կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 13:58
Քաղաքական

Ինչպե՞ս է ՀԱԿ-ը շարունակելու իր քաղաքական դերակատարումը, եթե չի մասնակցում Մայր օրենքի փոփոխության քննարկումներին

Ինչպե՞ս է ՀԱԿ-ը շարունակելու իր քաղաքական դերակատարումը, եթե չի մասնակցում Մայր օրենքի փոփոխության քննարկումներին

Այսօր ԱԺ քառօրյայում քննարկվում էր «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը: Օրենքի նախագիծը հեղինակել են ՀՅԴ պատգամավորները և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

ՕԵԿ խմբակցությունն առաջարկել էր փոփոխության մեջ ներառել ընտրացուցակների հրապարակման հարցը, ընտրացուցակների մաքրման հարցը, որը, սակայն, տեղ չէր գտել նախագծում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում նույնպես բարձրացրեց ընտրացուցակների հրապարակման հարցը՝ չհամաձայնելով այն պնդման հետ, որ ընտրացուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրերն իրենց անուններով պետք է կոչել, որ ժողովուրդը հասկանա, թե ինչ է կատարվում: Պատգամավորի պնդմամբ` կատարվում է այն, որ Սերժ Սարգսյանը չի կարող երրորդ ժամկետով ընտրվել` ըստ Սահմանադրության, ահա, թե ինչու իր թիմակիցների հետ նախաձեռնել է սահմանադրական ռեֆորմ, որպեսզի պահպանի կա\'մ ԱԺ նախագահի, կա\'մ վարչապետի պաշտոնը: Եվ այդ հարցը կարող է լուծվել հանրաքվեի միջոցով: Պատգամավորը դժգոհեց, որ ՀԱԿ խմբակցության առաջարկությունները չեն ներառվել նախագծում, խոսեց հեռուստատեսային քարոզչության մասին, որը ապահովված չէ:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ օրենքի ընդունումը խիստ կարևոր է և բխում է ժողովրդավարացման ու բազմակարծության սկզբունքներից:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց ընդդիմադիր գործընկերներին` մինչև վերջ կարդալ օրենքի փոփոխությունները: Մասնավորապես, անդրադառնալով Լևոն Զուրաբյանին, ասաց. «Ինչքան շատ խոսեք, այնքան մեզ օգուտ է, որովհետև մեզ դա դիվիդենդներ է բերում: Որ ուշադիր կարդաք, կտեսնեք, որ այդ փոփոխությունները ձեզ են օգուտ»:

Վահրամ Բաղդասարյանը խոսեց համայնքային ընտրությունների մասին` տարակուսելով, որ ՀԱԿ-ը կա\'մ թեկնածուներ չի առաջադրում համայնքային ընտրություններում, կա\'մ էլ, առաջադրելու դեպքում, այդ թեկնածուները ձայներ չեն հավաքում:

«Հասկանալի է այստեղ բարձրացված հիստերիան, որովհետև տեսնում եք, որ Հանրապետականը կրկին ձայներ հավաքեց»,- ասաց նա:

Անդրադառնալով Լևոն Զուրաբյանի բարձրաձայնած հարցին, թե սահմանադրական փոփոխությունների նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումն է, Վահրամ Բաղդասարյանը, նկատի ունենալով ՀԱԿ-ին, նշեց. «Չեմ պատկերացնում մի քաղաքական ուժ, որը չմասնակցի թիվ մեկ Մայր օրենքի քննարկումներին ու շարունակի դերակատարում ունենալ երկրի քաղաքական կյանքում: Մի\' վնասեք այս մոդելը, այս մոդելի կողմնակիցները 90-ականներից խոսում են այս մոդելի մասին: Քարկոծում եք, որ նրանք իրենց մոտեցումները, սկզբունքները չե՞ն փոխել, դուք մտածեք ձեր մասին, որ թեկնածուներ համայնքային ընտրություններում չունեք»: