կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-02 04:04
Հասարակություն

Այնթապցիները ոչինչ չեն մոռացել

Այնթապցիները ոչինչ չեն մոռացել

1920 թ. ապրիլի 1-ին Թուրքիայի Այնթապ նահանգի շուկաներից մեկում թուրքերը հանկարծակի հարձակվեցին հայերի վրա` անխնա կոտորելով նրանց` անկախ տարիքից ու սեռից: Սակայն հայերը ինքնապաշտպանական ազատամարտերի միջոցով կարողացան շատ ընտանիքներ փրկել:

Դեպքից անցել է 91 տարի, բայց այնթապցիներն անում են ամեն ինչ` այն մոռացության չմատնելու համար: Յուրաքանչյուր տարի ապրիլի 1-ին այնթապցիները արդեն Հայաստանի Այնթապ գյուղում հավաքվում եւ նշում են այդ օրը` որպես իսկական հերոսամարտի օր:

 

Գյուղի` Արամ եւ Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում 5 տարի է, ինչ գործում է լիբանանահայ ազգային գործիչ, մտավորական ու երաժիշտ Գեւորգ Գանտահարյանի անվան հանդիսությունների սրահը, որտեղ էլ սովորաբար իրականացվում է տոնական միջոցառման շարքը:

Նաթան Ալլուկյանի տատն ու պապը բնիկ այնթապցի են եղել, սակայն 1920թ. ջարդից հետո մեկնել են Սիրիա, քանի որ թուրքերը սպանել էին ընտանիքի բոլոր անդամներին:

«Ես հորս հետ 2006-ին վերադարձա Այնթապ, իսկ տատիկս չուզեց վերադառնալ, քանի որ հուշերը թարմ էին եւ դառը: Մեկ ամիս առաջ էլ Այնթապում էի եւ տեսա, թե ինչպես են մեր բոլոր եկեղեցիները կամաց-կամաց վերածվում մզկիթների»,- ասաց Ն. Ալլուկյանը` հավելելով, որ թուրքերը պետք է պատասխանատվություն կրեն իրենց արածի համար:

«Փյունիկ» բարեգործական միության նախագահ, սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանը հատուկ այս միջոցառման համար է Հայաստան եկել: Ինչպես նշեց` նմանատիպ միջոցառումները հայրենիք-սփյուռք կապն են ամրապնդում:

Պարոն Ջեմբերջյանը նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ «Փյունիկը» մի շարք միջոցառումներ է իրականացնելու. «Ապրիլի 24-ին Դեր Զորում` Նահատակաց եկեղեցու բակում դաշնակահար Վարդան Մամիկոնյանը կնվագի` զոհերի հիշատակին»,- ասաց նա:

Ի դեպ, 2010-ից Գաբրիել Ջեմբերջյանը Հայաստանի պատվավոր քաղաքացի է, սակայն, ըստ նրա, դա չէ պարտավորեցնողը, քանի որ մինչ այդ էլ իր գործն անում էր այնպես, ինչպես հիմա: