափոխության և երկխոսության ընդհանրությունը

Հեղափոխության և երկխոսության ընդհանրությունը

Դեսպան Մարի Յովանովիչի հեռանալը դժվար թե որևէ ազդեցություն ունենա իշխանության և ՀԱԿ-ի միջև «երկխոսության» հետ կապված հետագա ընթացքների վրա: Անկախ նրանից` դեսպանի միջնորդությամբ կողմերի միջև ուղղակի բանակցություններ եղել են թե ոչ, գործընթացը հասցվել է այնպիսի հանգրվանի, որից հետո կարող է զարգանալ նաև ինքնաբերաբար: Այս իրավիճակում կողմնակի միջամտությունը կարող է նույնիսկ բացասական ազդեցություն ունենալ, որովհետև կհաստատի այն տեսակետը, թե իշխանություն-ՀԱԿ մերձեցումը ոչ թե ներքին, հասարակական պահանջի, ազդակների, այլ արտաքին ուժերի միջամտության հետևանք է: Այնպես որ, անգամ իր հեռանալով Յովանովիչն ակամա նպաստում է իշխանություն-ՀԱԿ երկխոսության ծավալմանը` առնվազն փորձելով նվազեցնել դրա նկատմամբ հասարակության անվստահության ռեսուրսը:

Կարող է բնական հարց առաջանալ. եթե Յովանովիչի նպատակը Հայաստանում հեղափոխություն հասունացնելն էր, ինչու նա պետք է ձեռնամուխ լինել իշխանության և արմատական ընդդիմության հաշտեցմանը: Իրականում, սակայն, սա խիստ մակերեսային ընկալում է: Հեղափոխական տրամադրություններ սերմանելը դեռ անպայման բուն հեղափոխության նախապատրաստություն չէ: Այն ընդամենը հեղափոխության նկատմամբ, որպես կյանքը փոխելու հնարավոր տարբերակ, հասարակական պահանջարկ ձևավորելու միջոց է:

Որևէ արտաքին ուժի համար հեղափոխության միջոցով իշխանությունների տապալումն ինքնանպատակ չի կարող լինել: Այն ընդամենը միջոց է` հասնելու իր շահերին համահունչ ցանկալի արդյունքին: Հեղափոխության տարբերակն, ըստ այդմ, կարող է կիրառելի համարվել միայն այդ դեպքում, երբ տվյալ իշխանության միջոցով այդ արդյունքն ապահովել այլևս հնարավոր չի լինում:

Մյուս կողմից` շատ ավելի էական է, թե ով է փոխարինելու գնացող իշխանությանը: Եթե տեղի է ունենալու լավագույն դեպքում գումարելիների պարզ տեղափոխություն, ապա առհասարակ հեղափոխություն իրականացնելու իմաստը կորչում է: Հայաստանում նման իրավիճակ չկա, որովհետև ԱՄՆ-ի կամ արևմուտքի շահերի համատեքստում թե այսօրվա իշխանությունը և թե դրան ձգտող արմատական ընդդիմությունը, որը նաև հասարակական ակնկալիքները քաղաքական պահանջարկի վերածած միակ ուժն է, հավասարարժեք են ու արևմտյան շահերի տիրույթում գործում են նույնական գաղափարաբանությամբ:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անցած տարի հանրահավաքներից մեկի ժամանակ լավագույնս ներկայացրեց այն հիմնական շահերը, որոնց վրա կառուցվում են արևմտյան ուժային կենտրոնների` ԵՄ-ի և ԱՄՆ-ի քաղաքականությունները տարածաշրջանում: «Միջազգային հանրությանը հետաքրքրում են միայն... հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Իսկ մյուսները կա՛մ ստորադասվում են այս երկուսին, կա՛մ ընդհանրապես անուշադրության մատնվում: Նման մոտեցումը, որքան էլ մեզ համար տհաճ ու բարոյապես խոցելի, քաղաքական տեսակետից միանգամայն հասկանալի է: Մենք պարզապես գործ ունենք Realpolitik կոչված տխրահռչակ երեւույթի հետ, որի էությունը սկզբունքների զոհաբերումն է քաղաքական նպատակահարմարությանը: ...Ուստի պետք է հաշտվել այն մտքի հետ, որ քանի դեռ այդ հարցերը չեն լուծվել, միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնելու ժողովրդավարության, օրինականության եւ մարդու իրավունքների բնագավառներում Հայաստանում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա»,- ասում էր Տեր-Պետրոսյանը:

Իսկ այն, ինչ Արևմուտքին իր շահերի համատեքստում այսօր առաջարկում են իշխանությունը և ՀԱԿ-ը, սկզբունքային տարբերություններ չունեն. հակասությունները, եթե այդպիսիք նույնիսկ կան, բացառապես նյուանսների մեջ են: Մադրիդյան նորացված փաստաթուղթը ԼՂ հարցում հիմնված է փուլային կարգավորման սխեմայի վրա, որն էլ իր հերթին խարսխված է ԼՂ անորոշ կարգավիճակի դիմաց տարածքները հանձնելու մոտեցման վրա, ինչը նաև ընկած էր տերպետրոսյանական առաջարկի հիմքում:

Հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունը միակողմանիորեն ետ չվերցնելու՝ Հայաստանի իշխանության դրսևորած համառությունը միանգամայն համահունչ է ՀԱԿ-ի և մասնավորապես ՀՀՇ-ի դիրքրոշումներին, որոնք այս ընթացքում երբևէ արձանագրություններից հրաժարվելու պահանջ իշխանության առջև չդրեցին: Միակ առարկությունը, որն ունեն` հաշտեցման «արձանագրային» այս գործընթացի հետ կապված, պայմանավորված է պատմական հանձնաժողովի ստեղծման նախապայմանով: Հետևաբար, Արևմուտքի համար էականը ոչ թե Սերժ Սարգսյանին «գահընկեց անելն» ու Տեր-Պետրոսյանին վերադարձնելն է, այլ գործող նախագահին իր իսկ տված խոստումների, քաղաքական գիծը շարունակելու հարցում ակտվացնելը:

Իսկ դրա համար անհրաժեշտ է դառնում «ժողովրդավարություն» կոչված փորձված գործիքի միջոցով հասարակական ներքին ճնշում առաջացնել իշխանության նկատմամբ ու նրան ստիպել դիմել կոնկրետ գործողությունների: Եթե այս անգամ էլ իշխանությունները չհասկանան` իրենցից ինչ է ակնկալվում, հեղափոխության տարբերակը կարող է դառնալ իրատեսական: Ահա այս իմաստով երկու տարի առաջ Յովանովիչի հեղափոխական հովերն էին խիստ անհրաժեշտ ու նպատակային, իսկ հիմա միջնորդական ջանքերը:

Ավելին, Տեր-Պետրոսյանը որքան էլ ունակ լինի անելու այդ հեղափոխությունը, չի ընկալվում որպես համազգային լիդեր, և նրա վրա հենվել հնարավոր չի լինելու: Փոխարենը` ԱՄՆ-ը վերջնականապես նաև Հայաստանում կկորցնի իր հեղինակությունը, գուցե նաև ազդեցությունը: Մյուս կողմից՝ երկխոսության ծավալմանը նպաստելը հիմա շատ ավելի նպատակահարմար է, որովհետև եթե հասցվի տրամաբանական հանգուցալուծման, Հայաստանում կստանան այնպիսի քաղաքական դաշտ, որտեղ ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմության մի զգալի մասը, որը նաև խորհրդարանական փոքրամասնության տեղերն զբաղեցնելու հավակնություն ունի, կհայտնվեն միևնույն «գրպանում»: Այսինքն՝ այս որակի երկխոսությունը հնարավոր կդարձնի երկրում ռուսական գործոնի ազդեցության թուլացումը թե իշխանության և թե ընդդիմության դաշտերում: Ահա այս տեսանկյունից թե' Ռոբերտ Քոչարյանին և թե' ԲՀԿ-ին քաղաքականապես «լիկվիդացնելու» խնդիրը դառնում է առաջնահերթություն:

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ