կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-21 21:24
Քաղաքական

Բաքվին սթափեցնելու համար այլևս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր. ՀՀ ԱԳՆ

Բաքվին սթափեցնելու համար այլևս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր. ՀՀ ԱԳՆ

 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հերթական ցինիկ հայտարարությունն է տարածել, որտեղ, ակնհայտ փաստերը գլխիվայր շուռ տալով, փորձում է ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, ինչի նպատակն է խուսափել գործած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

 Առաջին անգամ չէ, որ Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու ակնհայտ իրականությունը։ Մեր միջազգային գործընկերները ևս շփումների ընթացքում փաստում են, որ, անկասկած, հենց Ադրբեջանն է իրականացրել լայանածավալ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, կատարվել են ռազմական հանցագործություններ։

Հայաստանը խստորեն դատապարտում է 1994թ. մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև զինադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը կասկածի տակ դնելու Ադրբեջանի ապարդյուն փորձերը, ինչը վտանգավոր քայլ է և սպառնում է առավել ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումը ոչ թե հանգեցնում է զինադադարի համաձայնագրի գործողության դադարեցմանը, այլ բերում է համաձայնագիրը խախտող կողմի պատասխանատվությանը։

Այս ամենը ցույց է տալիս, որ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունները շարունակելու միջազգային հանրության բոլոր կոչերին, Բաքվի իրական նպատակն է խափանել կարգավորման գործընթացը։ Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի արտգործնախարարության երկարաշունչ հայտարարության մեջ գեթ մեկ անգամ հղում չկա ոչ միայն Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններին, այլև ընդհանրապես բացակայում է որևէ հիշատակում միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության մասին։

Ադրբեջանը փորձում է բանակցությունները ներկայացնել որպես միայն Բաքվին հետաքրքրող հարցերի քննարկման շուրջ մի ինչ-որ գործընթաց։

Ակնհայտ է, որ Բաքվին սթափեցնելու համար այլևս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու և կառուցողական դաշտ բերելու նպատակով։