Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Երկու հաղորդագրություն՝ մեկը մյուսից աբսուրդ:
Առաջին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի 2025 թվականի քվոտայի բաշխմանը վերաբերող նախագիծը, որն ըստ էության տարածվելու է նոր` 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների վրա:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև մաքսային մարմնի պահպանության համար լրացուցիչ ֆինանսական ծախսերից խուսափելու նպատակով` ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և կազմակերպություններին՝ այս տարի ներմուծված և մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն անմիջապես ներկայացնել մաքսային ձևակերպման և չսպասել 2025 թվականի ընթացքում ձևակերպելուն, քանի որ 2025 թվականի ընթացքում 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան տարածվելու է միայն 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա:
Երկրորդ: Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ եկել է որոշման, որ այդ էլեկտրամոբիլների պարագայում 2 տարվա սահմանափակումը չեն կիրառի՝ թեպետ ինքը դրա հետ համաձայն չէ. «Ես եկել եմ որոշման, որ մենք այդ երկու տարվա սահմանափակումը չենք կիրառի՝ ինքս համաձայն չլինելով դրա հետ։ Ինչո՞ւ այդ որոշումը կայացրի, որովհետև, կարծում եմ, որ մեր պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը, միայն այդ պատճառով պետք է այդ որոշումը կայացնենք դրա հետ համաձայն չլինելով։ Արձագանենք, որ 2025 թվականի քվոտաները բաժանվելու են հետևյալ տրամաբանությամբ՝ 5000 մեքենայի քվոտա կտրվի քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին»։
Աբսուրդ. դեռևս քննարկման փուլում գտնվող նախագծի վրա հենվելով՝ ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և կազմակերպություններին՝ այս տարի ներմուծված և մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն անմիջապես ներկայացնել մաքսային ձևակերպման՝ արդեն իսկ գերվստահ լինելով, որ նախագիծն ընդունվելու է: Այսինքն, քաղաքացին կարող է արդեն ականջալուր է եղել ՊԵԿ-ին ու գնացել հլու-հնազանդ մաքսազերծել է նշված կատեգորիայի իր մեքենան: Ու հանկարծ մի օր անց մյուս՝ ավելի բարձր տեղից մի ձայն ասում է՝ մի՛ լսեք ՊԵԿ-ի հորդորները, ես եկել եմ որոշման՝ չի՛ ընդունվի նախագիծը:
Իհարկե, պակաս աբսուրդ չի նաև վարչապետի աթոռին բազմած անձի խոսույթը՝ «ես որոշել եմ», «ես որոշում եմ կայացրել….»: Ուզում է ասել՝ ի՞նչ կառավարություն, ի՞նչ ՊԵԿ, ես եմ միանձնյա որոշում ամեն ինչ, հետո ինստանցիաներով ձևական անցկացվում է: Մեկ անձի իշխանության վառ ապացույց: Հարցնող լինի՝ իսկ դու ո՞վ ես ընդհանրապես: