կարևոր
5914 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-24 20:19
Հասարակություն Արցախ

«Շան գլուխը թաքնված է Հայաստանի իշխանություններում». Մոսիյանը՝ Հակարիի կամուրջը փակելու մասին

«Շան գլուխը թաքնված է Հայաստանի իշխանություններում». Մոսիյանը՝ Հակարիի կամուրջը փակելու մասին

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելը եռակողմ համաձայնագիրը ստորագրած կողմերի պայմանավորվածությունների անարգում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

«Երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ինչ-որ բան է ասում, ապա երկու օր անց մի բան կատարվում է կամ Հայաստանում, կամ Արցախում: Տպավորություն է, որ Նիկոլն ու Ալիեւը ձեռք ձեռքի տված են այս ամենն անում: Երբ Փաշինյանն Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին էր ակնարկում Ադրբեջանն էլ ասում է՝ դե ես էլ իմ ու քո սահմանին անցակետ եմ դնում. շան գլուխը թաքնված է Հայաստանի իշխանություններում: Ալիեւն ու Փաշինյանը Արցախի հարցում խոսում են լույն լեզվով: Այս դավադիր ծրագիրն իրականացնելու համար է Փաշինյանը բերվել իշխանության»,- նշեց Մոսիյանը:

Նրա խոսքով՝ այդ կամրջի փակումն Արցախի համար կունենա ողբերգական հետեւանքներ.  «Նրանք նպատակ ունեն Արցախը հայաթափելու»:

Արթուր Մոսիյանը նշեց՝ պատասխանատվությունը միայն ռուսական կողմի վրա գցելը սխալ է, եւ, որ այստեղ ոչ թե ռուսական կողմը պետք է քայլեր ձեռնարկի, այլ Հայաստանի իշխանությունները.

«Այն, որ ռուս խաղաղապահները ունեն թերություններ, դա փաստ է, բայց մենք պետք է հասկանանք, որ ռուսը չի կարող ավելի հայ լինել, քան հայը: Նիկոլ Փաշինյանի եւ իր վարչախմբի նմանօրինակ պահվածքը հանգեցրել է, հանգեցնում է եւ ապագայում էլ հանգեցնելու է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար ողբերգական հետեւանքների: Այդ հարցը վերաբերում է ոչ միայն Արցախին, այլ նաեւ Հայաստանին»:

Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին  ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:

Աղբյուրը՝ NEWS.am