Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Տնակ» աշխատանքի տեղավորման գործակալությունը գործում է 2001 թվականից: Գրանցվելու համար առաջարկվում է 3 եղանակ`
1. 5000 դրամ 1 տարվա համար եւ պահում` առաջին աշխատավարձի 20 տոկոսը,
2. 2000 դրամ` 4 ամսվա համար եւ առաջին աշխատավարձի 35 տոկոսը,
3. անժամկետ անվճար գրանցում եւ առաջին աշխատավարձի 50 տոկոսը:
Կենտրոնի տնօրեն Հարություն Հարությունյանի հավաստմամբ` շատ են մարզերից դիմողները:
«Ամսական մոտ 60 պայմանագիր ենք կնքում. 60-ից 30-ն անցնում են աշխատանքի: Սուտ է, որ 45 տարեկանից բարձր կանայք չեն կարող աշխատանք գտնել»,- ասաց պարոն Հարությունյանը: Ըստ նրա` պարզապես անհրաժեշտ է համապատասխան աշխատանք փնտրել:
Հարցին, թե ի՞նչ ասել է համապատասխան աշխատանք, վերջինս պատասխանեց. «50-ից հետո պետք է արհեստով զբաղվի մարդը, ի՞նչ կապ ունի բարձրագույն կրթությունը: Կինը կարող է լավ կարկանդակ կամ խինկալի պատրաստել»:
Առակս ինչ կցուցանե` ժողովուրդ արհեստ իմացեք, ի՞նչ կրթություն, մեկ է` 50-ից հետո աման լվացող կամ կարկանդակ թխող եք դառնալու:
Կենտրոնի տնօրենի հավաստմամբ` իրենք այժմ ունեն ցանկացած մասնագետի պահանջ: Ստացվում է` մարդիկ զուր են բողոքում, իբրեւ թե աշխատանք չկա` «տեղն իմացող չկա»:
Նշենք, որ Հ. Հարությունյանին տարբեր ձեւակերպումներով հարցրինք, թե ամենից շատ ի՞նչ մասնագետի կարիք ունեն իրենց դիմող կազմակերպությունները, ի՞նչ աշխատատեղի համար են ամենից շատ դիմում մարդիկ եւ հիմնականում ո՞ր տարիքային խումբն է աշխատանք փնտրում, պատասխանը մեկն էր. «Բոլոր»: Հետո նշեց, որ լրագրողի, բժշկի, դերասանի պահանջ չկա, բայց ասաց նաեւ, որ բոլոր մասնագիտությունների պահանջ էլ կա: Չհասկացա՞ք, հոգ չէ, մենք էլ չհասկացանք:
Ըստ կենտրոնի տնօրենի` աշխատանքային փորձի կարեւորության մասին խոսք լինել անգամ չի կարող` «մարդս մարդ լինի»: «Հիմա փորձը առաջնային չէ, մեծ է մարդկային գործոնը: Կարող է փորձառու լինես, բայց կոլեկտիվը չընդունի քեզ, լավ մարդ չլինես: Ինչ խոսք, փորձը շատ կարեւոր է», -ասաց Հ. Հարությունյանը: Փաստորեն, աշխատանքի փորձը կարեւոր է, բայց կարեւոր չէ:
Վերջում` որպես ամփոփում, Հարությունյանը պարզ թվաբանության միջոցով եզրահանգեց, որ, եթե այսպես շարունակվի, Հայաստանում գործազրկության մակարդակը կաճի:
«Մենք տարեկան 300 աշխատող ենք ընդունում: Նրանք ընդունվում են 200 աշխատանքից ազատվածների տեղում. եթե այսպես շարունակվի` գործազուրկների թիվը կավելանա»,- ասաց Հարությունյանը:
Չհասկացա՞ք, հոգ չէ, թվաբանությունից լավ մեկին խնդրեք բացատրել: