կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-14 01:15
Հասարակություն

Ադրբեջանը քաղաքակրթության պատուհաս է

Ադրբեջանը քաղաքակրթության պատուհաս է

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն ու հուշարձանագետ Սամվել Կարապետյանն արդեն երեք տասնամյակ է` զբաղվում են Ադրբեջանում գտնվող հայկական հուշարձանների ուսումնասիրությամբ, եւ հենց առաջին իսկ օրերից պարզ է դարձել, որ որոշ հուշարձաններ ոչնչացվել են, մի մասի ավերումն էլ ընթացքի մեջ է:

«Հայկական հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժողական կեցվածքը` որպես պետական մոտեցում, ակնառու է եղել միշտ: Հայկական հուշարձաններն Ադրբեջանում ոչնչացվել են խորհրդային տարիներին, ոչնչացվել են ազատամարտի ընթացքում եւ շարունակում են ոչնչացվել ազատամարտից հետո, ընդ որում` ռազմական գործողություններից շատ հեռու գտնվող վայրերում, այսինքն` նրանք չեն կարող պատճառաբանել, որ այդ հուշարձանները պատերազմի արդյունքում են վնասվել, ինչպես հաճախ լսում ենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետը:

Ըստ նրա` եթե խորհրդային տարիներին հուշարձանների ոչնչացումը ծպտյալ կերպով էին իրականացնում, ապա այժմ դա արվում է պետական ամենաբարձր մակարդակով: Ադրբեջանցիների համար հատկապես թիրախ է հայկական հուշարձանների ակնառու քրիստոնեական շերտը` մատուռները, վանքերը, եկեղեցիները, գերեզմանոցները:

«Ադրբեջան պետության կեցվածքը հայկական հուշարձանների նկատմամբ բացահայտ թշնամական է. իրենց համար որեւէ նշանակություն չունի, թե ինչ վաղեմության հուշարձաններ են ոչնչացնում: Հանդգնում են ձեռք բարձրացնել այն հուշարձանների վրա, որոնք իրենց ցեղի պատմության տասնապատիկ ու քսանապատիկ վաղեմությունն ունեն: Մեր հարեւան երկիրը պարզապես մի պետություն է, որը թշնամի է քաղաքակրթությանը, քաղաքակրթության պատուհաս է, որից տուժում ենք մենք, որովհետեւ մեր նախնիների հիշատակն են ոչնչացնում, բայց մեծ իմաստով սա անդարձ կորուստ է նաեւ համայն քաղաքակիրթ աշխարհի համար»,- նշեց Ս. Կարապետյանը:

Նա հավելեց, որ ադրբեջանցիները թե' քանդում են, թե' նախահարձակ են լինում կեղծ մոտեցումներով. «Մենք պարբերաբար լուրեր ենք ստանում, որ մեզ են մեղադրում քանդման, ոչնչացման համար: Նմանատիպ կեղծիքներին մենք, անշուշտ, պարտավոր ենք անդրադառնալ եւ հավաքել այն տվյալները, որոնք վկայում են նրանց կողմից ավերված մեր հուշարձանների մասին»:

Հուշարձանագետը նշեց, որ Ադրբեջանի պարագայում ավելի դժվար է նոր ու թարմ տվյալներ ձեռք բերել, քան Արեւմտյան Հայաստանի, որովհետեւ, եթե հնարավոր է մուտք գործել Արեւմտյան Հայաստան եւ այցելել հնավայրեր, ապա Ադրբեջանի ճանապարհները որեւէ հայի համար անհայտ ժամանակով փակ են: Դա է պատճառը, որ հուշարձանների լուսանկարները հիմնականում օտարերկրացիներն են անում: