Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը` օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող ենթակառուցվածքներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրած փաստերի՝ հունվարի 12֊ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության եւ ֆիքսված համացանցի հասանելիությունը։
Օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող ենթակառուցվածքներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը, որի վառ ապացույցն է գազամատակարարման խաթարումները (2022 թ․ մարտ, 2022 դեկտեմբեր), էլեկտրական բարձրավոլտ լարերի վերականգնմանը հունվարի 9-ից խոչընդոտելը, Արցախի տարածքում համացանցի եւ բջջային կապի պարբերական խաթարումները։
Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում ենթակառաուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ է հետապնդում Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկելու հավելյալ տառապանքների եւ մարդկային անտանելի պայմաններ ստեղծելու Արցախում։
Ադրբեջանի վարքագիծը անարգանք է մարդու իրավունքների օրակարգի, մարդսաիրական արժեքների եւ քաղաքակրթության նկատմամբ։ Պետություններն ու միջազգային կառույցները եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ եւ ՖՐԱՆՍԻԱՆ պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը»,- գրել է նա։