Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիպրոսի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի առեւտրաարդյունաբերական պալատում ներկա է գտնվել երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող գործարար համաժողովի բացմանը:
Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին, խոսել հայ-կիպրական տնտեսական համագործակցության ներկայիս վիճակի եւ զարգացման հեռանկարների, Հայաստանի եւ Կիպրոսի առեւտրաարդյունաբերական պալատների, գործարար միությունների, ներդրումներն ու առեւտուրը խթանող կառույցների միջեւ կապերի հաստատման ու ամրապնդման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված երկկողմ ջանքերին ամենաբարձր մակարդակով` երկու երկրների իշխանությունների կողմից հետեւողական աջակցության մասին, որի վերաբերյալ Հայաստանի եւ Կիպրոսի նախագահները խոսել են նաեւ իրենց առանձնազրույցի ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.
«Նախագահ Խրիստոֆիասի` 2009թ. հուլիսին Հայաստան կատարած այցի շրջանակներում մեր ունեցած բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձել էինք Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդիրներին` առաձնահատուկ կարեւորելով գործարար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Այս գործարար համաժողովի անցկացումը հենց այդ նպատակին է ուղղված։
Տնտեսական համագործակցության պատկերը, մեղմ ասած, համապատասխան չէ մեր բարեկամ ժողովուրդների հարաբերությունների բնույթին եւ ոգուն: Այդ բացը լրացման կարիք ունի:
Այսօր չէի ուզենա կենտրոնանալ ստեղծված իրավիճակի պատճառների վրա. ակնհայտ է, որ այն երկուստեք ցուցաբերած որոշակի պասիվության, անբավարար ջանքերի, անբավարար տեղեկացվածության արդյունք է: Պետք է շտկել այս վիճակը, ծավալել փոխշահավետ այնպիսի առեւտրատնտեսական, գործարար համագործակցություն, որի արդյունքներն ամենամոտ ապագայում տեսանելի կլինեն:
Առաջին հաջողությունները վստահաբար ոգեւորիչ նշանակություն կունենան մեր երկրների գործարար համայնքների համար: Այս ուղղությամբ խիստ կարեւոր են Հայաստանի եւ Կիպրոսի առեւտրաարդյունաբերական պալատների, գործարար միությունների, ներդրումներն ու առեւտուրը խթանող կառույցների միջեւ կապերի հաստատումն ու ամրապնդումը, նման գործարար համաժողովների հաճախակի եւ պարբերական անցկացումը մեր երկրներում:
Լիահույս եմ, որ արդեն այս գործարար համաժողովը լուրջ խթան կհանդիսանա մեր առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման եւ գործարար շրջանակների միջեւ փոխշահավետ համագործակցության հաստատման համար:Օրերս Երեւանում գումարվեց Հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այդ ձեւաչափը համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետեւողական քայլեր ձեռնարկելու լավ հնարավորություն է:
Կապերի զարգացման ներուժի առումով կցանկանայի հատուկ առանձնացնել բանկային եւ զբոսաշրջության ոլորտները։ Այս այցի ընթացքում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի իրագործման 2011-2012թթ. համատեղ գործողությունների Ծրագիրը, որն այդ ոլորտում արդյունավետ գործակցության համար լավ հիմք է ապահովում։
Կարեւորում եմ նաեւ գյուղատնտեսության եւ սննդամթերքի արտադրության ոլորտում, հատկապես օրգանական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող գործարարների միջեւ փորձի փոխանակման, ներդրումների իրականացման եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման անհրաժեշտությունը:
Առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման տեսանկյունից առանցքային է գործարարության աջակցության պետական եւ ոչ պետական կառույցների միջեւ համագործակցության հաստատումն ու զարգացումը: Երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու գործում, անշուշտ, ոչ պակաս կարեւոր է նաեւ երկու երկրների դիվանագետների նպատակաուղղված, համակարգված եւ հետեւողական աշխատանքը:
Վստահ եղեք, որ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված բոլոր ջանքերը գտնվելու են երկու երկրների իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում, եւ անհրաժեշտության դեպքում հետեւողական աջակցությունը կլինի ամենաբարձր մակարդակով:
Մի բան ակնհայտ է. բարեկամ երկրի հետ իրականացվող առեւտրատնտեսական գործունեությունն ի սկզբանե զերծ է բազմաթիվ ռիսկերից, եւ սա դժվար է ժխտել: Մեր տնտեսություններում առկա կապիտալը, մարդկային եւ գործարար ռեսուրսը պետք է նպաստեն առաջին հերթին մեր եւ մեր բարեկամ երկրները շենացնելու գործին: Այլապես կարելի է ասել, որ մենք պատմությունից դասեր չենք քաղել:
Եվս մեկ անգամ ողջունում եմ հայ-կիպրական գործարար համաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, հաջողություն եմ մաղթում բոլորիդ»: