Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արծվաշենից տեղահանված բնակիչները երեկ կառավարության շենքի մոտ բողոքում էին իշխանությունների անուշադրությունից:
Ճամբարակ քաղաքի փայտա-կավաշեն եւ կարմիր կղմինդրե տնակներում, որոնք կառուցվել է 150-200 առաջ մալականների կողմից, արդեն 20 տարի ապրում են Արծվաշենից տեղահանված 2000 արծվաշենցիներ: Երեկ նրանք պատմում էին, որ չունեն փախստականի կարգավիճակ եւ չեն օգտվում նրանց համար սահմանված արտոնություններից: Նրանք եւս մեկ անգամ մեղադրում են հայրենի կառավարությանը իրենց անուշադրության մատնելու եւ իրենց բնակարաններով ապահովելու խոստումը չկատարելու մեջ:
Հիշեցնենք, որ դեռեւս 1993-1998 թվականներին արծվաշենցիներին օգնելու համար ՀՀ կառավարությունը 447 ընտանիքների արտոնյալ երկարաժամկետ վարկեր տրամադրեց բնակելի տների գնման կամ վերանորոգման համար: 447 ընտանիքներից 381-ն այդ վարկերով ձեռք են բերել մոլոկանների` 20-րդ դարասկզբում կառուցված քարուքանդ եղած եւ վերանորոգման կարիք ունեցող փայտա-կավաշեն տները: Հետագայում, համապատասխան ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ 500 տներ վթարային են եւ յուրաքանչյուր րոպե կարող են փլուզվել:
2010 թվականի վերջին գործադիրը հավանության է արժանացրել երեք տարի իր սեղանին դրած «Ռազմական գործողությունների հետեւանքով 1992-ի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հայեցակարգը»: Մոտավոր հաշվարկներով` այդ ծրագիրը իրագործելու համար հարկավոր է 8 մլրդ դրամ (մոտ 22 մլն դոլար), որպեսզի լուծվի 633 ընտանիքների տների հարցը: Խոստացվել էր նաեւ, որ այս տարվա մարտին 300 ընտանիք կստանա առաջին գումարները: Սակայն, ինչպես հետո պարզվեց, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հավանության արժանացած հայեցակարգը փորձում է վերանայել, քանի որ վերը նշված գերատեսչությունը եւս մեկ անգամ ցանկանում է իր համար պարզել այդ ընտանիքների կողմից զբաղեցրած տների եւ շինությունների վթարայնության աստիճանը:
«Վթարային ճանաչված տների փոխարեն նոր բնակարաններ կկառուցվեն», - հայտնեցին քաղաքաշինության նախարարությունից:
Այս ամենը արծվաշենցիներին չի գոհացնում եւ նրանք իշխանություններից պահանջում են շուտափույթ լուծել իրենց բնակարանների խնդիրը: Երեկ առավոտյան նրանք հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի առաջ, որտեղից էլ նրանց ուղղորդել էին ցույցը կազմակերպել կառավարության շենքի դիմաց:
Արծվաշենցիները հանդիպեցին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ, ով նրանց հայտնեց, որ ներկա պահին նախատեսված է կառուցել 14 բնակարան, որից հետո այդ լուրը ցուցարարների մոտ առաջացրեց դժգոհություններ: «Արդեն 20 տարի է խոստանում են մեզ տներ տան ու խոստումները չեն կատարում, ախր մենք տուն ենք կորցրել, էդքան բան չեն հասկանում: Հիմա մենք եկել ենք ու մեր պահանջն ենք ներկայացնում, որ գումարը մեզ տրամադրեն մեր տները կառուցելու ու վերանորոգելու համար: Իրենք արդեն քանի տարի է՝ ասում են կանենք, դե թող անեն, բա ում են սպասում»,- ասում էին արծվաշենցիները:
70-ամյա Աթաբեկ Օհանյանը պատմում էր, որ մի քանի տարի առաջ փորձել է իր ուժերով տունը վերանորոգել: «Էսօր իմ երկու տղաները եւ 3 թոռներս սահման են պահում, ո՞ւմ համար են պահում, սրա՞նց համար»,- ասում էր Աթաբեկ պապիկը եւ մատնացույց անում կառավարության շենքը: Պահեստի ենթասպա տիկին Էլինա Քեշիշյանն էլ հայտնեց, որ արդեն իր տղաներին զանգահարել է, որ թողեն դիրքերը եւ իջնեն տուն. «Ում բանկերն ու ռեստորաններն են պահում մեր տղաները: Այսօր միայն Ճամբարակից 820 տղաներ ունենք սահմանի վրա կագնած: Վերջապես խիղճն էլ է լավ բան, բա սրանք չեն վախենում, որ մենք կատաղենք՝ ինչեր կանենք»,- ասում էր տիկին Էլինան:
Գալուստ ՆԱՆՅԱՆ