կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-28 13:25
Քաղաքական

Ալիևի հոխորտանքի ետևում երևում են Թուրքիայի հորդորները. Դավիթ Բաբայան

Ալիևի հոխորտանքի ետևում երևում են Թուրքիայի հորդորները. Դավիթ Բաբայան

Հայաստանում Սուրբ Զատկի տոնին ընդառաջ և Ադրբեջանում Նովրուզի տոնական օրերին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսիվ քաղաքականությանը, խախտեց հրադադարի ռեժիմը՝ դիմելով լարվածությանը նպաստող գործողությունների, որից տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Մինչդեռ օրեր առաջ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Նովրուզի ու Սուրբ Զատկի տոներին ընդառաջ, հայտարարեց, որ «կոչ է անում կողմերին` խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և շփման գծում ու սահմանին խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կհանգեցնեն լարվածության աճի»: 

Մեկնաբանելով Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները` ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պաշտոնական Ստեփանակերտը մի քանի տարի առաջ` դեռ 2009-ին, պաշտոնապես դիմել էր ԵԱՀԿ համանախագահներին՝ առաջարկելով, որ կրոնական, ազգային ու միջազգային տոն օրերի համար սահմանվեն, այսպես կոչված, «հանգստի օրեր», երբ զինադադարի ռեժիմը չի խախտվի: Նրա խոսքով` համանախագահները մեծ խանդավառությամբ էին ընդունել պաշտոնական Ստեփանակերտի այդ առաջարկը, և օրեր առաջ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի կոչը հենց այդ առաջարկի արտացոլումն է: Ըստ որոշ տվյալների` այն ժամանակ Ադրբեջանը նույնպես համաձայնել էր այդ առաջարկին, բայց այդ համաձայնությունը, ըստ Բաբայանի «մի երկու ժամ տևեց»:

«Փաստորեն, բավական չէ, որ խախտել են ԵԱՀԿ-ի կոչը, խախտել են անգամ իրենց կրոնական տոնը, ինչը սրբապղծություն է, դեռ մի բան էլ փորձում են այդ հրադադարի խախտումները վերագրել հայկական կողմին: Բոլորի համար ակնհայտ է, որ դա բացարձակ սուտ է: Այնուամենայնիվ մենք գործ ունենք մի աննորմալ պետության հետ, որը խախտում է իր սեփական կրոնական ավանդույթները, Աստծո պատվիրանները»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա խոսեց նաև օրեր առաջ Ալիևի խայտառակ հայտարարության մասին: Ալիևը այդ հայտարարությամբ իր բողոքն է հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին` ասելով, որ ադրբեջանական ժողովուրդը չի հավատում նրանց գործունեությանը, որ համանախագահները խարխլել են ադրբեջանցիների հավատը: Նա  համանախագահներին  «սադրիչ» է որակել` հավելելով, որ նրանք երկակի ստանդարտներ են կիրառում Ադրբեջանի նկատմամբ, որովհետև մուսուլման երկիր է:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ այդ խայտառակ հայտարարությունը նույնն է, ինչ անում են Բրյուսելի ու Փարիզի ահաբեկիչները, ինչ անում են ԻՊ-ի ահաբեկիչները:

«Մեզ համար զարմանալի է, որ ամբողջ միջազգային հանրությունը դատապարտում է ԻՊ ահաբեկիչներին, նրանց որոնում ու փորձում ձերբակալել, իսկ Ալիևը նման հայտարարություններ ու գործողություններ է անում ու ոչ միայն չի արժանանում համապատասխան պարսավանքի, այլև նույնիսկ որոշ եվրոպական կառույցներ կարող են այնպիսի բաներ ասել, որ զարմանում ես, կամ, ասենք, օլիմպիական խաղեր կազմակերպել Բաքվում: Դա նույնն է, որ ԻՊ-ի կենտրոնում օլիմպիական խաղեր կազմակերպեն: Միջազգային կառույցներն այնքան աչք փակեցին, որ ահաբեկչությունները Եվրոպայի կենտրոն հասցրեցին»,- ասաց ԼՂՀ մամուլի խոսնակը:

Հարցին, թե ինչի՞ մասին են վկայում Ալիևի այս հանդիմանությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ուղղված, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ Ալիևն ի վիճակի է բանակցային գործընթացին վերջ դնել, որովհետև դա լի է անկանխատեսելի հետևանքներով, բայց նրա այս հոխորտանքների հետևում երևում են մի քանի զարգացումներ: Նախ` Ալիևը մենակ այսպիսի հայտարարություններ չէր կարող անել, հետևաբար` նրան ինչ-որ մեկը հորդորում է: Ամենայն հավանականությամբ՝ դա Թուրքիան  է: Այսինքն` Թուրքիան ու Ադրբեջանը խաղում են դեստրուկտիվ քաղաքականություն: Երկրորդ՝ փորձ կատարել ԵԱՀԿ համանախագահներին ներկայացնել որպես քրիստոնյա երկրների ներկայացուցիչներ` հակադրության մեջ դնելով մահմեդականների հետ:Լ Դա արդեն ցույց է տալիս, որ Թուրքիան, լինելով ԻՊ ահաբեկիչներին սատարողներից մեկը, իր ծայրահեղականությունը գործի է դնում Ադրբեջանում ևս: Մենք տեսնում ենք, որ Ալիևի հայտարարություններում կա ապերախտություն, որովհետև եվրոպական կառույցների կոռուպցիան՝ մանաթին ու խավիարին ծախվելը, տեսնում ենք` ինչի է բերում՝ ծախված զեկույցների: Միջազգային կառույցները և համանախագահները պետք է շատ լուրջ վերաբերվեն ԵԽԽՎ-ում և այլ կառույցներում կոռուպցիոն գործընթացներին, որոնք կարող են խարխլել տարածաշրջանում կայունությունը»: