Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկար ժամանակ հասարակության ուշադրության կենտրոնում էին Արագածոտնի մարզի Մելիքգյուղում կատարվող իրադարձությունները: Այնտեղ տարիներ շարունակ իր ավերիչ գործունեությունն է իրականացրել ամերիկյան «ԳլոբալԳոլդ» ընկերության դուստր ձեռնարկություն՝ «ՄեգոԳոլդ» ՍՊ ընկերությունը, որին Yerki.am լրատվական կայքը պարբերաբար անդրադարձել է: Մելիքգյուղցիները բազմիցս բարձրաձայնել են, որ վերոհիշյալ ընկերությանը հետաքրքրում է միմիայն իր շահույթը, իսկ իրենք անտեսված են թե՛մարզային եւ թե՛ Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող ընկերության ղեկավարների կողմից:
«Էկոլոգիական հասարակական դաշինքը» պատկան մարմիններին պարբերաբար ներկայացրել է իր կողմից արված բացահայտումներն այն մասին, որ «ՄեգոԳոլդ» ընկերությունը, որոշ լիազոր մարմինների կողմից տրված ամենաթողության մթնոլորտում, հանքավայրը շահագործում է ՀՀ օրենսդրության խախտումներով եւ միջնադարյան մեթոդներով՝ աղտոտելով համայնքի հողերը, դաշտերը, ջրերն ու մթնոլորտը, որպես հետեւանք' վնաս պատճառելով մարդկանց առողջությանը:
Այս ամենը, իհարկե, չէր բացահայտվի, եթե ամերիկյան հանքարդյունաբերողը «մեծ ջանքեր» չգործադրեր, որպեսզի կառավարությունն իրեն թույլատրեր Մելիքգյուղ համայնքի մերձակայքում կառուցել նոր՝ թվով երրորդ պոչամբարը, որը լինելու էր երկու անգամ ավելի մեծ (մոտ 7 հեկտար տարածք), քան 1-ին եւ 2-րդ պոչամբարներն էին միասին:
Ընկերությունն արդեն իսկ լեցուն երկու պոչամբարների ռեկուլտիվացիայի աշխատանքների մասին խուսափում էր խոսել, իսկ դա օրենքն է պահանջում, Նրանք պնդում են, թե այդ պոչամբարներից դեռ ոսկի ունեն կորզելու' դրանով իսկ ապացուցելով, որ իրենց հետաքրքրում է միայն ոսկի կորզելը, իսկ համայնքին հասցված վնասը նրանց չի հուզում:
Օրերս նորից Մելիքգյուղում էինք, առիթը գյուղացիների անհանգստությունն էր, որ Թուխմանուկի հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցման վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելու' օրենքով սահմանված ժամկետը վաղուց լրացել է, սակայն նախարարությունը, խախտելով օրենքի պահանջը, մինչ օրս որևէ եզրակացություն չի տրամադրում:
Դեռ մեկ ամիս առաջ բնապահպանության արդեն նախկին նախարար Արամ Հարությունյանին ուղարկված հարցմանն ի պատասխան ԲՆ աշխատակազմի ղեկավարը 15.05.2014թ.-ին պատասխանել է, որ «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն դիմել է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին եւ խնդրել փորձաքննական եզրակացության տրամադրումը հետաձգել, եւ որ փորձաքննական եզրակացությունը կտրվի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Նման պատասխանն առնվազն անհասկանալի ու անընդունելի է, քանի, որ ՀՀ օրենսդրությամբ փորձաքննական եզրակացության տրամադրումը հետաձգելու մեխանիզմներ սահմանված չեն, պատասխանի տրամադրման պահին արդեն իսկ խախտվել են փորձաքննական եզրակացության տրամադրման համար օրենքով սահմանված ժամկետները:
Հարուցվել է քրեական գործ
Մի շարք բնապահպանական ՀԿ-ներ տարբեր խողովակներով իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին եւ ՀՀ նախագահից, վարչապետից (նախկին), գլխավոր դատախազից (նախկին), Ազգային անվտանգության ծառայության պետից պահանջեցին, որպեսզի վերջ տրվի տարիներ շարունակ այս հանքավայրում եւ հարակից Մելիքգյուղում տիրող ապօրինություններին:
Օրեր առաջ պարզվեց, որ տեղում կանգնած սայլը սկսել է տեղից շարժվել, և ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ի կողմից Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման առնչությամբ: Այն քննվում է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական ծառայության կողմից: Ըստ մեր տեղեկությունների` նաեւ հարկային մարմիններն են հետաքննություն իրականացնում` կապված հարկերից չարամտորեն խուսափելու եւ ոսկու իրական ծավալների կորզման հետ:
Գործը հարուցվել է, սակայն շահագրգիռ գերատեսչություները պետք է զգոն լինեն, որպեսզի այս գործընթացում գոյացած ծանր քարը չգլորվի իրենց վրա:
Ո՞րն է ինտրիգը
Հիշեցնեք, որ «Մեգո-Գոլդը» («Գլոբալ Գոլդ») երրորդ պոչամբարի համար դիմում է երկրորդ անգամ: Առաջին անգամ' 2012թ.-ին, անցնելով փորձաքննության բոլոր փուլերը, այսպես կոչված' նախագիծը մերժվում է ԲՆ-ի կողմից: Որոշ ժամանակ անց «Մեգո-Գոլդը» կրկին է դիմում, դարձյալ մերժվում թե' համայնքի և թե' մասնագետների կողմից, այդ թվում' նախարարության մասնագիտական եզրակացությունն է բացասական, սակայն ընկերությունն ամեն գնով ջանում է, որպեսզի այդ եզրակացությունը չհրապարակվի:
Գաղտնիքն այն է, որ ս.թ. հունիսի 20-ին տեղի է ունենալու «Գլոբալ Գոլդ» ընկերության բաժնետերերի ժողովը, օրակարգում ընկերության տնօրենների վերընտրության հարցն է:
Ըստ կարգի' տնօրենները ներկայացնում են գործունեության վերաբերյալ հաշվետվություններ: Տեղեկատվությունը Հայաստանի հանքերի մասով այնքան է խեղաթյուրված, որ դա թողնում ենք մեր ընթերցողին, յուրաքանչյուր կետին մանրամասն անդրադարձ կա թե՛ մեր հոդվածներում եւ թե՛ այս հղման մեջ. http://www.globalgoldcorp.com/filings/pdf/097_20131231_10K.pdf:
Հաշվետվության բնապահպանական մասից տեղեկանում ենք, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերում ընկերությունը դրսեւորել է բացառիկ «պատասխանատու հոգատար» վարքագիծ, իսկ մի խումբ անհատներ կեղծ տեղեկատվություն են տարածել, սակայն դա որևէ իրավական հետեւանք չի ունեցել:
Հերթական սուտ եւ ստոր պահվածքը ամերիկյան ընկերության կողմից, որն իր սուտ քաղաքականությամբ փորձում է թոզ փչել և առաքինի երևալ:
Ուշագրավ է անգամ հունիսի 20-ին վերընտրվելիք տնօրենների կազմը`
Դրուրի Գալաղեր- 3,555,786 (4.07%) բաժնետոմսեր,
Վան Կրիկորյան - 5,575,000 (6.39%) բաժնետոմսեր,
Նիկոլաս Այնիլյան - 3,003,873 (3.44%) բաժնետոմսեր,
Յան Հյունգ- 33,931,748 (38.88%) բաժնետոմսեր եւ այլն:
Վերընտրման է ներկայացված նաեւ Հարի Գիլմորը, ով ԱՄՆ առաջին արտակարգ և լիազոր դեսպանն էր Հայաստանում (1992-1995թթ.), և ով այս պահին ԳԳՄ տնօրենն է:
Գալուստ ՆԱՆՅԱՆ