կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 03:34
Հասարակություն

Բժիշկը միտումնավոր սխալներ չի անում

Բժիշկը միտումնավոր սխալներ չի անում

«Բժշկի սխալներով պայմանավորված մահվան դեպքերն ամբողջ աշխարհում առաջին տեղում են: Սակայն բժիշկը չի անում դա միտումնավոր եւ չի անում, որովհետեւ նման բան է ուզում տեսնել արդյունքում»,- ասաց առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը առողջապահության նախարարության եւ «Վորլդ Վիժըն»-ի կազմակերպած սեմինարին: 

 

Նա նշեց նաեւ, որ կան դեպքեր, որ  այդ «սխալները» անթույլատրելի են, հետեւանք են անփութության եւ որոշ դեպքերում նույնիսկ` միտումնավորության: Օրինակ, երբ սխալը պայմանավորված է բժշկի մասնագիտական գիտելիքների նվազ պաշարով, համակարգի, տվյալ բուժհիմնարկի ոչ պատշաճ կազմկերպվածությամբ: Հավանական է, որ մահվան պատճառ լինի համապատասխան սարքավորումների եւ դեղորայքի պակասը:

 

Սակայն, գլխավոր մասնագետի խոսքերով, մեր հանրապետությունում գրեթե չկան ծննդաբերության ժամանակ մայրական մահի դեպքեր, որոնց պատճառը բժշկի սխալն է: Ընդհանուր առմամբ` տարեկան գրանցվում է մոտ 5000 մահվան դեպք, որից 10-15-ը մայրական մահացության դեպքերն են: Իսկ նախորդ տարի ընդամենը երեք դեպք է գրանցվել, ինչը վկայում է մասնագիտական թիմերի լավ աշխատանքի մասին:

 

Վերջին երեք տարիների ընթացքում գրանցվել է մայրական մահացության 30 դեպք եւ ոչ մեկը բժշկի սխալի հետեւանք չի եղել: Այս եզրահանգմանը եկել է առողջապահության նախարարությունում գործող մանկաբարձության եւ գինեկոլոգիայի խորհուրդը:

 

Մահվան պատճառներից է, երբ կինը բավականին ուշացումով է դիմում բժշկին` սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով: Պատահում են դեպքեր, երբ մարզային հիվանդանոցներում` կապված սարքավորումների հետ չեն կարողանում համապատասխան բժշկական միջոցներ ձեռնարկել, եւ նրան ստիպված տեղափոխում են մեկ այլ բուժհաստատություն: Կամ էլ դիմում են այն պահին, երբ վիճակը ծանրանում է եւ բժիշկը անելու ոչինչ չի ունենում:

 

Մայրական մահացության դեպքերի պատճառ հիմնականում լինում են հղիության հետ անհամատեղելի կնոջ այլ հիվանդությունները: Օրինակ` երիկամների, սրտի որոշ խնդիրների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս ընդհատել հղիությունը.

 

«Կինը ծանր հիպերտոնիա է ունեցել: Անկետայի մեջ մի քանի անգամ նշվել է հղիությունն ընդհատելու առաջարկության մասին: Նա հրաժարվել է: Դա իր իրավունքն է: Եվ, դժբախտաբար, ծննդաբերությունից հետո մահ է արձանագրվել»,- ասաց Գ. Ավագյանը:

 

Կան դեպքեր, երբ մահվան պատճառ են լինում այլ հիվանդությունները: Օրինակ` վերոնշյալ 30 դեպքերից հինգի պատճառը H1N1 գրիպն է եղել: Սրանք այն դեպքերն են, երբ բժիշկները ոչ կարող են կանախտեսել, եւ ոչ էլ կանխել մահը: Գ. Ավագյանը նշեց, որ այնպիսի դեպքեր, երբ բժիշկը կարող էր կանխել մահը, սակայն չի արել, չեն եղել:

 

Նշենք, որ նախորդ տարիների համեմատությամբ` նվազել են նաեւ մանկական մահացության վաղ նորածնային դեպքերը: Աճել է նաեւ նորածինների թիվը. նախնական տվյալներով` 2010 թվականին ծնվածները մոտ 45000 են` մոտ 500-ով ավելի` 2009 թվականի համեմատությամբ:

 

«Այսօր 6.2 հազար կենդանածնի համեմատությամբ` մահացուցության մեր ցուցանիշը եվրոպական երկրների ցուցանիշներին մոտ է: Հուսանք, որ այն կարող ենք պահպանել»,- ասաց Գայանե Ավագյանը:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ