Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Պալե դե Շայոն պալատում ստորագրվեց Մարդու իրավունքների հռչակագիրը: 1950 թ. Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ եւ կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես մարդու իրավունքների միջազգային օր: Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով. աշխարհում ոչ մի այլ փասթաթուղթ չի թարգմանվել այդ քանակությամբ լեզուներով:
«Մարդու իրավունք» հասկացությունը շրջանառության մեջ մտավ 1789-ին՝ Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխությունից հետո: Այսօր այն նոր ու առավել ամբողջական բովանդակություն է ստացել՝ հիմքում պահպանելով գլխավորը՝ մարդ ծնված օրից օժտված է անքակտելի իրավունքներով։
Արդյո՞ք մարդու անքակտելի իրավունքներից, ասենք՝ կյանքի կամ արժանապատվության իրավունքը պաշտպանված է Հայաստանում ոչ միայն օրենքով, այլ նաեւ օրենքի կիրառմամբ:
«Հայաստանում խոսել մարդու իրավունքների պաշտպանությունից` նշանակում է խոսել միայն խախտումների մասին»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ նրա, գաղտնիք չէ, որ Հայաստանում օրենք խախտողները հովանավորվում են օրենքի պաշտպաների կողմից: «Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարվում են, քանի որ ենթական ու վերադասը միմյանց նկատմամբ անկեղծ չեն»,- կարծում է Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդական Ռուստամ Մախմուդյանը: Նրա պնդմամբ, քանի դեռ ենթական ղեկավարից թաքցնում է բացասական երեւույթներն ու դեպքերը, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսք անգամ լինել չի կարող: Իսկ իրավապաշտպան Էդմոն Մարաքյանի համոզմամբ, մեր երկրում ավելի շատ գործում է կրիմինալ օրենքը, քան` իրավական մեխանիզմը: Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին. գուցե շենքային պայմանները բարելավվում են, բայց դրանց ներսում մթնոլորտը, հարաբերությունները չեն փոխվում: «Մինչև 2008թ. բարեփոխումներ կատարվել են քրեակատարողական հիմնարկներում, բայց 2008թ. մարտի 1-ից հետո, միգուցե գերծանրաբեռնվածության պատճառով, չեմ նկատում փոփոխություններ: Իսկ «նախնական կալանք» արատավոր երեւույթը դեռ շարունակվում է կիրառվել: Շատ են դեպքերը, երբ սանկցիան սահմանում է տուգանք, բայց դատարանը կալանք է նշանակում»,- ասաց Մարաքյանը:
Արթուր Սաքունցը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք շարունակելու են խախտումներ արձանագրել եւ վկայություններ տալ խախտումների վերաբերյալ: Ըստ նրա, չկա մի կետ, որին հասնելուց հետո՝ ասես, որ այսուհետ մարդու իրավունքներն էլ չեն խախտվելու: Հարցի լուծման համար կա երկու կողմ. հասարակական պահանջ եւ քաղաքական կամք: Եթե քաղաքական կամք չկա, նշանակում է` հասարակական պահանջը մշտապես պետք է զարգացվի` գործն անընդհատ զարկերակի վրա պահելու համար: «Չսպասեք, որ Եվրամիությունը, Եվրախորհուրդը, Պուտինը կամ Սերժ Սարգսյանը պետք է սկուտեղի վրա հրամցնեն ձեր իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը: Կախարդական բանալի չկա»,- ասաց Սաքունցը եւ հավելեց՝ «Քաղաքացին մեղավոր է այնքանով, որ հաշտվում է իր արժանապատվության նվաստացման հետ»:
Չնայած մեր քաղաքացիները օրենքներին իրավազեկ չեն, ինչպես կարծում է Արթուր Սաքունցը, բայց եթե անգամ բոլորը դառնան իրավաբաններ, խնդիրը կրկին չի լուծվի, որովհետեւ, ինչպես ասում են՝ շան գլուխն այլ տեղում է թաղված: