կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-04 00:55
Առանց Կատեգորիա

Տեր-Պետրոսյանը միշտ էլ երկխոսելու մեսիջ է հղել նախագահին

Տեր-Պետրոսյանը միշտ էլ երկխոսելու մեսիջ է հղել նախագահին

- Ըստ ձեզ, ինչպե՞ս կզարգանա իշխանություն-ՀԱԿ համագործակցությունը:

- Կարծում եմ` այդ երկխոսությունը բավականին վաղուց է սկսվել, եւ այս վերջին օրերին թատերական ներկայացումն ուղղակի բացվեց բոլորի համար: Այդ համագործակցությունը նաեւ կշարունակվի: Սա, կարելի է ասել, պրոցես է, եւ այդ պրոցեսն այս պահին շահավետ է Սերժ Սարգսյանին, որովհետեւ դրանով նա այսօրվա այս տիտղոսային ընդդիմությանը տեղափոխում է ավելի անվտանգ դաշտ եւ, կարծում եմ, դրանով նա ժամանակ կձգի եւ կհասցնի հերթական ընտրություններին: Ինչ մնում է Կոնգրեսին, ապա Տեր-Պետրոսյանը երբեք չի էլ թաքցրել, որ ինքը միշտ դեմ է եղել հեղափոխականա ճանապարհներով խնդիրների լուծմանը, իրեն պետք էր, որ այդ հեղափոխական ճանապարհների այլընտրանքը գոնե ֆորմալ լեգիտիմություն ստանա իր շրջապատի համար, որպեսզի որեւէ քայլ լինի իշխանությունների կողմից: Ինքը հասավ դրան, եւ այդ իմաստով երկխոսությունը երկկողմանի շահավետ բնույթ ունի:

- Մինչեւ մայիսի 31-ը ՀԱԿ-ի վերջին պահանջի չկատարման դեպքում սպասե՞նք վերջնական ջրբաժանի:

- Սերժ Սարգսյանն ընդհանրապես սիրում է խնդիրները լուծել փուլ առ փուլ: Կարծում եմ` փուլ առ փուլ-ի մասնագետ է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե հիշենք, որ ինքը Ղարաբաղի հարցի լուծումն էլ փուլ առ փուլ էր տեսնում: Իր խնդիրների լուծման ճանապարհն էլ է փուլ առ փուլ տեսնում, եւ քանի որ պրոցեսն արդեն սկսվել է, ապա, կոպիտ ասած, թե քանի մարդ կազատվի մինչեւ մայիսի 31-ը, էական չի լինի. նույնիսկ եթե մնացածների կեսը կամ կեսից ավելին էլ չազատվի, չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանը կհայտարարի, որ իրենք կգնան վճռական քայլերի:

- Մարդկանց գիտակցության մեջ ընդդիմության հանդեպ ինչ-որ բան փոխվե՞լ է, կարո՞ղ ենք խոսել ՀԱԿ-ընտրազանգված անջրպետի մասին:

- Այդ ամեն ինչը շատ արագ չի կատարվում, դա էլ է պրոցես, սակայն պարզ է մի բան, որ այն մարդիկ, որոնք շատ արագ լուծման էին սպասում` կոնկրետ ռադիկալ զանգվածը, կարծում եմ, որ նրանք բավականին մեծ հուսահատություն են ապրում, սակայն, եթե օբյեկտիվ լինենք, ապա Տեր-Պետրոսյանը միշտ էլ հայտարարել է, որ ինքը դեմ է ռադիկալ քայլերի, եթե հիշենք, որ ինքն անընդհատ երկխոսության կոչ էր անում Սերժ Սարգսյանին: Հիշեցնեմ մի քանի դրվագ. 2009 թվականն էր, երբ հայտարարեց, որ «Սերժը իմ ընկերն է». դա առաջին մեսիջն է: Երկրորդ մեսիջը եղավ այն, որ ինքն ասաց, թե հավանականություն կա, որ կարող է ձեւավորվել ազգային փրկության կառավարություն. դա, կարծեմ, 2009թ. մարտի 1-ի ելույթն էր: Հետո անցավ արդեն կրոնական տերմինաբանությանը, որտեղ նույնպես ակնարկ էր անում, թե պատրաստ է երկխոսության գնալ: Այսինքնՙ ուզում եմ ասել, որ Տեր-Պետրոսյանը երբեք չի թաքցրել, որ ինքը, այսպես կոչված, էվոլյուցիոն ճանապարհով գնալու կողմնակից է, այլ խնդիր է, որ իրենց բառապաշարը, գաղափարախոսությունը, շարժիչը` «մոնղոլ-թաթարներ», «ավազակապետություն» եւ այլն, չեն համապատասխանում իրենց բռնած ճանապարհին: Այսինքն` կա հակասություն. Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտ վերադարձավ ռադիկալ կարգախոսներով` քանդել ավազակապետական համակարգը, քշել մոնղոլ-թաթարներին, եւ այլն, եւ այլն, սակայն իշխանության գալու ճանապարհը տեսնում էր ավելի էվոլյուցիոն, սահմանադրական եղանակով, որն, ըստ էության, չէր համապատասխանում իր կարգախոսին: Այսպիսով ընտրազանգվածի մոտ առաջացավ այդ հակասությունը: Իր ընտրազանգվածը հիմնականում բողոքական զանգվածն է, որի մեծ մասը ոչ այնքան Տեր-Պետրոսյանին կողմնակից, որքան գործիք են տեսնում` գործող իշխանությունների դեմ օգտագործելու համար: Տեր-Պետրոսյանը չէր էլ թաքցնում, որ իրեն օգտագործեցին որպես գործիք. այդպիսի մեսիջով էր հանդես գալիս: Հիմա այդ զանգվածը, անկեղծ ասած, հիասթափված է: Այդ զանգվածը կար 96 թվին եւ այն ժամանակ տրամադրված էր հենց Տեր-Պետրոսյանի դեմ, այդ զանգվածը կար 2003թ., այդ զանգվածը կար 2008թ., այդ զանգվածը միշտ էլ լինելու է: Եվ, ինչպես հիասթափված էր 96-ին, 2003-ին, 2008-ին, հիասթափված կլինի նաեւ 2013-ին եւ 2018-ին:

- Իսկ ինչպե՞ս կզարգանան ՀԱԿ-ընտրազանգված հարաբերությունները մինչեւ մայիսի 31-ը:

- Ես չեմ կարող մեկ ամսվա մոնիտորինգով հաշվարկել, թե ընտրազանգվածն ինչպիսին կլինի, բայց այն, որ այդ երկխոսությունը պետք է բերեր այդ ընտրազանգվածի հիասթափվածությանը, փաստ է: Այլ խնդիր է, որ Տեր-Պետրոսյանն իր հաշվարկների մեջ այլ նպատակներ ունի եւ, բնականաբար, այդ նպատակներն ավելի է գերադասում, քան ընտրազանգվածի հիասթափվածության կամ ոգեւորության խնդիրը:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ