կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-07 22:27
Սպորտ

Վասիլի Բերեզուցկի. Հաղթանակ` հրամանո՞վ...

Վասիլի Բերեզուցկի. Հաղթանակ` հրամանո՞վ...

Ռուսաստանի հավաքականի պաշտպան Վասիլի Բերզուցկին СЭ-ին տված հարցազրույցում խոսել է Իրանի հետ կայանալիք ընկերական հանդիպման մասին, ինչպես նաև մեկնաբանել է այն տեղեկությունը, համաձայն որի` «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան խաղը կարող է պայմանավորված բնույթ ունենալ:

«Թեեւ այդ հանդիպումը ընկերական է լինելու, այնուամենայնիվ, խաղի ընթացքին հետևելու է ողջ երկիրը: Այս ընկերական հանդիպմամբ մենք նաև պատրաստվում ենք Հայաստանի հավաքականի հետ կայանալիք ընտրական խաղին: Նույն տեսանկյունից կարելի է դիտարկել նաև Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը»,- ասել է նա:

- Ինչպե՞ս եք գնահատում այն իրավիճակը, որ ստեղծվել է B խմբում:

- Այն շատ բարենպաստ է մեզ համար: Թիմը առաջ է ընթանում առաջին տեղով, իսկ դա հիանալի է: Բայց, ամեն դեպքում, պետք է հաղթել մնացած հանդիպումներում ևս:

- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նպատակ է դրել անպայման հաղթել այդ հանդիպումը:

- Նախագահի ցանկությունները հասկանալի են, սակայն ֆուտբոլում որոշիչ դեր են խաղում հենց ֆուտբոլիստները:Չեմ կարող հիշել այդպիսի մի դեպք, երբ  որևէ մեկը հաղթել է հրամանով: Իսկ եթե մենք հաղթենք, միթե նախագահը պատժամիջոցներ կկիրառի իր ֆուտբոլիստների հանդեպ:

-Ինչպե՞ս ընդունեցիք հայկական թերթի տարածած այն տեղեկությունը, իբրև Ռուսաստանը գնել է Հայաստանից խաղը:

- Դա պարզապես զառանցանք է: Երբ մենք հանդիպում ենք ԽՍՀՄ նախկին պետությունների հետ, ոմանք անպայման փորձում են հետաքրքրություն ստեղծել այդ հանդիպման նկատմամբ: Այդպես էր նաև Ադրբեջանի հետ խաղից առաջ: Իմ կարծիքով՝ պետք չէ ուշադրություն դարձնել նման հորինվածքների վրա, առավել ևս՝ հավաքականի ֆուտբոլիստներին: Այդ ամենը անհեթեթություն է:

- ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեր հավաքականը զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, սակայն զիջում է Հունաստանին, Խորվաթիային և Ուրուգվային:

- Ես չեմ հետևում նման աղյուսակների, մի՞թե դրանք ազդում են որևէ բանի վրա: Ինձ համար ամենակարևոր ցուցանիշը աշխարհի կամ Եվրոպայի առաջնությում հայտնվելն է և բարձր տեղեր գրավելը: