Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ առաջատար պարբերականներից «Վաշինգտոն փոստը»,հուլիսի 29-ին հոդված է հրապարակել, որում կտրուկ քննադատում է Ադրբեջանում ընդդիմությունը ճնշելու համար Իլհամ Ալիևի քաղաքականությունը:
«Ադրբեջանի նախագահը երբեք չի սիրել անկախ լրագրողներին կամ այլախոհներին: Փետրվարյան խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից համարվել են զուրկ իրական քաղաքական մրցակցությունից:
Հիմա, համաճարակի, նավթի ցածր գների և Հայաստանի հետ լարվածության ֆոնին պարոն Ալիևը անսպասելիորեն գտել է իր «հինգերորդ շարասյունը»՝ թշնամիներին՝ ի դեմս քաղաքական ընդդիմության, և սկսել է նրանց գցել բանտ՝ սպառնալով ոչնչացնել Ադրբեջանում մնացած անկախ քաղաքական ուժերը», - ասվում է հոդվածում:
Մարտին Նովրուզի տոնի կապակցությամբ խոսելով ազգի հետ՝ Ալիևն ասել էր, որ Ադրբեջանի ներքին թշնամիները ներսից քայքայում են երկիրը:
«Մեր մեջ գտնվող թշնամիները՝ այս հակաժողովրդական տարրերը, որոնք իրենց անվանում են ընդդիմություն, դավաճաններ են, ովքեր փող են ստանում դրսից: Նրանց հիմնական նպատակը Ադրբեջանը ոչնչացնելն է», - ասել է նա և ավելացրել, որ համաճարակի ընթացքում «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչների մեկուսացումը դարձել է պատմական անհրաժեշտություն»:
Հոդվածում նշվում է, որ հայ-ադրբեջանական վերջին բախումների ժամանակ Բաքվում ցույցեր տեղի ունեցան, որի ընթացքում ցուցարարները նույնիսկ մտան խորհրդարանի շենք։ Ալիևը դա նույնպես կապես հինգերորդ շարասյան հետ՝ քննադատելով երկրի հիմնական ընդդիմությանը՝ «Ազգային ճակատ» կուսակցությանը, այն դեպքում, երբ Ալիևի գլխավոր քաղաքական հակառակորդ և կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր աջակցությունն էր հայտնել պետությանն ու բանակին։
Ըստ տարբեր աղբյուրների, այս օրերին ձերբակալվել է մոտ 120 մարդ, այդ թվում՝ կուսակցության առաջնորդներ և ակտիվիստներ:
Հուլիսի 20-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ էր արել Ադրբեջանին չօգտագործել համաճարակը քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը ճնշելու համար: Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել էր՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում ռասսայական խտրականության կապակցությամբ ցույցերը. «Այս իրավիճակում մենք չենք կարող հասկանալ, թե ինչն է անհանգստացնում ԱՄՆ պետդեպարտամենտին և ինչու», - նշրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Եկեք բացատրենք: Միացյալ Նահանգներում բողոքի ցույցերը կենսունակ ժողովրդավարության աղբյուր են, որն ունի իր խնդիրները, բայց երաշխավորում է խոսքի և հավաքների ազատության իրավունքը, այդ թվում՝ նախագահին քննադատելու իրավունքը: Պարոն Ալիևի երկաթե բռունցքը իր քննադատողներին ոչնչացնելու համար հակասում է ժողովրդավարությանը, այդ իսկ պատճառով բոլորը պետք է անհանգստանան այդ խոնարհ բռնակալի համար», - եզրափակում է պարբերականը: