կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-12 04:44
Հասարակություն

Օլիգարխներն արհամարհում են ՏՄՊՊՀ-ին

Օլիգարխներն արհամարհում են ՏՄՊՊՀ-ին

ԱԺ-ում քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:

Քննարկումը տեղի էր ունենում կիսադատարկ դահլիճում, ինչը մտահոգեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

Իր ելույթում Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՏՄՊՊՀ-ն անհրաժեշտ տեխնիկական ու մասնագիտական կազմը չունի իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար, իսկ օլիգարխներն արհամարհում են ՏՄՊՊՀ-ն:

«Ցանկացած օլիգարխի կամ մենաշնորհային դիրքում հայտնված սուբյեկտի չի հետաքրքրում, թե օրենքում ինչ է գրված, նրան հետաքրքրում է, թե ինքն ինչպես կարող է ճզմել այդ մարմնին»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանն ու հավելեց, որ նշված սուբյեկտները դատական հայցեր են ներկայացնում ՏՄՊՊՀ որոշումների դեմ եւ շարունակում են իրենց գործունեությունը:

Պատասխանելով Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե քաղաքական մեծասնությունը պասիվ է, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ քաղաքական մեծամասնության խնդիրը ոչ թե ամբիոնից ելույթ ունենալն է, այլ աշխատելը: Դաշնակցական պատգամավորը նշեց, որ ԿԲ-ն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւս պետք է ներգրավված լինեն մենաշնորհի դեմ պայքարում:

Արծվիկ Մինասյանը կոչ արեց նախագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ մյուս քառօրյա, որպեսզի բոլոր շահագրգիռ պատգամավորները նախագծի հետ եւս մեկ անգամ ծանոթանալու ժամանակ ունենան:

Վարդան Այվազյանը դեմ արտահայտվեց ստուգումներ իրականացնող նոր մարմնի ստեղծմանը, քանի որ «տնտեսվարողի գլխին 8 հազար ստուգող պետք չէ»: Նա նշեց, որ օրենքի նախագծում մենաշնորհային դիրքի չարաշահումների դեմ պայքարելու համար լուրջ մեխանիզմներ են նախատեսվում:

Արծվիկ Մինասյանն էլ ասաց. «Կգա ժամանակը` շատ չի անցնի, երբ այստեղ նստած շատ սուբյեկտներ իրենք դժգոհությունը կհայտնեն»: