կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 17:55
Առանց Կատեգորիա

Հայկական կողմը հրաժարվո՞ւմ է օդաչուների վերադարձման հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակներից

Հայկական կողմը հրաժարվո՞ւմ է օդաչուների վերադարձման հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակներից

ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր հայտարարություն է տարածել` մտահոգություն հայտնելով ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չստեղծվելու կապակցությամբ: Հայտարարությամբ ՄԽ-ն հայկական և ադրբեջանական կողմերին միաժամանակ կոչ է անում դադարեցնել կրակահերթերը դեպքի վայրի մերձակայքում եւ նպաստել շրջակա տարածքի ականազերծմանը, «հորդորում Ադրբեջանին` հնարավորություն տալ մոտենալու ուղղաթիռի անձնակազմին, իսկ Հայաստանին` համագործակցել և ներդնել բոլոր ջանքերը` մարդասիրական այդ խնդիրը լուծելու համար»:

 

Թեեւ պարզ է, որ այդ կոչը հիմնականում ուղղված է Ադրբեջանին, քանի որ հենց ադրբեջանական զինուժն է, ուղղաթիռի անկման վայրը կրակահերթի տակ պահելով, խոչընդոտում նման մարդասիրական միջանցքի ստեղծմանը, սակայն նույնիսկ այս պատասխանատու պահին ՄԽ-ն չի հրաժարվում կողմերի միջև հավասարություն դնելու և դրանով իսկ ստեղծված վիճակի համար կողմերին համապատասխանատու դարձնելու` իր պրակտիկայից: Եվ դա այն դեպքում, երբ Բաքուն հրաժարվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական նեևրկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին թույլատրել մոտենալ ուղղաթիռին, ինչը որևէ արտացոլում այդ հայտարարության մեջ չի գտել:

 

Ավելին` հայտարարության ընդհանուր ուղղվածությունից, շեշտադրումներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ միջնորդներն ինչ-որ տեղ նույնիսկ արդարացնում են Ադրբեջանի նման պահվածքը: Խնդիրը ոչ միայն ուղղաթիռին մոտ թողնելու կոչն ընդամենը հորդորի մակարդակով հնչեցնելն է, այլև անզեն ուղղաթիռը ոչնչացնելու փաստին որևէ գնահատական չտալը: Բացի դրանից` ակնհայտ է, որ ուղղաթիռն ընկել է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ ղարաբաղա-ադրբեջանական շփման չեզոք գոտում: Մինչդեռ հայտարարության մեջ, չգիտես` ինչու, ՄԽ-ն Հայաստանին է հորդորում «մարդասիրական խնդիրը լուծելու» ջանքեր գորածադրել` դրանով իսկ ջուր լցելով Հայաստանին ագրեսոր որակելու` ադրբեջանական դիվանագիտական-քարոզչական «ջրաղացին»:

 

Մինսկի խմբի այսպիսի «օբյեկտիվությունը», սակայն, ընդհանուր առմամբ, արտացոլում է հարցի շուրջ միջազգային հանրության և ուժային կենտրոնների հիմնական, առավել քան տարօրինակ և բազմանշանակ տրամադրությունները, որոնք ավելի շատ ուղղված են իր հակամարդկային պահվածքի համար Ադրբեջանի պատասխանատվությունը թուլացնելուն, ընդհուպ` անտեսելուն:

 

Օրինակ` այսօր ԵԱՀԿ ներկայացուցիչը ԱԺ-ում հրաժարվել է մեկնաբանել հայկական ուղղաթիռի և հայ օդաչուների անհայտ ճակատագրի շուրջ ստեղծված իրավիճակը` բավարարվելով միայն Մինսկի խմբի հայտարարությանը հղում կատարելով: Իսկ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը, ավելի հեռուն գնալով, նշել է, թե ԱՄՆ-ը հասկանում է, որ ուղղաթիռի անկման վայրին մոտենալու` ԵԱՀԿ ներկայացուցչի հնարավորությունը կարող է մերժվել, ինչը նույնն է, թե արդարացնել Ադրբեջանի բռնած դիրքը ստեղծված իրավիճակում և անուղղակի մեղադրանք հնչեցնել հայկական կողմի նկատմամբ:

 

Չի բացառվում, որ միջազգային հանրության նման դիրքորոշման պատճառը սահմանագծին հայկական ուղղաթիռի գտնվելու օբյեկտիվ պատճառները չհասկանալն է, և դրանով թաքնված մեղադրանք է հնչեցվում հայկական կողմի հասցեին: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ո'չ Երևանը, ո'չ էլ Ստեփանակերտը դեռևս որևէ տրամաբանական բացատրություն չեն տվել, թե ինչո՞ւ էին հայկական երկու ուղղաթիռները ադրբեջանական առաջապահ դիրքերին այդքան մոտ թռչում կամ գուցե նաև հատում չեզոք գոտու սահմանագիծը: Սա, իհարկե, առանձին քննարկման առարկա է:

 

Բայց, զուտ հետևանքների առումով, միջազգային հանրության այսպիսի մոտեցումը պետք է որ չբավարարեր հայկական կողմին, որովհետև դրանք ոչ միայն չեն օգնում լուծել գոնե օդաչուների մարմինները վերադարձնելու հարցը, այլև էլ ավելի են խանգարում գործընթացին, քանի որ, ուղղակի, թե անուղղակի, ամրապնդում են ադրբեջանական մերժողականության դիրքերը: Բայց պարզվում է, որ հայկական կողմի համար սա ոչ միայն խնդիր չէ, այլև նույնիսկ Երևանը բավարարված է խնդրի լուծման հարցում միջազգային հանրության ներգրավվածության և դերակատարության մակարդակով:

 

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե, չնայած կան օդաչուների մարմիններն այդ վայրից հանելու տարբերակներ, սակայն առայժմ հայկական կողմի ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցին լուծում տալուն: Ավելին, ըստ նախարարի` միջազգային հանրությունն ամեն ինչ անում է ընկած ուղղաթիռին հասնելու հնարավորություն ստանալու ուղղությամբ:

 

Բայց ամենաաբսուրդայինն այն է, որ նախարարը լուրջ հաջողություն է համարում Անջեյ Կասպրշիկի հետ բանակցությունների, Կարմիր խաչի հետ աշխատելու արդյունքում ընդամենը Մինսկի խմբի կողմից վերոնշյալ հայտարարության տարածումն այն դեպքում, երբ օդաչուների մարմինները ուղղաթիռի անկման վայրից հանելու հարցը չի լուծվում արդեն 8 օր շարունակ: Այսինքն` երբ 8 օր շարունակ դիվանագիտական ջանքերը, հերթապահ հայտարարություններից բացի, ոչ մի գործնական արդյունքի չեն հանգեցնում:

 

Եվ այս հայտարարություններն անում է մի նախարար, որը ողբերգական միջադեպից անմիջապես հետ, ԼՂՀ իր գործըկերոջը զուգահեռ, սպառնում էր հակառակորդին «մի քիչ էլ անհամաչափ» պատասխանով, պատժիչ գործողություններով: Այդ նախնական հայտարարությունների ֆոնին դիվանագիտական ջանքերին ապավինելու, միջազգային հանրության բացահայտ անգործությունն արդարացնելու ներկայիս պահվածքն արդեն այլ եզրակացությունների տեղիք է տալիս, միաժամանակ` խոսում դրսևորվող անհետևողականության և հանգամանքների ներկայիս դասավորությանը հարմարվողականության մասին:

 

Եթե այսպիսի հայտարարությունները հնչեցներ արտաքին գործերի նախարարը, ով, ինչպես նախորդ նմանատիպ սահմանային իրավիճակներում, այս օրերին ևս ընդհատակ է անցել, դեռ կարելի էր հասկանալ: Բայց հասարակական նյարդային սպասողականության, առավել ևս` պետական արժանապատվության համատեքստում պաշտպանության նախարարի կողմից նման կեցվածքի որդեգրումը հուսահատության հանգեցնելու, նահանջողականության անթաքույց նշաններ է պարունակում, եթե չասենք ավելին:

 

Մնում է հավատալ, որ այս ամենը ոչ թե իրական որդեգրված քաղաքական դիրքորոշում է, այլ յուրօրինակ քարոզչական մանևր, հակառակորդի զգոնությունը թուլացնելու միջոց: Թեև մյուս կողմից` հարց է առաջանում` արդյո՞ք նման մանևրների համար Ադրբեջանն այդքան միամիտ է, եւ արդեն չափից դուրս ուշ չէ՞...

 

Գևորգ Դարբինյան