Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստի վերջում, երբ խորհրդարանում շատ քիչ պատգամավորներ էին մնացել, քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի 2014թ հաշվետվությունը: Այն ներկայացնում էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` նախ մեջբերելով միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունների դրական գնահատականը՝ ՎՊ աշխատանքին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց Իշխան Զաքարյանին, ասելով, որ նախկինում ՎՊ հաշվետվությունը այլ կերպ էր ներկայացվում, որովհետև հնչում էին թվեր, փաստեր, անուններ: Այս անգամվա հաշվետվությունը ներկայացնում էր դեպքերը, երբ մի քանի տեղերում հնարավոր է եղել խնայողություններ ապահովել: Իշխան Զաքարյանն էլ պատասխանեց, որ թվեր փաստեր էլի կան հաշվետվության մեջ, պարզապես ինքը չներկայացրեց մանրամասնորեն, որովհետև ապրիլ ամսից հաշվետվությունը եղել է ԱԺ-ում, և պատգամավորները հնարավորություն ունեին դրանց ծանոթանալու:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես հարց ուներ: Նա նախ հիշեցրեց, որ ՎՊ-ն միտված է հակակոռուպցիոն երևույթները բացահայտելու ու կանխարգելելու, վատնումները կանխարգելելու: «Իսկ ես մի քանի տարի է` փորձում եմ հասկանալ Ձեր մի քանի միլիոն դոլար արժողությամբ տան ծագումնաբանությունը, որովհետև դա կարևոր է Ձեր գործունեության վստահելիության աստիճանը բարձրացնելու համար: Վերջին անգամ մենք այդ թեմայով խոսել ենք 2013թ-ին, և Դուք հարցազրույցներից մեկում պարզաբանել եք, որ այդ տան գումարները ձեզ տվել են ձեր ընկերները, մտերիմները, մասնավորապես ձեր ընկեր Ալբերտ Բոյաջյանը, այնինչ Ձեր այդ ընկերը գումարները ուղարկել է Ձեզ լիազորագրերով, որ իր համար տուն կառուցեք, ոչ թե Ձեզ համար»,- ասաց Փաշինյանը՝ եզրակացնելով, որ փաստորեն Իշխան Զաքարյանի գործունեության մեջ կան հետաքննելու արժանի կոռուպցիոն ռիսկեր:
Իշխան Զաքարյանը միայն նշեց, որ Փաշինյանի հարցերի բոլոր պատասխանները կան թե\' իր կողմից տարբեր ԶԼՄ-ներին տրված հարցազրույցներում, թե\' Ալբերտ Բոյաջյանի կողմից տրված հարցազրույցներում: «Դրա հետ կապված որևէ պրոբլեմ ու խնդիր չկա: Ալբերտ Բոյաջյանը հաճախակի է լինում Հայաստանում, և եթե Ձեզ հետաքրքրում է, ապա կարող ենք հանդիպում կազմակերպել, և ինքը այդ ամենի մասին շատ ուղիղ կխոսի:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց` ասելով, որ Իշխան Զաքարյանը շարունակաբար խուսափում է պատասխանել իր հարցերին, և ոչ թե Ալբերտ Բոյաջյանն է պարտավոր իր հարցերին պատասխանել, այլ՝ Իշխան Զաքարյանը: Փաշինյանը պնդեց, որ Իշխան Զաքարյանը պատասանի իր հարցերին, որովհետև եղած փաստերը հուշում են, որ կոռուպցիոն մութ պատմություններ կան` Իշխան Զաքարյանի հետ կապված:
ՎՊ նախագահը կրկնեց, որ բոլոր հարցերի պատասխանը շատ հստակ կա այդ հարցազրույցներում: