կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-06 02:28
Քաղաքական

Վ. Հովհաննիսյանը մասնակցել է Եվրոնեստի քննարկումներին

Վ. Հովհաննիսյանը մասնակցել է Եվրոնեստի քննարկումներին

Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի վերաբերյալ քննարկումները Եվրախորհրդարանում տեղի ունեցան հունվարի 25-26-ը՝ Ընդլայնված բյուրոյի նիստերի ընթացքում: Եվրանեսթի ԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը այդ քննարկումներում առաջ քաշեց մի շարք մոտեցումները:


«Արևելյան գործընկերության 6 երկրներն էլ իրենց արտաքին քաղաքականության հայեցակարգերում, որպես նպատակ, հատուկ նշել են եվրոպական ինտեգրման գաղափարը: Այս կապակցությամբ կա երկու հարց` մտադրությունների անկեղծության աստիճանն ու դրանք իրականացնելու ռեալ հնարավորությունները: Պարզ է, որ դրանք բոլորի մոտ հավասար չեն: Եվ եթե մի կողմ դնենք ոմանց կասկածամտությունը Եվրանեսթի նկատմամբ և ընկալենք այն՝ որպես կամուրջ դեպի Եվրամիություն, ապա պետք է հասկանալ, որ այդ կամուրջը բոլորը նույն արագությամբ անցնել չեն կարող:

Սա նորից բերում է  մեզ Բելառուսի մասնակցության հարցին: Հայաստանը հստակ արտահայտել է իր տեսակետը` մենք կողմ ենք եղել Բելառուսի լիարժեք մասնակցությանը Եվրանեսթում և հիմա էլ կողմ ենք:


Տարօրինակ չէ, որ Արևելյան գործընկեր երկրները պաշտպանում են Բելառուսի մասնակցությունը: Բանն  այն է, որ ի սկզբանե Եվրոնեսթի կազմավորման ընտրված ձևը ենթադրում է միավորել տարբեր հարթությունների վրա գտնվող մոտեցումներ: Եվրոպական պառլամենտը ներկայացված է քաղաքական ֆրակցիաներով, մինչդեռ Արևելյան գործընկերները` ազգային պատվիրակություններով: Սա ստեղծում է մոտեցումների և ընկալումների տարբերոթյուն, որը դժվար է հաղթահարել: Գուցե ավելի նպատակահարմար կլիներ կիրառել Եվրանեսթի մեկ այլ մոդել:

Օրինակ՝ արդեն հիշատակված Եվրամեդ պառլամենտական վեհաժողովում Եվրոպան ներկայացնող 120 պատգամավորից միայն 45-ը ներկայացնում են Եվրապառլամենտը, մնացած 75-ը ներկայացնում են եվրոպական երկրների ազգային խորհրդարանները: Սա, իմ կարծիքով, ավելի ճկուն մոդել է»,- ասել է Վ. Հովհաննիսյանը:


Քննարկումների ավարտին Ընդլայնված բյուրոյի եվրոպական անդամները, ինչպես նաև նախագահ Քրիստիան Վիգենինը պնդել են, որ ստեղծված իրավիճակում Բելառուսը Եվրանեսթին մասնակցելու հրավեր չստանա: Այդ հրավերը ԵՊ նախագահ Բուզեկը մոտ օրերս ուղարկելու է մնացած 5 երկրների խորհրդարաններին` առաջարկելով նաև Եվրանեսթի հիմնադիր ժողովի ժամկետը:

 

Վահան Հովհաննիսյանը առաջարկը` ստեղծել 2 աշխատանքային խումբ ընդունվել է: Դրանք են՝


1.    Բելառուսի ներգրավման գործընթացը շարունակելու համար (այս առաջարկով հանդես էր եկել նաև Ուկրաինայի ներկայացուցիչը)


2.     Եվրանեսթի կազմակերպական մոդելը բարեփոխելու համար:

 

Վահան Հովհաննիսյանը, սակայն, նշել է, որ ոչ մի փոփոխություն չի կարող անտեսել Հայաստանի կողմից արված և բոլորի համաձայնությամբ Եվրանեսթի հիմնադիր փաստաթղթերում ընդգրկված առաջարկները, այլապես Հայաստանի դիրքորոշումը նույնպես կարող է փոխվել. տեղեկացնում են ՀՅԴ մամլո դիվանը: 



Հիշեցնենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը խորհրդարանական բաղադրիչն է Եվրամիության ՝ Արեւելյան գործընկերության ծրագրի. այն կազմված է Եվրոպական խորհրդարանի 60 եւ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդարանների 60 անդամներից։