Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի ջազի փառատոնը` Yerevan Jazz Fest-2015-ը: Փառատոնը կազմակերպել է նորաբաց` Ջազի հայաստանյան ասոցիացիան:
Այսօր Երևան ժամանած երաժիշտները հանդիպեցին լրագրողների հետ: Ի դեպ, նախքան մամլո ասուլիսը, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես եկան կատարումներով` «Մոսկվա» կինոթատրոնի բակում:
Անվանի ու սիրված ջազմեն Լևոն Մալխասյանը նշեց, որ վերջապես երկարատև դադարից հետո Երևանում ջազի փառատոն է անցկացվում: Ըստ նրա` ճիշտ ժամանակն է, որպեսզի վերականգնվեն հին ավանդույթները, և Երևանը կրկին սկսի ջազ լսել: «Կարծում եմ` փառատոնը կնպաստի սրան, քանի որ շատ լավ են պատրաստվել փառատոնին»,- նշեց Մալխասյանը:
Հարցին, թե իրենց փոխարինողներ տեսնո՞ւմ է ջազի ոլորտում, պատասխանեց` շրջվեք և հետ նայեք: «Ահա այս երիտասարդ երաժիշտները, ովքեր թեև նոր-նոր են իրենց քայլերը սկսում ջազի ոլորտում, բայց արդեն պրոֆեսիոնալ հիմք ունեն: Ջազի ոլորտում մենք լավ սերունդ ունենք»,- ասաց երաժիշտը:
Իսկ ջազմեն Արմեն Թութունջյանը /Չիկո/ նշեց, որ Երևանը ջազի պատմության մեջ իր տեղն ունի և այնպես չէ, որ սա զուտ խոսքեր են: «Երևանը կա ջազային քարտեզին, այնպես չէ, որ մենք մեզ գովում ենք»,- ասաց նա:
Ըստ Թութունջյանի` փառատոնը կլինի մի նոր սկիզբ, որպեսզի լավ երաժշտությունն ավելի պոպուլյար դառնա, քանի որ ցածրորակ երաժշտությունը մեզանում, ցավոք, դեռ գերակշռում է:
Ջազի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն էլ հավաստիացրեց, որ փառատոնն ամենամյա բնույթ է կրելու, և իրենք օգնելու են, որպեսզի հայկական ջազը միջազգային ասպարեզում ներկայացնենք:
Ի դեպ, փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը: Փառատոնային երեք օրերին հայ հանդիսատեսի համար ելույթներով հանդես կգան Հայկական սիմֆոնիկ-ջազ նվագախումբը, Արցախի ջազ նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Նինո Կատամաձեն, Լորեն Ռոբինը, Աբրահամ Գումրոյանը, Արթուր Սաթյանը, Ռիչարդ Բոնան, Հյուբերտ Թաբսը, Մարիամ և Արմեն Մերաբովները, Էռնա Յուզբաշյանը, Արմեն Հյուսնունցը և այլք: