կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-23 15:19
Առանց Կատեգորիա

Ահաբեկիչները վերաձևում են Եվրոպան․ արևմտյան քաղաքակրթության ճգնաժամը

Ահաբեկիչները վերաձևում են Եվրոպան․ արևմտյան քաղաքակրթության ճգնաժամը

Բրյուսելում երեկ «Իսլամական պետություն» խմբավորման մահապարտների կողմից իրականացված ահաբեկչությունների շարքը, որին զոհ գնաց 34 մարդ, ուղղված էր ոչ այնքան Բելգիայի, որքան ամբողջական Եվրոպայի դեմ։ Դա հարված էր Եվրոպայի սրտին․ Բրյուսելում են տեղակայված ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը, Եվրամիության բոլոր ղեկավար կառույցները։ Դրանով ԻՊ-ը փորձում է առաջին հերթին հասկանալի դարձնել, որ, չնայած Սիրիայում և Իրաքում կրած պարտություններին, ծանր կորուստներին, չի կորցրել իր մարտունակությունը, շարունակում է լինել գերկազմակերպված կազմակերպություն և իր կորուստները «փոխհատուցելու» է` միջազգային քաղաքականության կենտրոններից իր համար ամենամատչելին՝ Եվրոպան և Եվրամիությունը, պերմանենտ ահաբեկվածության, նյարդայնության մեջ պահելով, քաղաքացիական նորանոր զոհեր պատճառելով։

Արդեն նախորդ տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում նույն ձեռագրով կատարված ահաբեկչություններից հետո, որոնց հետևանքով զոհվեց 140 մարդ, ԻՊ-ը ցույց տվեց, որ ընտրել է բոլորովին նոր մարտավարություն և պատերազմը Մերձավոր Արելքից տեղափոխել է Եվրոպայի սահմաններից ներս։ Այս իմաստով ԻՊ-ը պարզապես կատարելագործեց այն ձեռագիրը, որը 2000-ականներին որդեգրել էր «Ալ Քաիդա»-ն։ Իրականում սկսվել է մարդկության բոլորովին նոր դարաշրջան, որտեղ դասական պատերազմին փոխարինել է քաղաքակրթական, գաղափարախոսական, կրոնա-փիլիսոփայական, հոգեբանական հիբրիդային պատերազմը, որի հիմնական զենքը գիտակցված անձնազոհության, մարտիրոսության գաղափարի վրա կառուցված ահաբեկչությունն է։ Պատերազմ, որին, ինչպես ցույց տվեցին Փարիզի, Բրյուսելի ահաբեկչությունները, առաջադեմ մարդկությունը, իր տեխնոլոգիական ամբողջ զինանոցով հանդերձ, պատրաստ չէ։ Եվ պատրաստ չէ առաջին հերթին այն պատճառով, որ չունի ժամանակակից ահաբեկչական խմբավորումներին միանալը գրավիչ և, որքան էլ զարհուրելի թվա, խորապես իմաստավորված դարձնող, ահաբեկչությունը սնուցող գաղափարախոությանը, աշխարհընկալումներին, կենսափիլիսոփայությանը հակադրելու, չեզոքացնելու համարժեք բան։ Սա ինչ-որ իմաստով վկայում է, որ եվրոպական արժեհամակարգը ճգնաժամի մեջ է` մարդու նոր հոգևոր-բարոյական պահանջմունքների բավարարման իմաստով անլիարժեքության տեսանկյունից։

Այդ անլիարժեքության դրսևորումներից մեկը տիպիկ արևմտյան, եվրոպական երկակի ստանդարտներն են, կեղծ ու ընտրողական հումանիզմը. եվրոպական երկրներում կատարվող ահաբեկչությունները կարող են խոր և արդարացի վրդովմունք  հարուցել, ընկալվել որպես անհանդուրժելի ու ողբերգական, ընդհուպ` մարդկության ու քաղաքակրթության դեմ գործված հանցագործություններ, մինչդեռ աշխարհի մյուս հատվածներում կատարվող նույնատիպ, երբեմն ավելի սոսկալի, ավելի դաժան ահաբեկչություններ` որպես օրինաչափ, բնական երևույթներ։ Սա կեղծ հումանիզմի տակ թաքնված ռասիզմ է, որը գլխացավանքի է վերածվում կամա, թե ակամա այն կենսաձևի վերածած երկրների սովորական քաղաքացիների, բնակիչների համար։

Այն, ինչ տեղի է ունենում հիմա, փոխում է Եվրոպան` թե\' ներքին-բովանդակային և թե\' արտաքին-կառուցվածքային առումներով։ Բելգիան, անվտանգության նկատառումներից ելնելով, փակեց ԵՄ անդամ հարևան երկրների հետ սահմանները։ Սա առանց սահմանների հաղորդակցության՝ տասնամյակներով ամրապնդված քաղաքականության կրախ է։ Եվրոպան արաբ փախստականների անկառավարելի հոսքի ճնշման ներքո կանգնել է ժողովրդագրական հավասարակշռության աղետի առջև։ Միջին եվրոպացու դեմքը սկսում է փոխվել բառի բուն և փոխաբերական իմաստով։ Այնտեղ արհեստականորեն ներթափանցել և համառորեն իր դիրքերն է հաստատում խորթ, անհասկանալի համարվող մշակույթ, կենսաձև, որոնք ստիպված են հանդուրժել, որոնց ստիպված են համակերպվել, ադապտացվել, որքան էլ այդ մշակույթն առայժմ հիմնական մասով գտնվում է փշալարերի շղթայում, գետտոյացված վիճակում։ Արդյոք հնարավո՞ր էր պատկերացնել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքը վերապրած Եվրոպայում դրանից ընդամենը 70 տարի անց կրկին գետտոներ, համակենտրոնացման ճամբարներ կլինեն, ինչպիսիք են փախստականների՝ թե\' հումանիտար և թե\' հիգիենիկ առումով անտանելի ճամբարները, որոնք ծայրահեղ իսլամիստական ահաբեկիչների համար որջերի են վերածվել։

Մյուս կողմից` այս ահաբեկչությունները ջարդեցին ԵՄ-ի՝ որպես եվրոպական անվտանգության կենսունակ համակարգի մասին կարծրատիպերը։ Դրանք ապացուցեցին, որ արտաքին անվտանգության հզորությունն ու հագեցվածությունը անգամ մեկ ցենտի արժեք չունեն, երբ ներքին անվտանգությունը խոցելի է։ Այդ խոցելիության աղբյուրը կամ պատճառը մարդու իրավունքների ու ազատությունների բացարձակացումն է։ Մասնավորապես` խղճի ու համոզմունքների ազատության միարժեքության գաղափարին եվրոպացիների նվիրվածությունը, դրանց վրա խարսխված օրենսդրությունն էին պարարտ հող ստեղծում ներսում ծայրահեղ իսլամիզմի, ջիհադական գաղափարակախոսության քարոզման,  պոտենցիալ ահաբեկիչ-կամիկաձեների խմբավորումների ստեղծման համար։ Պատահական չէ, որ Եվրոպայում կազմակերպված վերջին ահաբեկչություններն իրականացրել էին ոչ թե փախստականի կարգավիճակով երկիր թափանցած տարրերի, այլ եվրոպական երկրների, մասնավորապես` Ֆրանսիայի և Բելգիայի հպատակների, քաղաքացիների ձեռքերով։ Խնդիր, որն անվտանգության մարմինների համար վերածվել է մղձավանջի։ Եվրոպայում արդեն սկսել են հասկանալ, որ, նրանց համոզմունքների տարածման արտոնություններ սահմանելով, պայմաններ ստեղծելով, սեփական ծոցում օձ են մեծացրել, որն արդեն սկսել է անողոքաբար խայթել ու թունավորել իրեն սնուցած «տիրոջը»։ Եվրոպայում սկսել են հասկանալ, որ հասարակության և մարդու անվտանգության ապահովումը պակաս կարևոր արժեք չէ, քան մարդու իրավունքների ու ազատությունների բացարձակացումը։

Իսկ ի՞նչ հետևություններ են արվելու։ Բրյուսելի ողբերգությունը տեղի ուենցավ, որովհետև Փարիզի նախկին երկու ահաբեկչությունից դասեր չքաղվեցին։ Ֆրանսիայի նախագահ Օլանդի՝ մի քանի երկրներ այցելություններից և համաշխարհային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու անհաջող փորձից հետո ամեն ինչ վերադարձավ իր նախկին հունը։ Նոր սպառնալիքների գիտակցմամբ հանդերձ՝ թե\' իշխանությունները, թե\' հասարակությունները հարմարվեցին նոր պայմաններին, ավելի ուշ՝ թուլացրին զգոնությունը։ Եվ ԻՊ-ն օգտվեց դրանից։ Միջազգային հանրությունը և առաջին հերթին ԵՄ-ն, որոնք վերածվել են ահաբեկչության թիրախի, պետք է կողմնորոշվեն՝ որո՞նք են իրենց համար իրական թիրախները` մերձավորարևելյան երկրներում ազգային պետությունները ոչնչացնելու, տարածաշրջանի քարտեզը վերաձևելու և այն խնդիրները լուծելու համար նաև ահաբեկչական խմբավորումների ծառայություններից օգտվելու` ԱՄՆ-ի, Թուրքիայի քաղաքականությունը սպասարկե՞լը, որի ավերածությունների տեղում առաջացած վակուումը սկսում է լցնել կրոնական ծայրահեղականությունը, թե՞ բուն միջազգային ահաբեկչությունը՝ իր բոլոր ճյուղերով, կոմպոնենտներով, որը օդակաթիլային վիրուսի նման համակել է ողջ աշխարհը։ ԱՄն նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե հակաահաբկչական կոալիցիան շարունակելու է հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին։ Այստեղ ամենակարևոր բառը՝ «շարունակել»-ն է, որը պարզորոշ հուշում է, որ այս անգամ ևս միջազգային հանրությունը ոչինչ ավելին չի ձեռնարկելու, և որևէ փոփոխություն տեղի չի ունենալու։ Շարքային եվրոպացիները, որքան էլ դա դաժան է հնչում, շարունակելու են վճարել թե\' իրենց իշխանությունների և թե\' գերտերությունների վարած երեսպաշտ և շովինիստական քաղաքականության համար։

Գևորգ Դարբինյան