կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-09 03:00
Առանց Կատեգորիա

Ադրբեջանն անտեսում է միջնորդների հորդորները

Ադրբեջանն անտեսում է միջնորդների հորդորները

Բաքուն ընդգծված ու բացահայտորեն հաստատում է, որ դիպուկահարներ է պատրաստում,  ինչի պահանջն իբր ունի Ադրբեջանի հասարակությունը:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունները, մեղմ ասած, անտեսում են միջնորդ երկրների հորդորները շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ:

«Պաշտոնական Բաքուն անուղղակիորեն վերահաստատում է դիպուկահարներին ակտիվորեն օգտագործելու իր մտադրությունը: Տվյալ դեպքում դիպուկահարների պատրաստության գործընթացին փորձ է արվում հաղորդել ոչ պաշտոնական, հասարակական նախաձեռնության բնույթ»,- ասաց նա` հավելելով, որ այս հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ մոտ օրերս նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների հերթական տարածաշրջանային այցը:

Ըստ Ջամալյանի` ադրբեջանական վարչակազմում հավանաբար վճռել են խաղարկել մի սցենար, թե դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությունը ադրբեջանական հանրության համար անընդունելի է, այնքան անընդունելի է, որ դիպուկահար դառնալու համար կամավոր գրվողների զանգվածային հոսքեր կան:

Փորձագետը նաեւ տեղեկացրեց, որ այսօր ԼՂՀ Պաշտպանության բանակում կան հատուկ հակադիպուկահարային ստորաբաժանումներ, ինչը նշանակում է, որ ադրբեջանցի դիպուկահարներից շատերը, հավանաբար, կլրացնեն ադրբեջանական բանակի կորուստների շարքը: