Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Մոսկվայում «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը:
«Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի,
հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջերմ ընդունելության և միջոցառման հրաշալի կազմակերպման համար:
Համոզված եմ, որ նման հեղինակավոր միջազգային համաժողովում մեզ սպասվում է խորհրդարանական համագործակցության առանցքային հարցերի շուրջ մտքերի կառուցողական փոխանակում: Պառլամենտարիզմի ինստիտուտն առանձնահատուկ դեր է խաղում պետական կառավարման համակարգում: Հենց խորհրդարանականներն իրավասություն ունեն ներկայացնելու քաղաքացիների շահերը, պաշտպանելու մարդու իրավունքները:
Մեր փոփոխվող աշխարհում, բացի այդ դասական խնդիրներից, մեր առջև կանգնած են մարտահրավերներ, որոնք մենք՝ խորհրդարանականներս, կարող ենք լուծել մեր ռազմավարական գործընկերների և բարեկամների հետ միասին: Ուրախ եմ, որ այս համաժողովի շրջանակում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են խորհրդարանների դերը կայուն խաղաղության և կայունության հասնելու գործում, պայքարը աղքատության և անհավասարության, կեղծ տեղեկատվության դեմ և այլն:
Ժամանակակից աշխարհում պառլամենտարիզմի աճող դերը հատկապես վառ արտահայտվում է միջազգային հարաբերությունների բնագավառում, իշխանության և հասարակության միջև կայուն երկխոսություն հաստատելու ոլորտում: Անհնար է չհիշատակել պետական մարմիններում հաշվետվողականության ապահովման կարևորագույն մեխանիզմի մասին, ինչպիսին է խորհրդարանական մոնիթորինգը և վերահսկողությունը: Սակայն, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ միջխորհրդարանական դիվանագիտության նշված սկզբունքներից առաջինին:
Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում ակնհայտ է խորհրդարանական դիվանագիտության դերը: Աշխարհի երկրները միմյանց հետ սերտորեն կապված են բարդ, փոխկապակցված հարաբերություններով, որոնց արդյունքում դրանցից մեկում տեղի ունեցած որևէ իրադարձություն կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել այլ երկրների վրա: Ընդհանուր առմամբ, միջխորհրդարանական հաղորդակցման մեխանիզմներն այժմ ավելի քան երբևէ պահանջված են այնպիսի մարտահրավերների դեմ արդյունավետ հակազդելու համար, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը, անօրինական միգրացիան և կլիմայի փոփոխությունները:
Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեր ջանքերը պետք է ուղղված լինեն անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդող օրենսդրության ձևավորմանը, խորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդմանը և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը:
Այս համատեքստում կցանկանայի հատկապես ընդգծել Միջխորհրդարանական միության՝ հնագույն և ամենամեծ միջազգային հարթակի դերը, որի աշխատանքը հիմնված է իրավահավասար, բազմաճյուղ երկխոսության վրա: Միջազգային խորհրդարանական կազմակերպություններն ընդհանուր առմամբ միասնական օրակարգի առաջխաղացման և համատեղ որոշումների մշակման արդյունավետ հարթակներից մեկն են:
Օգտագործելով այս հնարավորությունը՝ բոլոր հայ խորհրդարանականների անունից ուրախությամբ ուզում եմ ընդգծել այն փաստը, որ ռուսական պատվիրակությունը վերսկսել է իր աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Վստահ եմ, որ մեր պատվիրակությունների արդյունավետ և լավ համակարգված աշխատանքը կտա իր պտուղները:
Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են կայուն խաղաղության հաստատմանը: Այս կապակցությամբ ընդգծեմ, որ մենք շարունակում ենք հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերի պարագայում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության վրա: Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:
Ցավոք, ռազմատենչ հռետորությունը և ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը խարխլում են նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմքերը, ինչը հակասում է խաղաղ կարգավորման գործընթացին՝ դարձնելով ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարներն ավելի դժվար հասանելի: Եվ այստեղ մենք կոչված ենք առաջատար դեր կատարել միջխորհրդարանական դիվանագիտության ոլորտում` խոսելով քաղաքացիների անունից և նրանց շահերի մասին:
Համաժողովի հարգելի մասնակիցներ, կցանկանայի ևս մեկ անգամ արձանագրել, որ ամուր խաղաղության, անվտանգության և աշխարհի կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց և կառուցողական երկխոսությունը: Անհրաժեշտ են համատեղ ջանքեր միջպետական երկխոսության, փոխհամաձայնության և փոխզիջման մշակույթների համար: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները բաց են իրենց գործընկերների հետ փորձի փոխանակման թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով:
Շնորհակալություն ուշադրության համար»,-նշել է խորհրդարանի ղեկավարը»: