Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Սերժ Սարգսյանի երեք տարվա պաշտոնավարման ընթացքում չեն փոխվել «արժեքները», որոնք շրջապատում են նրան, ապա երկրում չի կարող որեւէ բան փոխվել:
Նա խոսում է անարդարությունների դեմ պայքարելու պատրաստակամության մասին, բայց դրանց հեղինակներն իր շրջապատից են: Հասարակության հույսի պաշարը վաղուց սպառված է: Ազատամարտիկ ընկերս սիրում է ասել' հայ ժողովրդի թիվ մեկ թշնամին հույսն է: Ու հիմա ես իրեն հակադարձելով ասում եմ' հիմա հույսն էլ չկա, ո՞րն է թիվ մեկ թշնամին: Վարչապետն արդեն երկու տարի ցույց է տալիս, թե «պայքարում է» հայ օլիգարխիայի դեմ, իբր ազատականացնում է տնտեսությունը: Իրականում ոչ թե նման ծրագիր, այլ ցանկություն չունեն:
Երբ երկրի ղեկավարները խոսում են տնտեսության օլիգարխիկ կառուցվածքից, այն փոխելուց, ամենաքիչը տարակուսանք է առաջանում: Ովքե՞ր են այդ օլիգարխները, որոնք տնտեսությունն իրենց «ճիրաններում» պահելով' չեն թողնում ազատականացվի: Դրանք այլմոլորակայիննե՞ր են, այդքան անտեսանելի ու աներեւո՞ւյթ են, որ անուններ չեն տալիս:
Այդքան դժվա՞ր է նախագահի ու վարչապետի համար վերացնել այդ մի քանի օլիգարխների մենաշնորհը, պետական բոլոր լծակները իրենց ձեռքում' չե՞ն կարողանում դա անել: Այս հարցի պատասխանը միանշանակ է' նրանք չեն ուզում դա անել: Եթե ցանկանային, այդ մասին հասարակությունը կիմանար, իսկ հասարակությունն ամեն օր տեսնում է այդ ցանկության բացակայության հետեւանքները:
Ես տնտեսագետ չեմ, հավակնություններ չունեմ, երբեմն հոդվածներ եմ գրում, որոնք առնչվում են տարբեր օլիգարխների' նրանց բիզնեսին, թույլ տված օրինախախտումներին, չարաշահումներին, կատարած կոռուպցիոն գործարքներին: Տնտեսագետ չեմ, բայց զանազան երկրների տնտեսական բարեփոխումների մասին հոդվածներ կարդալով' կարող եմ Կառավարությանն առաջարկել ընդունել այսպիսի մի որոշում' 10 տարով մենաշնորհային ոլորտներում 51%-ը պետությունը վերցնի:
Խոսքը հետեւյալ ճյուղերի կամ ապրանքատեսակների մասին է' հացահատիկ, ալյուր, վառելիք (բենզին, դիզվառելիք), գազ, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, ձեթ, կարագ, յուղ, ավիափոխադրումները, օդակայանը: էլեկտրաէներգիայի արտադրության, խմելու ջրի մատակարարման 51%-ը նույնպես պետք է պետությանն անցի, եթե անգամ դրանք կառավարման են հանձնված այլ ընկերությունների: Բոլոր հանքերում սեփականության 51% բաժնեմասը պետք է տնօրինի պետությունը: Պղինձ, մոլիբդեն, ոսկի, ավազ, տուֆ եւ այլն:
Հանքավայրերի դեպքում պետք է ցուցաբերվի նաեւ այլ մոտեցում. բաժնետերեր պետք է դառնան հանքավայրի շրջակա բնակավայրերի բոլոր բնակիչները: Եթե օլիգարխները «դիմադրություն» ցույց տան, պարզապես պետք է ազգայնացնել այդ ձեռնարկությունները: Իհարկե, անհրաժեշտ կլինի մի քանի օրենք ընդունել օլիգարխիկ Ազգային ժողովում: Բայց դրանից առաջ նախ պետք է ազատվել բիզնեսով զբաղվող պատգամավորներից: Զուգահեռաբար պետք է արվեն նաեւ մի քանի այլ քայլեր' աշխատանքից ազատել բիզնեսմեն-նախարարներին, վարչության պետերին, ոստիկանապետերին, հարկային, մաքսային մարմինների, ԴԱՀԿ-ի ծառայությունների, կադաստրի պետերին:
Բանակից շտապ հեռացնել բիզնեսմեն-գեներալներին: Թող գնան առանց պաշտոնի բիզնեսով զբաղվեն, թող մրցակցեն: Եթե վարչապետը չգիտի, թե վերը նշված ոլորտների ներկայացուցիչներն ինչ բիզնես ունեն, կարող ենք օգնել նրան: Բիզնեսով են զբաղված նաեւ արտերկրում ՀՀ շատ դեսպաններ, անունների հարցում նորից կարող ենք օգնել: Եթե երկրում ինչ-որ բան փոխելու մտադրություն ունեք, սկսեք այս քայլերից: Թե չէ' խոսում եք, խոստումներ, հիմա էլ' խորհուրդներ եք տալիս... Հանրության աջակցությունը ստանալու մասին կարող եք մտածել միայն այս քայլերն անելուց հետո:
Էդիկ Բաղդասարյան
«ՀԵՏՔ»-ի գլխավոր խմբագիր
Այս մասին կարող եք նաև կարդալ այստեղ