Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորի «Կույրերի միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում հրավիրված կոնֆերանսը ստիպված եղանք լքել ժամանակից շուտ: Կոնֆերանսն անցկացնող, կազմակերպության` Երևանից ժամանած փոխնախագահ Մարտուն Սարգսյանը լրագրողներին դուրս հրավիրեց դահլիճից այն բանից հետո, երբ միավորման անդամներից մեկը` Վահան Սարգսյանը, հայտարարեց, որ տեղյակ է միավորման կողմից իրականացված բազմաթիվ կեղծիքներին ու անօրինականություններին:
Մարտուն Սարգսյանը հենց այդ պահից որոշեց, որ լրագրողներն իրավունք չունեն լուսաբանել միջոցառման մանրամասները: Նրան չէր հետաքրքրում ո'չ տեղեկատվության մասին օրենքը, ո'չ լրագրողի` ազատ գործելու իրավունքը:
Լրագրողներին հրելով դուրս հանեցին դահլիճից, լռեցրին նաև Վահան Սարգսյանին` ստիպեցին դուրս գալ դահլիճից, թեեւ, որպես միավորման անդամ, նա իրավունք ուներ մասնակցելու նիստին:
«Կույրերի միավորում»-ն ունի կանոնակարգ, ըստ որի` երկու տարին մեկ անցկացվում են ընտրություններ, որոնց ընթացքում ընտրվում են պատվիրակներ` կոնֆերանսներին մասնակցելու համար: Այս կոնֆերանսի նպատակն էր ընտրել վարչության կազմը, որը երկու տարի պետք է ղեկավարեր տեղի` Լոռու մարզի բոլոր սկզբնական կազմակերպությունները:
Ընտրությունը եռաստիճան է, սա երկրորդ փուլն էր, երրորդի արդյունքում ընտրվելու է վարչության նախագահը, սակայն Վահանը Սարգսյանը համոզված է, որ այդ ընտրությունը վաղուց կատարված է Հայաստանի կույրերի միավորման ղեկավարության կողմից: Նրանց միակ թեկնածուն Հովհաննես Ծատուրյանն է: Ի դեպ, հենց նա լրագրողներին սպառնաց, որ պրոբլեմներ են ունենալու, «հարցերը լուծելու է քրեական ճանապարհով»:
«Բոլոր ղեկավար պաշտոնները վերցրել են իրենց ձեռքը, կեղծ ընտրությունների միջոցով կարող են ցանկացած մարդու նշանակել պաշտոնի, իսկ միավորման անդամ մյուս կույրերի համար ոչինչ չեն անում,- ասում է Վահան Սարգսյանը:- Իմ` ընտրելու տարրական իրավունքը հեշտությամբ խախտվել է: Ընտրողների ընդհանուր թիվը 47 էր: Ես և իմ երկու ընկերները կողմ չենք քվեարկել, սակայն նա ընտրվել է 46 ձայնով, այսինքն` 47-3=46: Հարց է, թե քանի այդպիսի ձայն է կեղծվել»:
Ի պատասխան Մ.Սարգսյանի այն պնդմանը, որ ամեն ինչ օրենքով է, փաստաթղթերում ոչ մի բաց չկա, Վ. Սարգսյանն ասում է. «Հիմա փաստաթղթերը կարգին են, բայց կեղծվել է ընտրական պրոցեսը: Ընտրություններն անցել են խախտումներով` հրահանգելով ընտրողներին, կեղծելով քվեաթերթիկները»:
Վահանն ասում է, որ մենակ չէ. շատերն են դեմ ու դժգոհ, սակայն արհամարհվել են ու հիասթափվել, ընտրել են համակերպման ճանապարհը: Իսկ ինքը որոշել է գնալ մինչև վերջ:
Կոնֆերանսից շատ հետո` արդեն երեկոյան, երբ երևանցի «ազդեցիկ» հյուրը մեկնել էր, կրկին հանդիպեցինք միավորման մի քանի անդամների հետ: Մի մասը, արդեն անկեղծանալով, ասում էր, որ վաղուց լքված են ու անտեսված: Ժամանակին արտադրական ակտիվ գործունեություն ծավալած միավորումը ներկայումս մի քանի մարդու ձեռքում է կենտրոնացված, նրանք էլ ինչ ուզում, անում են, իսկ միավորման անդամներն էլ բավարարվում են տարեկան մի քանի հազար դրամ օգնությամբ ու լռում են:
Աննա ՊԵՉԵՆԵՎՍԿԱՅԱ