Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Էսօր առավոտ ժամը 9-ին 15 պակաս ձայն տվեցին, ասեցի` ներս եկեք, ասեց` չէ, դուրս կգա՞ք: Կարեն Կարապետյանն էր` մեն-մենակ` առանց շքախմբի, ախրանայի»,- «Երկիր»-ին պատմեց հրդեհից տունը կորցրած Արթուր Սարգսյանը:
Կորյունի 23 հասցեում բռնկված կրակից անտուն մնացած մարդիկ արդեն մեկ ամիս ապրում էին հենց այդ նույն տարածքում ամրացված վրանում: Երեկ վերջապես նրանց խնդրին փորձել է լուծում գտնել Երեւանի նոր քաղաքապետը:
Արթուրի խոսքերով` Կարեն Կարապետյանը դիմացի շենքի աստիճաններին է բարձրացել, վերեւից նայել այրված տներին, ուսումնասիրել է տեղանքը, հետո բնակիչներին ասել է, թե նրանք կարող են տուն վարձակալել. առաջիկա չորս ամիսների գումարը կվճարի քաղաքապետարանը:
Նրա գնալուց 20-30 րոպե հետո վրանաբնակներին են այցելել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը եւ քաղաքապետարանի շինվարչության պետ Ֆրունզե Բասենցյանը: Զրուցել են, քննարկել ու եկել են այն համաձայնությանը, որ բնակիչները հաջորդ օրվանից կսկսեն իրենց հարմար տուն փնտրել:
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացնում են նաեւ, որ չորս ամիս վարձակալությամբ ապրելուց հետո, խնդրին հիմնավոր լուծում է տրվելու: Նշվում է նաեւ, որ Կենտրոն վարչական շրջանի կողմից հատկացվել է վառելափայտ եւ հագուստ։
Արթուր Սարգսյանն ասաց, որ նոր քաղաքապետի այցից հետո իրենք սկսել են հավատել, որ խնդիրը լուծվելու է. «Ես տարա, ճանապարհեցի իրեն: Մեքենայում մենակ վարորդն էր: Ուղղակի շատ լավ տպավորություն թողեց մեզ վրա: Շատ լավ վերաբերմունք էր: Թող մյուս պաշտոնյաներն էլ նրա նման լինեն»: