Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 9-ին Սուդանում սկսվել է երկրի հարավային մասի անկախության վերաբերյալ հանրաքվեն, որն ավարտվելու է հունվարի 15-ին. սևամորթ հարավցիները, որոնց մեծ մասը քրիստոնյա է (մի մասն էլ՝ հեթանոս), որոշում են՝ մնա՞լ միասնական Սուդանի կազմում, թե՞ անջատվել մուսուլման արաբներով բնակեցված Հյուսիսից։ Ենթադրվում է, որ ձայների հաշվարկը կավարտվի փետրվարի կեսին։ Եթե քվեարկությանը մասնակցի գրանցվածների ոչ պակաս, քան 60%-ը, և նրանց ավելի քան 50%-ը «այոե ասի անկախությանը, աշխարհի քաղաքական քարտեզի վրա կհայտնվի նոր պետություն (մայրաքաղաք Ջուբայով)՝ տարածքային առումով հավասար Ֆրանսիային։
«Ես հարավցիներին կոչ եմ անում պահպանել հանգստություն և ապահովել հանրաքվեի անցկացման հանձնաժողովների աշխատակիցների անվտանգությունը. նրանք պետք է պաշտպանվեն այնպես, ինչպես և Հարավի մնացած բնակիչները»,- կիրակի հայտարարել է Հարավային Սուդանի ղեկավար Սալվա Կիիրը։
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերին իր հերթին կիրակի հայտարարել է, որ Սուդանի Հյուսիսի ու Հարավի միջև հակամարտության խաղաղ լուծումը հանրաքվեի միջոցով կարող է օրինակ ծառայել ողջ Աֆրիկայի համար։ Նրա խոսքով՝ հանրաքվեն «ժողովրդավարական գործընթացի» ապացույց է։ «Կողմերի (Հյուսիսի ու Հարավի) ջանքերն արժանի են վստահության, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, այդ թվում՝ մեր հատուկ դեսպանորդի ջանքերով լուծել Հյուսիսի ու Հարավի միջև հարաբերությունների ամրապնդման խնդիրը վերջինիս անջատման դեպքում»,- ասել է սենատորը։
Հարավի բնակիչների մեծ մասն անգրագետ է։ Այդ իսկ պատճառով ազատ կամքի արտահայտման գործընթացը հեշտացնելու համար քվեաթերթիկում պատկերված է երկու խորհրդանիշ՝ ափ, որը խորհրդանշում է անկախությունը, և ձեռքսեղմում՝ ի նշան միասնական պետության։
Փորձագետների մեծ մասը կասկած չունի, որ քվեարկության արդյունքը լինելու է Աֆրիկայի ամենամեծ պետության մասնատումը երկու մասի։
Սուդանն անկախություն է ստացել 1956թ. հունվարի 1-ին։ Անկախություն ձեռք բերելուց հետո երկրում երկար տարիներ քաղաքացիական պատերազմներ են տեղի ունեցել իսլամական Հյուսիսի ու քրիստոնյա-հեթանոս Հարավի միջև։ Վերջին հակամարտությունն ավարտվել է 2005թ.՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, որի գլխավոր դրույթներից մեկն էլ հենց 2011թ. հունվարին Հարավային Սուդանի անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացումն էր։
Ներկայում Սուդանը Սահարայից հարավ ընկած աֆրիկյան պետությունների շրջանում նավթարդյունահանող երրորդ երկիրն է։ Հետազոտված նավթի պաշարները գնահատվում են 6 մլրդ բարել, արդյունահանման ծավալը օրական 510 հազ. բարել է։ Նավթի արդյունահանման հիմնական շրջանները գտնվում են Հարավային Սուդանում և Հյուսիսի ու Հարավի միջև սահմանամերձ շրջաններում։ Նավթից ստացվող եկամուտները Խարտումի արժութային մուտքերի հիմնական աղբյուրն են և կազմում են Հարավային Սուդանի բյուջեի 98%-ը։