Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 19-ին Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Հոլանդիայի խորհրդարանի առջև գտնվող հրապարակում հզոր հանրահավաքով և ցույցով նշել են Մեծ եղեռնի 96-րդ տարելիցը:
Միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր հայեր Հոլանդիայի ամենատարբեր անկյուններից: Չնայած աշխատանքային օրվան` մարդիկ կարողացել են ազատվել աշխատանքից ու դասից և մեծ խանդավարությամբ Հաագա ժամանել` իրենց բողոքի եւ ցասման ձայնը բարձրացնելու ընդդեմ Թուրքիայի ժխտողականության և Հոլանդիայի իշխանությունների անհետևողականության:
Ներկաները երկու րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Մասիս Աբրահամյանը և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչ Մաթո Հախվերդայանը ներկայացրել են հոլանդահայության դիրքորոշումները արդի քաղաքական իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես` առանձնահատուկ զայրույթի առարկա` Եվրախորհրդարանի հոլանդացի անդամ Օմեն-Ռյույթենի` Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում պատգամավորը զլացել է մեկ բառ անգամ նշել Հայոց ցեղասպանության մասին:
Հանրահավաքի մասնակիցներին ողջունել են Հոլանդիայի խորհրդարանի համարյա բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք իրենց աջակցությունն են հայտնել ցուցարարներին և խոստացել են նպաստել հոլանդահայության մի շարք պահանջների կատարմանը, մասնավորապես` Հաագայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը:
Հանրահավաքի անունից պահանջագիր է ներկայացվել Հոլանդիայի խորհրդարանին և կառավարությանը: Պահանջագրի կետերն են՝
1. Ավելի շատ և հրապարակայնորեն աջակցել Թուրքիայում և նրա սահմաններից դուրս բոլոր նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության խնդիրը քննության նյութ են փորձում դարձնել:
2. Կառավարությանը դրդել, որ Ռաուֆուտի օրինագիծն առավել շեշտված և տեսանելի ձևով իրագործվի Թուրքիայի նկատմամբ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության մեջ հարաբերությունների ժամանակ: Կառավարությանը հանձնարարել, որպեսզի նա հաշվետվություն ներկայացնի այս ուղղությամբ կատարած աշխատանքի վերաբերյալ` միաժամանակ պայքարելով այն թյուրիմացության դեմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր՝ լրացուցիչ պայման է Թուրքիայի համար Եվրամիության անդամ դառնալու խնդրում:
3. Քննադատաբար հետևել Թուրքիայի ներքին իրավիճակին՝ մտքի և դավանանքի ազատության, մարդու իրավունքների և փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև անցյալը քննարկելի դարձնելու խնդիրների առնչությամբ:
4. Ստեղծված յուրաքանչյուր առիթ օգտագործել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը խստորեն դատապարտելու համար: Կառավարությանը կոչ ուղղել՝ Թուրքիայի ժխտողականության յուրաքանչյուր քայլն անհետևանք չթողնել նրա` Եվրամիությանը անդամակցելու բանակցությունների ընթացքում: Միաժամանակ միշտ մատնացույց անել Թուրքիային, որ նրա կողմից Հայաստանի սահմանները փակ պահելու գործընթացը բարիդրացիական պարտականությունները չկատարել է նշանակում:
5. Նպաստել նրան, որ Ցեղասպանության ժխտումը Հոլանդիայում քրեապես հետապնդվի:
6. Աջակցել «Քրիստոնեական միություն» կուսակցության` Ցեղասպանության ժխտումը պատժելի դարձնելու օրենսդրական նախաձեռնությանը:
7. Հնարավորինս աջակցել Հաագայի հանցագործությունների միջազգային դատարանի նոր շենքի մատույցներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը:
Հանրահավաքի պատվիրակությանն ընդունել է Հոլանդիայի խորհրդարանի` 8 հոգուց բաղկացած պատգամավորների խումբը, նրանք խոստացել են հավուր պատշաճի ուշադրություն արժանացնել հայության պահանջներին:
Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները երթ են կազմակերպել դեպի Թուրքիայի դեսպանատուն: Ցուցարարների պատվիրակությունը պահանջագիր է ներկայացրել նաեւ Թուրքիայի կառավարությանը, սակայն դեսպանության որևէ ներկայացուցիչ չի բարեհաճել ընդունել այն: Պահանջագիրը գցվել է դեսպանության փոստարկղը:
Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը, ապրիլի 23-ին, Հոլանդիայի ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության նախաձեռնությամբ, Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա ջահերով ցույց: