կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 05:02
Քաղաքական

Մարդիկ պահանջատեր են դարձել

Մարդիկ պահանջատեր են դարձել

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը հոգեբանական նոր իրավիճակ ստեղծեց մեր երկրում, ինչը դրական կարելի է գնահատել: Ի տարբերություն նախորդ տարիների, այժմ հասարակությունը սկսել է պահանջել:

«Մենք տեսնում ենք, որ հասարակությունն այժմ պահանջում է իր մասնակցությունն ունենալ որոշումների ընդունման մեջ, պահանջում է արված քայլերի համար հաշվետվություն տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա` Ր. Հովհաննիսյանի հացադուլը անհամաչափ արձագանքների տեղիք տվեց, հատկապես` անհասկանալի է ՀԱԿ-ի արձագանքը: Նա կարող էր անտեսել քաղաքական այդ ուժին, եթե մտածեր, որ այն իր պայքարի հետ կապ չունի: Սակայն փաստ է, որ չանտեսեց, եւ հակասություն ստեղծվեց «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի միջեւ:

«Այդ քայլը որպես ՀԱԿ-ին հարված ընկալվեց. բայց ո՞րն է այդ հարվածը, պարզ չէ դեռ: Սակայն սրա լավն այն էր, որ պայքարի նոր տիպ ձեւավորվեց»,- նշեց Մ. Սարգսյանը` հավելելով, որ  այժմ հենց ՀԱԿ-ի անդամների եւ նրա համախոհների կողմից նոր երանգներ ունեցող թեզեր են առաջ քաշվում. հասարակությունն այժմ պահանջում է առաջնորդներից իր կամքով առաջ շարժվել:

Ըստ Մ. Սարգսյանի` սրա պատճառ կարող է լինել այն, որ մարդկանց մոտ անվստահությունն է մեծացել: Սպասելիքները շատ ավելին են, քան լիդերները կարող են իրականացնել դրանք, կամ էլ  քաղաքական դավաճանությունները դաս են եղել ժողովրդի համար, օրինակներ են Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը:

Խոսքը կարող է վերաբերել նաեւ ՀԱԿ-ին: «Ես հիշում եմ, որ մարտի 17-ի միտինգից հետո մեծ աղմուկ բարձրացավ, որ ՀԱԿ-ի լիդերները նույնպես գնացել են իշխանությունների հետ պայմանավորվածությունների: Պահանջվեց, որ խոսեն դրա մասին»,- նշեց Մ. Սարգսյանը եւ հավելեց, որ վերջերս ՀԱԿ ներկայացուցիչը հերքեց, թե նման պայմանավորվածություններ եղել են, սակայն սա չի համապատասխանում ավելի վաղ` մարտի վերջերին արված հայտարարություններին:

Քաղաքագետի խոսքերով` ժողովրդի այս պահանջատիրական հոգեվիճակը դրական երեւույթ է, եւ այն կստիպի, որ քաղաքական ուժերի առաջնորդներն ավելի պատասխանատու լինեն իրենց համախոհների առջեւ: