կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 18:43
Քաղաքական

Հաղթողը մնում է աշխարհի քաղաքական քարտեզին, պարտվողը՝ միայն պատմության դասագրքերում

Հաղթողը մնում է աշխարհի քաղաքական քարտեզին, պարտվողը՝ միայն պատմության դասագրքերում
«Ժողովրդագրական զարգացում» ՀԿ նախագահ, պատմաբան Վանիկ Բաբաջանյանը գրում է.
 
«1921 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության՝ ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշմամբ Արցախը բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ վերջինս պարտավորվել էր Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարություն։ Սակայն, ինչպես և սպասվում էր, Ադրբեջանը չէր շտապում կատարել ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշումը՝ նպատակ ունենալով՝
 
1․ մարտավարական, այն է՝ մոռացության մատնել խնդիրը,
 
2․ ռազմավարական, այն է՝ Լեռնային Ղարաբաղը աստիճանաբար տարալուծել Ադրբեջանի վարչական բաժանումների սարդոստայնում և վերջնականապես հայաթափել այն։
 
Փաստորեն, 1921 թվականին հուլիսին խորհրդային Հայաստանը, տանուլ տալով պայքարը Լեռնային Ղարաբաղի համար, 1922-1923 թվականներին արդեն պայքարում էր ընդամենը Լեռնային Ղարաբաղի ինքնավարության համար։
 
1922 թվականի դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացած Անդրերկոմի նիստում, որը նախագահում էր Ալեքսանդր Մյասնիկյանը, ընդունվեցին համապատասխան որոշումներ, տրվեցին կարգադրություններ։ Այդ որոշումների մեխը «Լեռնային Ղարաբաղի ինքնավարության անցկացման մասին» որոշումն էր, որը հաստատվեց Անդրկովկասյան Դաշնության 1922 թվականի դեկտեմբերի 22-ին նիստում։
 
Սակայն, նույնիսկ դրանից հետո խորհրդային Ադրբեջանը չէր շտապում ինքնավարություն տալ Լեռնային Ղարաբաղին։ Անդրերկոմը 1923 թվականի հունիսի 27-ին հերթական անդրադարձը կատարեց հիմնախնդրին՝ հանձնարարելով Ադրբեջանին մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղն առանձնացնել որպես ինքնավար մարզ։
 
Ի վերջո 1923 թվականի հուլիսի 4-ին, Լեռնային Ղարաբաղին տիրանալուց երկու տարի անց, Ադրբեջանի կենտգործկոմի նախագահությունն ընդունեց որոշում՝ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ (ԼՂԻՄ) կազմավորելու մասին»։ Որոշումը դեկրետի ձևով հրապարակվեց նույն թվականի հուլիսի 7-ին։
 
Սակայն, ադրբեջանցիները նախապատրաստել էին այլ ծուղակ։ Նրանք ինքնավարություն տվեցին միայն Լեռնային Ղարաբաղի՝ հայերով բնակեցված տարածքներին։
 
1921 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության՝ ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշման ընդունման պահի փիլիսոփայության համաձայն Լեռնային Ղարաբաղի տարածքը կազմում էր շուրջ 8000 քառ․կմ (աղբյուրը՝ Կ․ Խաչատրյան, Հ․ Սուքիասյան, Գ․ Բադալյան «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին»)։
 
Սակայն, 1923-1924 թվականներին Լեռնային Ղարաբաղից առանձնացվեցին տարածքներ, որոնց վրա ձևավորեցին Աղդամի, Ջաբրայիլի և Քրդստանի գավառները։ ԼՂԻՄ-ը ձևավորվեց շուրջ 5000 քառ․կմ-ի վրա՝ ներառելով նաև Հադրութն ու Շուշին։ Հետագա տարիներին ԼՂԻՄ-ից անջատեցին ևս շուրջ 600 քառ․ կմ տարածք՝ արհեստականորեն մեկուսացնելով և զրկելով խորհրդային Հայաստանի հետ ցամաքային անմիջական կապից։
 
Ահա այսպիսի ճակատագիր ունեցավ Արցախը, ավելի ճիշտ՝ նրա հենքը հանդիսացող ԼՂԻՄ-ը մինչև 1988 թվական՝ մինչև արցախյան գոյապայքարի սկիզբ։
 
Ամփոփենք։
 
1921 թվականին Արցախի կորուստը անմիջականորեն հետևանք էր 1920 թվականի թուրք-հայկական պատերազմում մեր պարտության, որից անմիջապես հետո, մի քանի տարվա ընթացքում մեզ բզկտեցին։ Հայաստանի շուրջ 43-44․000 քառ․ կմ տարածքից մնաց 29․000-ը, իսկ Արցախի 8000 քառ․ կմ-ից մնաց 4400-ը։ Հաստատվեց յուրահատուկ ստատուս քվո՝ ԽՍՀՄ կազմում, որը խախտվեց 1988-ին՝ պատմական արդարության վերականգնման ձևով։
 
2020-2021 թվականներին Արցախի մեծ մասի կորուստը կրկին հետևանք էր պարտության։ Մեր տարածքները բզկտում են նաև այսօր։ Բայց այն տարբերությամբ, որ մենք 1988-ի ԼՂԻՄ-ից ներկա պահին չունենք Հադրութն ու Շուշին։ Փոխարենը ունենք աշխարհաքաղաքական ու ժամանակային առումով հեղեղուկ ստատուս քվո, որը, վաղ թե ուշ, կրկին պայթելու է։
 
Դարերի խորքից եկող պայքարը շարունակվելու է։
 
ՈՒզենք, թե չուզենք։
 
Ի վերջո, մեզնից (Հայաստան և Ադրբեջան) մնալու է միայն մեկը։ Հաղթողը մնալու է աշխարհի քաղաքական քարտեզի վրա, իսկ պարտվողը՝ միայն պատմության դասագրքերում»։