կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-15 02:16
Հասարակություն

ԵՐԵՎԱՆ-City-ում լրագրողներին չեն սիրում

ԵՐԵՎԱՆ-City-ում լրագրողներին չեն սիրում
Արդեն երկու օր է` չի գործում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան-City» սուպերմարկետների ցանցի Տիգրան Մեծ պողոտայի խանութը: Առաջին օրը խանութի մուտքի մոտ ցուցանակները տեղեկացնում էին`«Փակ է` հաշվարկ», իսկ այսօր ցուցանակներին ավելացավ եւս մեկը` «Սանիտարական օր»: Փորձեցինք պարզել, թե քանի օրով է փակվել սուպերմարկետը եւ երբ կվերաբացվի, սակայն խանութի մենեջերներից մեկը պատասխանեց, որ ոչ ոք ոչինչ չի կարող ասել` խանութը կարող է բացվել այսօր, կարող է բացվել եւ վաղը: Հիշյալ մենեջերին խնդրեցինք ներկայանալ, բայց նա պատասխանեց, որ հեռախոսով ոչ ոքի չի ներկայանում: Սակայն խանութի «մենեջերական կոլեկտիվի» հետ մեր դեմառդեմ զրույցը եւս չստացվեց: Որքանո՞վ է արդարացված էլեկտրոնային մամուլում տարածված տեղեկությունը` առաջիկայում ցանցի մի քանի խանութների փակման վերաբերյալ` մեր լրագրողի հարցին ի պատասխան կրկին ներկայանալ չցանկացող մենեջերներից մեկը խիստ բորբոքվեց եւ նրան «անկիրթ» կոչեց. «Եթե էդքան հավատում եք բամբասանքներին, ուրեմն էնքան կիրթ եղեք` իմանալու, որ մի քանի օր առաջ էլ Բանգլադեշի խանութն էր փակվել` հաշվարկի համար»: Մյուս «անանուն» մենեջերն էլ միջամտեց. «ժողովուրդը ամեն ինչ կարող է խոսել, բայց ես նման խոսակցություններ չեմ լսել»: Այնուհետեւ սույն մենեջերները հայտարարեցին, որ ավելորդ ժամանակ չունեն վատնելու եւ դուրս հրավիրեցին իրենց իրավասության տակ գտնվող սուպերմարկետից: Նշենք, որ հիշյալ խանութի «մենեջերական կազմը» բավականին կասկածով զննեց նաեւ լրագրողի ձայնագրիչը` պահանջեց այն դնել սեղանին` համոզվելու համար, որ վերը նշված խոսակցությունը չի ձայնագրվի: