Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղար Դր. Օլավ Թվեյթի գլխավորությամբ: Նախագահը պատվիրակության հետ միասին հյուրընկալել է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այն անցկացվում է Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ԵՀԽ-ում համանախագահության առիթով:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Սերժ Սարգսյանը կարեւորել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործունեությունը, որին Հայ Առաքելական եկեղեցին անդամակցում է ավելի քան կես դար: Նախագահը երախտագիտությամբ է նշել, որ խորհուրդը մշտապես հոգածությամբ է մոտեցել համայն հայությանը հուզող հարցերին՝ դեռեւս 1983թ. ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Հանրապետության նախագահն ընդգծել է մեր ժողովրդի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առանձնահատուկ նշանակությունը, որը հայոց պետականության երկարատեւ բացակայության պայմաններում մշտապես եղել է ազգապահպանության կարեւոր կենտրոն: Հայաստանի անկախության վերականգնումից հետո էլ, նախագահի խոսքով, եկեղեցին եւ պետությունը սերտորեն համագործակցում են՝ ի շահ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հարատեւության ու բարօրության:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՀԽ հայաստանյան հավաքը կանցնի ջերմ մթնոլորտում՝ նպաստելով ինչպես խորհրդի օրակարգային հարցերի նպատակների իրականացմանը, այնպես էլ նոր խթան եւ շունչ հաղորդելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ երկխոսությանը:
Հանդիպման ժամանակ նախագահը բարձր է գնահատել ս.թ. ապրիլին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Գլխավոր քարտուղար Դր. Օլավ Թվեյթի այցը Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին՝ այդ թվում Սրբադասման արարողությանը մասնակցելու նպատակով: Նախագահն առանձնակի շնորհակալություն է հայտնել նրան եւ Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այկազյանին՝ ս.թ. մայիսին Վաշինգտոնի Մայր տաճարում էկումենիկ աղոթքի կազմակերպման գործում նշանակալի ավանդի համար:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում հայ ժողովուրդը մշտապես զգացել է համամարդկային արժեքներ դավանող իր բարեկամների աջակցությունը, որը նորովի դրսեւորվեց այս տարի ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված՝ իր տեսակի մեջ աննախադեպ պատարագով:
Նախագահը կարեւորել է նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի՝ կրոնական հանդուրժողականություն տարածելու առաքելությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս երկխոսության, հանդուրժողականության, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, եւ այդ սկզբունքային դիրքորոշումը վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:
ԵՀԽ գործադիր կոմիտեի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին` հանդիպման եւ ջերմ հյուրընկալության համար, ընդգծելով, որ պատվիրակությունը Հայաստանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արդարության եւ խաղաղության իր ուխտը կատարելու, ինչպես նաեւ ավելի ամրապնդելու Հայ եկեղեցու եւ Քույր եկեղեցիների միջեւ ձեւավորված հարաբերությունները՝ միտված եկեղեցիների միջեւ եղբայրական կապերի զորացմանը: