կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-04 22:17
Առանց Կատեգորիա

Կորսվող պահեր

Կորսվող պահեր

Նախագահ Սարգսյանի Շվեյցարիա կատարած այցը տեղի ունեցավ Ղարաբաղյան հարցը իբրեւ նախապայման վերահաստատելու` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանի՝ Իգդիրում արած առավել քան հստակ հայտարարության ֆոնին:

Բայց անգամ դրանից հետո նախագահը Բեռնում խոսեց «կարգավորման գործընթացի նկատմամբ մեր նվազող վստահության» մասին՝ ակնարկ իսկ չանելով գործընթացից դուրս գալու հնարավորության մասին:

Դժվար է ասել՝ էլ ինչ պետք է լինի, որպեսզի իշխանությունը համոզվի, որ անհեռանկար է սպասել Թուրքիայի դիրքորոշման փոփոխությանը: Սա արդեն ազգային արժանապատվությունը վիրավորող քաղաքական մուրացկանության է նմանվում, երբ արդեն որերորդ անգամ մեր երեսին դուռը շրխկացնում են, պարզ տեքստով ասում՝ որևէ սպասելիք ունենալ մենք չենք կարող, սակայն մենք դեռ «հույս ենք հայտնում», որ Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը:

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացում միջնորդի դեր ստանձնած Շվեյցարիայի նախագահի հետ այս տարի Սերժ Սարգսյանի արդեն երկրորդ հանդիպումն է: Թվում է, թե ավելի հարմար առիթ միջազգային հանրությանը հայտարարելու՝ գործընթացից պատճառաբանված դուրս գալու մասին չէր կարող լինել: Սակայն Հայաստանի իշխանությունները համառորեն չեն ուզում անել այդ քայլը:

Միջնորդ երկրի հետ այս ինտենսիվ «երկխոսությունը» հուշում է, որ Հայաստանն անընդհատ տուրք է տալիս արտաքին ճնշումներին: Մինչդեռ նույն միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, Շվեյցարիան ծպտուն անգամ չեն հանում Թուրքիայի՝ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու խոստումը դրժելու մասին: