կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-27 05:45
Առանց Կատեգորիա

Մեկ հարց Կարեն Անդրեասյանին

Մեկ հարց Կարեն Անդրեասյանին

Պարոն Անդրեասյան, արդեն երկու օր է` հանրապետությունը քննարկում է Ձեր միջնորդական առաքելության նպատակահարմարության հարցը: Բանը հասել է այնտեղ, որ ոմանք բացականչում են` կեցցե քաջ Կարեն Անդրեասյանը, իսկ ոմանք ընդհանրապես գտնում են, որ ՄԻՊ-ն այստեղ անելիք չունի:

Ասեմ, որ ի սկզբանե ես ձեր կողմնակիցն եմ: Նույնիսկ հուզվեցի, երբ կարդացի ՀԱԿ պաշտոնական հայտարարությունը, որով Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի հայտարարում է, որ իր համար ՄԻՊ գոյություն չունի, եւ ինքն այդպիսի մարդ չի ճանաչում: Եթե իշխանությունները ճանաչում են նման մեկին, ապա կարող են նրան ընդգրկել երկխոսող պատվիրակության կազմում:

Էդ կոնգրեսցիներն, ախր, շատ միագիծ են մտածում: Նրանց թվում է, թե Սերժ Սարգսյանն ուր որ է, նստելու է Ազատության հրապարակում տեղադրված իշաոտնուկին ու, տերողորմյա քաշելով, շախմատ խաղալով, երկխոսի իրենց հետ: Չարաչար սխալվում են:

Ավելին ասեմ` նրանց ոտքը դեռ երկար պիտի քարերին դիպչի, որովհետև Լևոնի վերջին տարիների ակտիվացումը բազմաթիվ արժանավոր մարդկանց պասիվացման, խայտառակման, անդաստական դառնալու պատճառ դարձավ: Եթե ՀԱԿ-ում կարծում են, որ իրենց հետ երկխոսող նախագահը պետք է նաև այս կարգի հարցերը կարգավորի, դարձյալ չարաչար սխալվում են:

Պետրոսի «Ուրվագիծ» հաղորդաշարում Ձեր ելույթն ինձ ավելի ոգևորեց: Զգացի, որ պարապ նստողներից չեք եւ անպայման ցանկանում եք մի լավ բան անել երկրի համար: Ճիշտն ասած` մի քիչ չհասկացա, թե ինչ էր նշանակում Ձեր` մի քանի անգամ արած հայտարարությունն այն մասին, որ ՄԻՊ-ը չի կարող պաշտպանել մարդու իրավունքը, բայց դա էական չէ, քանի որ ամենակարևորը Ձեր միջնորդական առաքելության արդարացումն էր, որը լավագույնս կարողացաք անել եւ ապացուցել, որ գործել եք օրենքի շրջանակներում: Ձեր պատրաստվածության աստիճանն ու իրավաբանական գիտելիքներն ինձ ոգևորում են:

Այսուհանդերձ, մի հարց եմ ուզում հղել ձեզ` Դուք շախմատ խաղալ գիտե՞ք: Եթե ոչ, ապա շատ ուրախ կլինեմ շախմատ խաղացողների շուրջը պարապ-սարապ թրև եկողների մեջ Ձեզ չտեսնելու համար: Իսկ եթե այո, ապա, կարծում եմ, նախ պետք է հստակեցնել` կողմերին քայլ հուշելը կա՞, թե՞ չկա:

Հարգանքներով`

Էդիկ Անդրեասյան