կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 03:35
Հասարակություն

Ո՞վ է ոչնչացնում Կեչուտը

Ո՞վ է ոչնչացնում Կեչուտը

Վայոց Ձորի մարզպետարանն անօրինական է համարել «Արգամիկ» ընկերության գործունեությունը, որը Ելփին գյուղ ծանր տեխնիկա էր մտցրել Կեչուտ տեղամասում պղնձի պաշարների հետախուզման համար:

 

Այս ընկերությունը, որը գրանցված է Արարատի մարզի Մխչյան գյուղում եւ, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, աշխատանքներն իրականցնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից 24.3.2009թ. տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ 65/1 հատուկ լիցենզիայի հիման վրա, սակայն չունի Ելփին համայնքի ավագանու կողմից նշված տարածքը օգտագործման տրամադրելու համաձայնության եւ համայնքի ղեկավարի եւ «Արգամիկ» ընկերության միջեւ կնքված հողհատկացման պայմանագիր»,- նշված է Վայոց Ձորի մարզպետարանի գրավոր եզրակացության մեջ (թիվ 01/10/4011-10): Դրանով խախտվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթը (հոդված 16-րդ, 1-ին մաս, 2-րդ կետ):

 

Այնինչ, ըստ «ԷկոԼուրի», Ելփինի բնակիչներին ուղղված ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի վարիչ Հ.Փանոսյանի ստորագրությամբ պատասխանում (նամակ թիվ 20-7199, 16.09.2010թ.) նշված է, որ «Արգամիկ» ընկերությունը գործում է գործող օրենսդրության պահանջների համաձայն:

 

Թեպետ ներկա դրությամբ ընկերությունը գյուղից դուրս է բերել ծանր տեխնիկան, բնակիչները շարունակում են ահազանգել, որ ընկերությունը եւ նրա հովանավորները կհասնեն իրենց ուզածին եւ կվերսկսեն իրենց գործունեությունը: Նրանց հատկապես մտահոգում է գյուղի ջրամատակարարաման հարցը. աղբյուրները գտնվում են հենց հանքավայրի տարածքում: Բացի այդ, այդ վայրերը հայտնի են յուրահատուկ բնությամբ եւ կենսաբազմազանությամբ: «Մեր տարածքները նախկինում էլ էին հայտնի որսորդության համար, հիմա էլ: Հաճախ ենք մենք կրակոցներ լսում: Չենք մոտենում, քանի որ կարող ենք կրակահերթի տակ ընկնել»,- ասում են տարեցները:

 

«ԷկոԼուր»-ը դիմում է ՀՀ բնապահպանության նախարարությանը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակին առաջարկով` քննարկել տվյալ տարածքի հարցը եւ հազվադեպ հանդիպող եւ ոչնչացող տեսակների պահպանման համար ներառել այն Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ցանկում: