Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Русский Репортер կայքը, որը Wikileaks-ի գործընկերն է Ռուսաստանում, հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ ամերիկյան դիվանագետները պատմել են 2005թ. Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի մասին, ով ոսկի արդյունահանող Global Gold Corporation միջազգային կազմակերպությունից պահանջել էր 3 միլիոն դոլար կաշառք` այդ մասին հայտնելով Global Gold Corporation իրավաբան Աշոտ Պողոսյանին (նշվում է նաև պատգամավոր Մուրադ Գալոյանի անունը, որը պետք է այդ կաշառքը ստանար): Սակայն ընկերությունն այդ գումարը չի վճարել, իսկ նախարարությունն էլ հետ է կանչել երկու հանքավայրերում ախատանքներ իրականացնելու` ընկերության թույլտվությունը:
Փաստաթղթում նշվում է, որ Global Gold Corporation-ը գործունեություն է իրականացրել Հայաստանում` հանքավայրեր մշակելով Հանքավանում և Մարջանում: Այդ հանքավայրերի շահագործման լիցենզիայի ժամկետը լրանում էր միայն 2017 թ.: Սակայն 2003 թ. Հայաստանում ընդունվել է օրենք, համաձայն որի` այդ ժամանակ գործող լիցենզիաները անհրաժեշտ էր փոխարինել նորերով: Global Gold Corporation-ը այդ օրենքի ընդունումից հետո ստացել էր նոր լիցենզիաներ, սակայն դրանց շահագործման ժամկետներն ավարտվում էին 2004թ. և 2005 թ. համապատասխանաբար, այլ ոչ թե նախկինում նշված 2017թ.-ին, ինչն էլ Global Gold Corporation-ի և ՀՀ կառավարության միջև վեճի առարկա էր դարձել:
Ըստ Global Gold Corporation տեղեկությունների` 2005 թ. հուլիսին Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ընկերության իրավաբան Աշոտ Պողոսյանին հայտնել էր, որ անհրաժեշտ է իր մոտ գործընկերոջը և ԱԺ պատգամավոր Մուրադ Գալոյանին վճարել 3 մլն դոլար կաշառք` պնդելով, որ այդ վճարումն անհրաժեշտ է 2003 թ. գործարքն ավարտելու համար:
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ դեսպան Էվանսը կաշառքի այս գործի մասին իմացել է 2006թ., երբ հանդիպել է Global Gold Corporation-ի` ԱՄՆ քաղաքացի հանդիսացող ղեկավարի, ինչպես նաև իրավաբան Պողոսյանի հետ: Նրանք նաև հայտնել են, որ իրենց պատկանող լիցենզիաները տրվում են այլ ընկերությունների, ինչպես նաև խոչընդոտներ են ստեղծվում հետագա գործունեության համար:
2006 թ. դեսպան Էվանսը բարձրացրել է այս հարցը հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ժամանակ` նշելով այսօրինակ խնդիրների մասին, սակայն չի վերհանել կոնկրետ Global Gold Corporation-ի խնդիրը: Ի զարմանս դեսպանի, ֆինանսների նախարարը խոսել է հենց այդ ընկերության` Global Gold Corporation-ի մասին, ինչը վկայել է, որ կառավարության անդամները ծանոթ են խնդրին: Ֆինանսների նախարարը նաև խորհուրդ է տվել դիմել դատախազություն: Սակայն հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգի վատ համբավը` Global Gold Corporation-ը չէր դիմել դատարան: Փաստաթղթում նշվում էր, որ գլխավոր դատախազն ինքը կարող էր քննություն սկսել, սակայն դա չի արել:
Global Gold Corporation-ը չի ցանկացել դիմել դատարան, այլ դիմել է Հայաստանի վարչապետին կից Գործարարության աջակցման խորհրդին: Այդտեղ Global Gold Corporation-ի ներկայացուցիչն ու ֆինանսների նախարարը բուռն վեճ են ունեցել: Վերջինս մեղադրել է Global Gold Corporation-ին երկրի վարկի հետ խաղալու մեջ:
Global Gold Corporation-ը սկզբնական շրջանում չի ցանկացել բարձրացնել կաշառք պահանջելու հարցը: Սակայն քննարկումների վերջնական փուլում այդ ընկերությանը կոչ են արել դիմել Երևանի դատարան (փաստաթղթում նշվում է, որ Global Gold Corporation-ը վարչապետին մեղադրեց նախարարի հետ համաձայնության մեջ գտնվելու մեջ):
Փաստաթղթում նշվում է, որ խնդրին տեղյակ են եղել ամենաբարձր մակարդակով, այդ թվում` նախագահի աշխատակազմում:
Դրանից հետո Global Gold Corporation-ի և բնապահպանության նախարարի միջև սկսվել է բանավեճ մամուլի միջոցով: Այնուհետև ինչպես ընկերությունը, այնպես էլ ամերիկյան դեսպանատունն ամեն կերպ փորձել են գտնել հարցի լուծումը, սակայն ապարդյուն: Ինչպես նշվում է փաստաթղթում, Global Gold Corporation-ի իրավաբան Պողոսյանը հանդիպել է գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայութան ներկայացուցիչների հետ, որոնք Պողոսյանին «թաքուն» հայտնել են, որ գլխավոր դատախազը կարգադրել է Global Gold Corporation-ի դեմ որևէ «կոմպրոմատ գտնել»:
Պողոսյանը հանդիպել է նաև ԱԱԾ աշխատակցի հետ, որն իր ընկերն է եղել: Վերջինս Պողոսյանին խորհուրդ է տվել «զգույշ լինել ճանապարհներին»` ակնարկելով, որ կարող է նրանց դեմ ոտնձգություններ լինեն:
Փաստաթղթում նաև նշվում է, որ դեսպանատան միջոցով հաջողվել է կանխել Global Gold Corporation-ի պատկանող հանքավայրերի աճուրդը: 2007թ.-ին այդ ընկերության ղեկավարը հանդիպել է այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, որն ասել է, թե հարցին կանդրադառնա այն ժամանակ, երբ երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ և կձևավորվի նոր կառավարություն:
Այնուհետև փաստաթղթում նշվում է, որ այս գործի նախապատմությունից կարելի է ենթադրել, որ այն դեռ երկար կմնա անորոշ վիճակում, թեպետ ամերիկյան դեսպանատունն ամեն կերպ աջակցելու է Global Gold Corporation ընկերությանը: