կարևոր
3406 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-31 23:00
Քաղաքական

Փնթի մոնտաժ. մոռացել են տեսանյութի հետ ժամերն էլ մոնտաժել

Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է գրանցվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, որից հետո «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Ըստ ականատեսների՝ միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ոստիկանության աշխատակիցները, որոնք անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ընդդիմադիր պատգամավորին:

Իշխանական թևը, չբացահայտելով, թե բուն վեճն ինչից է առաջացել, ամեն կերպ փորձում է մեղավոր կարգել հենց ընդդիմադիր պատգամավորին:

Քիչ առաջ լրատվամիջոցներում հրապարակվել է ԱԺ տեսանկարահանող սարքերով արձանագրված տեսանյութ, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս վարժությունը կարող է կատարել Ազգային ժողովի շենքի ներսին ծանոթ յուրաքանչյուր մարդ:

Եվ այսպես, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ԱԺ նոր մասնաշենքում, որը հին մասնաշենքին կապվում է բոլորի` լրագրողների և պատգամավորների կողմից «Լաչինի միջանցք» անվանումը ստացած միջանցքով:

Որպեսզի Մհեր Սահակյանը հանձնաժողովի նիստերի դահլիճից հասներ Խմբակցության սենյակներ, նա պետք է բարձրանար աստիճաններով, անցներ վերոնշյալ «Լաչինի միջանցք»-ով ու թեքվեր դեպի ընդդիմության խմբակցության սենյակներ:

Հրապարակված տեսանյութի առաջին հատվածում երևում է ժամը, օրինակ, թե ինչպես են 11:15-ին պատգամավորները միմյանց հրմշտվելով դուրս գալիս հանձնաժողովի նիստերի սենյակից և շարժվում դեպի «Լաչինի միջանցք»: «Լաչինի միջանցք»-ի հատվածում, սակայն, երևում է ժամը 11:08, ինչը խրոնոմետրաժի իմաստով ակնհայտ հակասություն է: Երբ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հասնում է խմբակցության սենյակների մոտ` տեսագրությունում երևում է ժամը 11:25: Ըստ տեսանյութի` Մհեր Սահակյանը 10 րոպե վազել է մի ճանապարհով, որը ամենադանդաղ քայլերի դեպքում նույնիսկ չէր կարող տևել 5 հինգ րոպեից ավելի:

Սա ևս մեկ անգամ կասկած է առաջացնում տեսանյութի` օբյեկտիվ իրականությունը պատկերելու հարցում:

Եվ, ի վերջո, հռետորական հարց` ԱԺ-ն հանդիսանում է ռեժիմային օբյեկտ, իսկ ներսում ձայնագրվող տեսախցիկները նախատեսված են անվտանգության համար: Ինչպե՞ս է ռեժիմային օբյեկտի ներքին շարժը պատկերող տեսագրությունը հայտնվել համացանցում, եթե դա ԱԺ անցագրային ռեժիմը կարգավորող նորմատիվ ակտով արգելված է:

Ի դեպ, factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը տեսանյութի հայտնվելու մասին օբյեկտիվ հարցադրումներ է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«ՔՊ-ն հերքեց ինքն իրեն. այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարեցին, թե ՀՅԴ-ական պատգամավորը թաքնվել է զուգարանում, բայց ԱԺ միջանցքի հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ պատգամավորը նիստերի դահլիճից ուղիղ վազում է «Հայաստան» խմբակցության կողմը։

• ԱԺ-ն պետք է պարզաբանի, թե այդ կարդերն ինչպես է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին վերագրվող, չակերտավոր ասած, լրատվամիջոցը հրապարակել։

• Բռնությունը դատապարտելի է, խրախուսումն` աղետ։ Շշմելու են պնդումները, թե լավ է արել, քիչ է արել։ Բա, եթե բռնությունը լավ բան է ինչո՞ւ եք դժգոհում, երբ ձեզ են միտինգների ժամանակ բռնության ենթարկում»։

Աղբյուրը՝  168.am